«Կարծում եմ, դրանք բացարձակապես ՀՀ գլխավոր դատախազի կողմից արվելիք հայտարարություններ չէին: Դատախազը պաշտոնատար անձ է եւ ունի իր լիազորությունները, որոնց մեջ, եթե չեմ սխալվում, չի մտնում արտաքին քաղաքականությունը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպես եք վերաբերվում վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Թուրքիայի նկատմամբ հնչեցրած պահանջատիրական հայտարարություններին, ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Պարոն Իշխանյանը կարծում է, որ ՀՀ գլխավոր դատախազի՝ նման բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից հնչած հայտարարությունները կարող են միջազգային ասպարեզում լուրջ գնահատականների տեղիք տալ եւ տպավորություն ստեղծել, որ պահանջատիրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մաս է կազմում: «Եթե իսկապես այդպես է, ապա այդ մասին պետք է ասվեր հանրապետության նախագահի կողմից: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ դրա լավ կամ վատ կողմերին: Ես կցանկանայի, որ այդ հարցին պատասխաներ ՀՀ արտգործնախարարը՝ համաձա՞յն են իրենք գլխավոր դատախազի հայտարարության հետ, թե՞ ոչ, քանի որ դա լուրջ միջազգային սկանդալ կարող է դառնալ»,- ասաց պարոն Իշխանյանը:
Թե ինչո՞ւ գլխավոր դատախազը որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, ըստ մեր զրուցակցի, պատճառը հետեւյալն է. «Արձանագրությունների ֆիասկոյից հետո, ՀՀ իշխանությունները մի ծայրահեղությունից ընկան մյուս ծայրահեղության մեջ: Ռեւերանսներ Թուրքիային, նախապայմանների առկայության պարագայում ու ֆիասկո: Բայց համարձակություն չեղավ ինչ-որ բան առաջին դեմքով ասելու: Կարծես թե, հիմա փորձում են Թուրքիային հաթաթա տալ: Եվ առաջինն էր սխալ, երկրորդն՝ ավելի սխալ է»:
Ավետիք Իշխանյանի համար այս իրողությունն անհասկանալի է այն առումով, որ Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել իր առջեւ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները լավացնել, մինչդեռ կամաց-կամաց անցնում են նախապայմանների լեզվին, ինչը հակասում է հենց իշխանության սկզբունքներին:
Կարդացեք նաև
Երեկ Aravot.am-ը փորձեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունները ստանալ գլխավոր դատախազի հայտարարությունների վերաբերյալ: Ինչպես նաեւ, տեղեկանալ, թե ինչո՞ւ մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել գլխավոր դատախազի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքեց: Պարոն Մնացականյանը, սակայն, տեղյակ չէր Աղվան Հովսեփյանի հայտարարությունից ու ձեռնպահ մնաց որեւէ բան ասելուց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նելի ջան, ինձ հետաքրքրում է հայտարարությունից հետո դեռ 10 րոպեն չի անցել: