Արդեն 5-րդ օրն է՝ Ազատության հրապարակում ազատամարտիկները հացադուլ են անում: Նրանք արդեն դիմել են վարչապետին, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին ու ներկայացրել իրենց պահանջները, որոնք հիմնականում սոցիալական բնույթի են:
«Ազատամարտիկների պահանջները վերաբերում են սոցիալական հարցերին` բուժսպասարկմանը, թոշակներին, ինչպես նաեւ պահանջում ենք կառավարությունից ընդունել կամավոր ազատամարտիկի կարգավիճակի մասին օրենքը: Այդ օրենքի ընդունումը մեզ արդեն ոչինչ չի տա: Դա ապագա սերնդի համար է: Չնայած համոզված եմ, որ պատերազմ չի սկսվի, բայց եթե անգամ պատերազմ լինի, այսօրվա զինվորը կիմանա, որ կա օրենք, որ իրեն կպաշտպանի եւ ստիպած չի լինի մեզ նման այստեղ նստել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Գնդապետը դեռ չի բարձրաձայնում անձամբ իր պահանջները. «Ես վարչապետի պատասխանից հետո կներկայացնեմ եւ կասեմ` թե ուր եմ գնում եւ ինչ եմ ցանկանում»:
Հացադուլի մասնակից 80-ամյա Արեւհատ Մարտիրոսյանը պահանջում է, որ իրենց մարտական ընկերը` Սեյրան Օհանյանը գա Ազատության հրապարակ եւ տեսնի, թե ինչ վիճակում են գտնվում ազատամարտիկները:
«Ես ուզում եմ, որ պարոն նախարարը գա եւ տեսնի, թե ինչպես են տղաները արեւի տակ վառվում: 5 տարի կռվի դաշտում արյուն ենք թափել, որ այսօր ոչ մի արդյունքի չհասնե՞նք: Քսան տարի է տնակում եմ ապրում: Երեք տարվա ընթացքում երեք դիակ եմ տնից հանել»-ասում է տիկին Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Արեւհատ Մարտիրոսյանի խոսքերով, մինչեւ վերջ լինելու է ազատամարտիկ տղաների կողքին. «Արդեն 5-րդ օրն է հացադուլ եմ անում եւ շարունակելու եմ անել: Իմ դիակն այստեղից են տանելու, որ բոլորն ամաչեն»:
Հացադուլավոր ազատամարտիկներն այսօր ժամը 3:30-ին հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ