Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյան. «Ավագանին էլ պետք է խորհրդարանի նման պրոֆեսիոնալ լինի»

Հուլիս 17,2013 14:22

Պրոֆեսիոնալ ասելով տիկին Բախշյանը նկատի ունի աշխատանքի բնույթը, եւ ոչ թե այսօրվա խորհրդարանականների «պրոֆեսիոնալ» որակները

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը միտումնավորություն է տեսնում նրանում, որ, համաձայն օրենքի, ավագանին աշխատում է հասարակական հիմունքներով: Ըստ այսօր «Հայացք» ակումբին հյուրընկալված տիկին Բախշյանի՝ այդպես են արել, որպեսզի ավագանու անդամները չկարողանան ամբողջությամբ նվիրվել իրենց գործունեությանը: Նա կարծում է, որ պետք է օրենսդրական փոփոխություն անել եւ Երեւանի ավագանին դարձնել պրոֆեսիոնալ, որպեսզի առավոտից մինչեւ գիշեր ավագանու անդամները քաղաքապետարանում կամ քաղաքի տարբեր մասերում կարողանան գործունեություն ծավալել: Նախկինում ավագանու անդամները՝ աշխատավարձի փոխարեն «մի կտոր հողատարածք կամ մի կրպակ» են ստացել եւ աչք փակել քաղաքապետարանի գործունեության վրա: Բայց այժմ «Բարեւ Երեւանը» պատրաստվում է օրենքի փոփոխության առաջարկ ներկայացնել:

Եթե ավագանին հասարակական հիմունքներով է աշխատում, դա չի նշանակում, որ քաղաքապետարանում հսկայական գումարներ չեն ծախսվում աշխատակազմի վրա: Միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանին «սպասարկող անձնակազմը»՝ տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ եւ գործավարներ՝ 17 հոգանոց է: Քաղաքապետարանում՝ առանց վարչական շրջանների, 462 մարդ է աշխատում: «Ես չեմ ասում՝ ուռճացված է, թե ուռճացված չի այս անձնակազմը: Ես այլ կերպ եմ դնում հարցադրումը՝ եթե ոլորտ առ ոլորտ քաղաքապետն ունի տեղակալներ, խորհրդականներ եւ օգնականներ, մեր նամակներին ինչո՞ւ չեն այդ ոլորտի պատասխանատուները պատասխանում կամ կոնկրետ խնդրով զբաղվող վարչությունների պետերը, այլ պատասխանում է ինչ-որ մի կազմակերպչական բաժնից մի աղջիկ: Անկախ հարցի բնույթից, բոլոր պատասխանների տակ նրա անունն է: Հիմա եթե ես ուզում եմ գնալ կոնկրետ խնդրի հետեւից, կոնկրետ հարցի լուծում ստանալ, այդ նամակների հետեւում չկա պատասխանատու, բոլորը գալիս են մի կետից, որպեսզի մաքրվեն հետքերը»:

Իսկ նամակները շատ են: Իր գործունեության սկզբից արդեն 43 նամակ է «Բարեւ Երեւանը» հղել քաղաքապետին՝ տարբեր հարցերի շուրջ: Այդ 43 նամակներից 32-ին արդեն պատասխան է եկել՝ շատ արագ, բայց ոչ շատ ինֆորմատիվ: «Ժամացույցի պես պատասխանում են, բայց թող մի քիչ ուշ պատասխանեին ու բովանդակություն լիներ մեջը»,-ասաց Անահիտ Բախշյանը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031