Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները:
Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի ևս 14-ով: Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, զուգահեռ նաև արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվում: Զարգացման տարեկան ծրագրից զատ, լրացուցիչ ծրագրով ևս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաև երկրորդական 6 փողոց:
Երևանի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում այս տարի նորովի մոտեցում կցուցաբերվի Լենինգրադյան փողոցը Իսակովի փողոցային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու լուսավորման հարցում: Նոր ավտոճանապարհը կլուսավորվի LED տեսակի լուսադիոդային լուսատուներով, որոնք ապահովում են ինչպես անհրաժեշտ նորմերին համապատասխանող լուսավորություն, այնպես էլ էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերի խնայողության հնարավորություն են տալիս:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն