Ադրբեջանցի զինյալները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի լույս 17-ի ողջ գիշերը միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում երթեւեկել են ոչ թե սահմանին մոտ ձգվող միջպետական, այլ սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող լեռնային ճանապարհով: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեզ հայտնեց, որ իր տվյալներով՝ հուլիսի 16-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Բաղանիսի տարածքում ադրբեջանցի զինյալները կրակ են բացել հայ սահմանապահների դիրքերի վրա: Դրանից հետո, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները Բաղանիս գյուղ ժամանելով ՝ փակել են միջպետական մայրուղով երթեւեկությունը, քանզի վտանգ կար, որ ադրբեջանական զինյալները կարող էին գնդակոծել մայրուղով երթեւեկող ավտոտրանսպորտը: Հուլիսի 17-ի ժամը 10-ից միջպետական ճանապարհով երթեւեկությունը վերսկսվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ