Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ ապագայում Հունաստանում ու Իտալիայում հակահայ նախաձեռնությունների պակաս չի լինի

Հուլիս 17,2013 14:17

ԵՄ-ի «Հարավային միջանցք» նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Արեւելքից ստացվող էներգակիրների աղբյուրներն ու հաղորդակցության ուղիները: 2000-ականներին նախատեսվում էր այս ծրագիրն իրականացնել «Նաբուկկո» նախագծի միջոցով: Ենթադրվում էր Ադրբեջանի տարածքից սկիզբ առնող գազատարով Կասպից ծովի ավազանից  գազ  տեղափոխել Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի տարածքով մինչեւ Գերմանիա: Ավելի ուշ պարզվեց, որ «Նաբուկկո»-ի իրականացումը զուտ տնտեսապես արդարացված չէ. չգտնվեց անհրաժեշտ քանակությամբ գազ, որ հնարավոր լիներ բավարարել գազամուղի նախագծային թողունակությունը:

Տարեկան մինչեւ 30 մլրդ խորանարդ մետր գազի տեղափոխման համար նախագծված խողովակաշարի նախնական՝ 8 մլրդ եվրո արժողությամբ տարբերակը ենթադրում էր, որ Ադրբեջանից բացի (որը կարող էր սպասարկել նախատեսված պահանջարկի մեկ երրորդը)՝ գազ կմատակարարեն նաեւ Թուրքմենստանը ու, հնարավոր է, նաեւ միջինասիական այլ երկրներ: Սակայն Կասպից ծովի կարգավիճակի հարցն ու Ռուսաստանի ազդեցությունն ի չիք դարձրին Անդրկասպյան խողովակաշարի ծրագրերը, եւ պարզ դարձավ, որ միայն Ադրբեջանի ռեսուրսների վրա հույս դնելով՝ ներդրումները խիստ ռիսկային են դառնում:

Նախագիծը փրկելու համար դրա հեղինակները որոշեցին գազ որոնելու հարցում գնալ այլ ուղղությամբ. որոշվեց Թուրքիայի տարածքից առանձին ճյուղով գազատարը հասցնել Իրաք եւ (ենթադրաբար) Իրան: Այս երկրների հետ կապված՝ զուտ քաղաքական խնդիրները արդարացիորեն լուծելի էին դիտվում: Սակայն շուտով պարզվեց, որ նախագիծն այդ ձեւով իրականացնելը եւս ռիսկային է, քանի որ ծախսերը հասնելու էին մինչեւ 14 մլրդ եվրոյի: Արդյունքում նախագծի մասնակիցները հերթով սկսեցին հրաժարվել այն իրականացնելու մտքից. սկզբում՝ Գերմանիան ու Հունգարիան, իսկ հետո նաեւ՝ Թուրքիան:

Թվում էր՝ «Հարավային միջանցքը» վտանգի տակ է, առավել եւս՝ դրան զուգահեռ Ռուսաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում էր դեպի Եվրոպա հաղորդուղիները եւ փաստացի սկսեց իրացնել «Հարավային հոսք» անվանում ունեցող  խողովակաշարի կառուցումը:

Բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ադրբեջանական գազն, այնուամենայնիվ, կհասնի Եվրոպա, ընդ որում՝ ռուսական կոմունիկացիաներից անկախ: Դրան նպաստում է մի շարք ավելի փոքր նախագծերի իրականացումը, որոնք, ըստ ամենայնի, մոտ ապագայում կգործարկվեն: Դրանցից առաջինը Անդրանատոլյան խողովակաշարն է՝ ԹԱՆԱՓ-ը (Trans Anatolian Pipeline – TANAP): Այն նախատեսում է խողովակաշարի կառուցում, որը կձգվի Թուրքիայի ողջ տարածքով՝ հնարավորություն ընձեռելով երկրի արեւելքից գազ արտամղել դեպի արեւմուտք:

Ինչ վերաբերում է Բալկաններին, ապա այստեղ նախատեսվում են երկու գազատարներ: Դրանցից մեկը «Նաբուկկո-Վեստ»-ն է՝ «Նաբուկկո» նախագծի կարճ տարբերակը: Նախնական տարբերակից այն երեք անգամ ավելի կարճ է եւ, սկսվելով թուրք-բուլղարական սահմանից, հատում է Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի տարածքն ու հասնում Ավստրիա:

Բալկաններում երկրորդ գազատարը Անդրադրիատիկյան խողովակաշարն է՝ ԹԱՓ-ը (Trans Adriatic Pipeline – TAP): Սկսվելով թուրք-հունական սահմանից, Հունաստանի, Ալբանիայի տարածքով անցնելով՝ գազատարն, ըստ նախագծի, հատելու է Ադրիատիկ ծովն ու հասնի Իտալիա:

Վերջին երկու նախագծերն, ըստ էության, մրցակիցներ են, քանի որ երկուսի լիցքավորման համար էլ միակ երաշխավորված աղբյուրն ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրի երկրորդ հերթն է: Ըստ էության, Եվրոպան եւ անգամ ողջ Արեւմուտքը վերջին շրջանում լռելյայն հետեւում էին, թե ինչ որոշում կկայացնի Բաքուն եւ ում կտա նախապատվությունը: Ի վերջո՝ մոտ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 25-ին, «Շահ դենիզ» հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերը հայտարարեցին, որ նախապատվությունը տալիս են ԹԱՓ-ին:

Թե ինչո՞ւ նման որոշում կայացվեց՝ մասնագետները չեն մեկնաբանում: Նշվում են մի շարք տնտեսական գործոններ, սակայն բոլորն էլ համակարծիք են մի հարցում՝ որոշումը քաղաքական է եւ կայացվել է եթե ոչ պաշտոնական Բաքվի կողմից, ապա նրա հորդորով: Որոշման առիթով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անգամ Ադրբեջանին շնորհավորանք է հղել:

Անգամ «Շահ դենիզը» շահագործող կոնսորցիումի նախագահը հայտարարել է, որ ընտրությունը կատարվել է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական չափանիշներով: Թե քաղաքական ի՞նչ չափանիշների մասին է խոսքը՝ մնում է միայն գուշակել:

Մեր դեպքում կարեւորն այն է, որ արդեն մոտ ապագայում ադրբեջանական գազը կիրացվի Հարավային Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում, Ալբանիայում եւ Իտալիայում: Եվ եթե հաշվի առնենք ադրբեջանական նավթից ունեցած բացասական փորձը, պետք է անակնկալի չգալ գազի էֆեկտից. կասկած չկա, որ մոտ ապագայում Հունաստանում ու Իտալիայում հակահայ նախաձեռնությունների պակաս չի լինի, եւ Հայաստանը դրանք հակակշռելու խնդիր է ունենալու՝ բոլոր այն հարթություններում, որոնք համահունչ են մեր ռեսուրսներին, ասենք՝ քաղաքական, դիվանագիտական, մշակութային եւ այլն: Սա նոր մարտահրավեր է լինելու պետական ինստիտուտների համար, առավել եւս՝ դիվանագիտության կորպուսի:

ՄՈՎՍԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031