Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրյուսելում հումորն ավելի լավ են հասկանում, քան Մոսկվայում»

Հուլիս 17,2013 14:11

Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը:

– Իր անկախության 20-ամյա պատմության ընթացքում Հայաստանը  կոմպլեմենտար քաղաքականություն է վարել, ինչը արդեն կարծես թե անհնարին է դառնում, քանի որ մի կողմից՝ բավականին ակտիվ բանակցություններ են ընթանում ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, մյուս կողմից՝ ստեղծվելիք Եվրասիական միության խնդիրն է կանգնած: Ձեր կարծիքով՝ Հայաստանը ներկայումս ընտրության խնդիր ունի՞:

– Ես համոզված եմ, որ դա խնդիր չէ Հայաստանի համար, որը պետք է հիմա գործի դրվի: Բայց, իհարկե, եթե Հայաստանը ստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը եւ Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանն այն իրադրության մեջ կհայտնվի, որ արդեն պետք է ընտրի, թե ո՞ր արժեքներն է իրականում դավանում՝ ԵՄ-ի՞, թե՞ Եվրասիական միության: Միաժամանակ, դժվար է ասել, թե ինչ կլինի, ասենք, հինգ տարի հետո, քանի որ Մաքսային միությունը սկսում է ավելի նմանվել եվրոպական ստանդարտներին: Եվ եթե անդրադառնանք կոնկրետ բիզնես ոլորտին՝ Մաքսային միությունը՝ ի դեմս Բելառուսի, Ղազախստանի եւ ՌԴ-ի, ձգտում են Եվրոպայի հետ համագործակցել: Ուստի հնարավորություններ կան, որ Մաքսային միությունը շատ ավելի մոտ լինի եվրոպական ստանդարտներին:

Իհարկե, դժվար է ընտրություն կատարել, քանի որ երբ որ ԵՄ-ն է առաջարկներ կատարում, այս դեպքում, կոպիտ ասած, դու պետք է վճարես դրանց դիմաց, մյուս կողմից էլ՝ այլ առաջարկներ են հնչում: Բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ այս պահին ԵՄ-ն չի նեղում Հայաստանին՝ որեւէ ռազմավարական որոշում կայացնելու համար:

– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում անցած մեկ տարում ԵՄ տարբեր չինովնիկների կողմից հնչած այն կոշտ հայտարարությունները, երբ խոսք էր գնում Մաքսային միությանը եւ ստեղծվելիք Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին:

– Իմ ասածը կոնֆլիկտի մեջ չի մտնում այդ հայտարարությունների հետ: Իհարկե, անհնար է միաժամանակ երկու տարբեր միությունների անդամակցել: Բայց եթե Հայաստանը լինելու է ԵՄ ասոցացված անդամ, դա չի նշանակում, որ նա թշնամի է դառնալու Ռուսաստանի հետ: Միաժամանակ, եթե Հայաստանը դառնա ԵՄ ասոցացված անդամ, պետք է շարժվի եվրոպական չափանիշներին համապատասխան: ԵՄ-ն չի կարող գնալ կոմպրոմիսի, քանի որ, ասենք, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ եւ ՌԴ-ից ջուր գնի, որը Հայաստան կներմուծվի առանց հարկերի, միաժամանակ, Հայաստանը չի կարող համագործակցել ԵՄ-ի հետ ու այդ նույն ջուրը գնել-վաճառել առանց հարկերի: ԵՄ-ի եւ Մաքսային միության միջեւ, իհարկե, քաղաքական խնդիր կա, բայց նաեւ տեխնիկական հարցերն էլ են խոչընդոտ: Հայաստանը՝ այո, պետք է ընտրություն կատարի, բայց Բրյուսելում հասկանում են, որ դա բարդ խնդիր է, եւ հիմա դժվար է կատարել այդ ընտրությունը:

– Հայաստանն ունի ԼՂ-ի չկարգավորված խնդիր: ԵՄ-ի ասոցացված անդամ լինելը որքանո՞վ կնպաստի խնդրի խաղաղ կարգավորմանը:

– ԼՂ-ն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում մաս չի կազմել եւ չի մասնակցել բանակցություններին: Դա նշանակում է, որ ԼՂ-ն մաս չի կազմելու այդ պայմանագրին: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ ԵՄ-ն չեն կարող այդ համաձայնագրի շրջանակներում լուծել այդ հարցը:

– Նկատի ունեմ Հայաստանի՝ ԵՄ ասոցացված անդամ լինելը որքանո՞վ կարող է նպաստել, որ պատերազմական գործողություններ չզարգանան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Բանակցությունների ընթացքում այդ կոնֆլիկտն ընդհանրապե՞ս չի արծարծվում:

– Բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Բրյուսելի միջեւ. ես չեմ կարող ասել՝ այդ հարցի շուրջ խոսակցություններ Բրյուսելում ընթացե՞լ են, թե՞ ոչ: Բայց, ինչպես նշեցի, վերջնական կետում, այսինքն՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ոչ մի կերպ կապված չէ այդ խնդրի եւ նրա հանգուցալուծման հետ:

– Մի առիթով Դուք հումոր արեցիք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը, Չեխիայի նման, հնարավորություն է ստանում միշտ ինչ-որ մեկին մեղադրել նրա համար, որ ձյուն է գալիս: Ասացիք՝  ժամանակին դա Վիեննան էր, ապա Մոսկվան, այժմ՝ Բրյուսելը: Եթե պիտի փորձենք զուտ մեղավորներ փնտրել՝ ի՞նչ տարբերություն՝ դա կլինի Վիեննա՞ն, Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը:

– Կարեւոր տարբերություն կա՝ Բրյուսելում հումորն ավելի լավ են հասկանում, քան Մոսկվայում:

– «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի»՝ վերջերս կազմակերպած մի քննարկման ժամանակ, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, Դուք հիշեցիք  Չեխիա-Գերմանիա՝ ժամանակին բավականին ցավոտ հարաբերությունների պատմությունը: «Չեխերը որոշեցին, որ այլ ճանապարհ չկա, քան վերադառնալ Եվրոպա: Արդյունքները ապշեցուցիչ են: Այսօր մենք ունենք ԱԳՆ փոխնախարար, որը շատ սիրելի եւ ընկալելի մարդ է չեխ հասարակության կողմից եւ սերում է գերմանական ընտանիքից: Պատմությունը շատ կարեւոր դեր կարող է խաղալ, մենք ունենք չեխ-գերմանական հանձնաժողով, որի մեջ ոչ մի քաղաքական գործիչ չի մտնում: Պատմաբաններն են աշխատում եւ բացում են մեր հարաբերությունների շատ ցավոտ էջերը ու ներկայացնում բոլորին: Դրա համար տարիներ են անհրաժեշտ: Արեք դա: Դա կօգնի»՝ ասացիք: Մինչդեռ, հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի գոյությունը սվիններով ընդունվեց հայկական ընդդիմության կողմից:

– Չեխիայի եւ Գերմանիայի պարագայում հանձնաժողովն աշխատեց բավականին արդյունավետ եւ առանց քաղաքական ազդեցության: Ճիշտ է, հեշտ գործընթաց չէր, այն տեւեց 20 տարի, բայց դա օգտակար էր նաեւ խաղաղության ու հանրային քննարկումների համար: Հանձնաժողովի անդամները հասան նրան, որ երկու հասարակությունների միջեւ ընկերական, փոխըմբռնման մթնոլորտ էր ստեղծվել: Եվ երբ մարդիկ հարցեր էին տալիս այն մասին, թե ի՞նչ են արել գերմանացիները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, կամ չեխերը՝ դրանից հետո, այդ հարցերին պատասխանում էին ոչ թե քաղաքական գործիչները, որոնք իրենց նպատակներն ու շահերը ունեն, այլ պատմաբանները, փորձագետները, ովքեր ավելի օբյեկտիվ ու համապարփակ էին պատասխանում:

– Չեխիայի առջեւ Գերմանիան էր, որը պատրաստ է ընդունել, որ իր երկրի երբեմնի ղեկավարները ցեղասպանություն են գործել, իսկ Հայաստանի առջեւ Թուրքիան է, որը, ինչպես նաեւ դուք նկատեցիք այդ քննարկման ժամանակ, առանձնապես հույսեր չի ներշնչում. այս պայմաններում Թուրքիայի հավակնությունները՝ ԵՄ անդամության մասով, որքանո՞վ կարող են փոխել այդ պետությունը:

– Չգիտեմ, բայց ես համոզված եմ, որ Եվրոպական միությունը պատրաստ է քարոզել եւ առաջ տանել բաց քննարկումներ, որոնք կբերեն նրան, որ այդ վերքերը կբուժվեն: Ես հասկանում եմ, որ իրավիճակը Հարավային Կովկասում շատ ավելի բարդ է, քան Կենտրոնական Եվրոպայում է, բայց ես համոզված եմ, որ այս մեթոդը կարող է օգնել:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031