Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի գազալցակայանների աշխատանքները կկասեցվե՞ն

Հուլիս 17,2013 14:03

Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է տուգանել եւ կասեցնել առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանները

2008 թվականին, երբ կառավարությունը որոշում ընդունեց հանրապետության բոլոր գազալցակայաններում տեղադրել բաշխիչ աշտարակներ, սա պիտի բացառեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու, որ ամենակարեւորն է, ապահովեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է:  Կառավարությունը որոշումն ընդունեց, բայց հետո նաեւ որոշեց հետաձգել իր այդ պահանջը՝ իբր թե համաշխարհային տնտեսական ճգնաժամ է, բաշխիչ աշտարակները՝ թանկարժեք, տնտեսվարողներն ի վիճակի չեն մեծ ծախսեր անել: Մինչեւ 2011 թվականի օգոստոս ամիսը տնտեսվարողներն արտոնյալ վիճակում աշխատեցին, այդ ժամանակ ամբողջ հանրապետությունում 300-ից ավելի գազալցակայաններում ընդամենը 5 լցակայան էր տեղադրել աշտարակ, իսկ մնացածը շարունակում էին սպառողներից «լեւի» 500 դրամներ գանձել՝ իբր թե ավելի գազ լցնելու համար: Երբ ճգնաժամը հաղթահարվեց, տնտեսվարողների մեծ մասը այդպես էլ չտեղադրեցին բաշխիչ աշտարակներ, իսկ ըստ օրենքի՝ նման ընկերությունները առաջին անգամ տուգանվում են, որը կազմում է 100 հազար դրամ՝ մեկ խողովակի համար, ապա, եթե կրկին չի տեղադրվել աշտարակը,  ուղղակի կասեցվում է գազալցակայանի գործունեությունը: Իսկ առանց աշտարակների գազալցակայանները հարյուրավոր էին, եւ եթե կասեցվեին բոլորի գործունեությունը, ապա հանրապետության տրանսպորտն ու անհատ վարորդների մեծագույն մասն ուղղակի կաթվածահար կլինեին, ուստի էկոնոմիկայի նախարարությունը մեղմ վերաբերվեց այս ընկերություններին:

Ներկայումս գործում է 296 տնտեսվարող սուբյեկտ, 8 տնտեսավորղ սուբյեկտ դադարեցրել են իրենց գործունեությունը, 254 տնտեսվարող սուբյեկտ տեղադրել էր բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակներ, 27 տնտեսվարողներ արդեն ունեն պայմանագրեր, 15 ընկերություններ դեռեւս չունեն աշտարակներ: Սա «Առավոտի» հետ զրույցում հավաստեց էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողնեի շահերի պաշտպանության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը (լուսանկարում): Ընդ որում, ինչպես նշեց պարոն Խալիկյանը, աշտարակներ տեղադրել են հիմնականում մարզային տնտեսվարողները: Փաստորեն մայրաքաղաքի ընկերությունները շարունակում են սպառողներից գանձել կողմնակի 500 դրամները, եւ սա, իհարկե,  գնում է տնօրինության գրպանը: Մայրաքաղաքում եւ երեւանամերձ վայրերում  մի քանի գազալցակայաններ պատկանում են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին եւ Մհեր Սեդրակյանին: Ընդ որում, պարոն Սեդրակյանին պատկանող գազալցակայանում թվով ամենաշատ գազի խողովակներն են, որոնցից ընդամենը մի քանի խողովակի վրա են տեղադրված աշտարակներ: Մեր այն դիտարկմանը, որ գուցե պատճառը հենց պատգամավորների հանգամանքն է, որ կառավարությունը առայժմ չի ստիպում այս տնտեսվարողներին հրաժարվել «լեւի» գումարներից, տեսչության պետն ասաց, որ նման բան չկա. «Մոտ ժամանակներս նորից սկսելու են մոնիտորինգ անել, եւ բոլոր այն ընկերությունները՝ անկախ նրանից, թե ում են պատկանում, եթե խախտում են արել՝ կտուգանվեն, եթե խախտումը կրկնեն՝ կկասեցվի գործունեությունն այնքան ժամանակ, մինչեւ տեղադրեն բաշխիչ աշտարակները»:

Այն, որ կառավարությունը չի շտապում տուգանել, նույնիսկ կասեցնել հայտնի տնտեսվարող Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները, պատճառը, մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ-Գագիկ Ծառուկյան լարված հարաբերություններն են:

Այս առնչությամբ պարոն Խալիկյանն ասաց. «Բոլոր տնտեսվարողները ենթարկվել են տույժի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Այս տարի դեռեւս մոնիտորինգ չենք կատարել, որպեսզի հստակ ասեմ՝ «Մուլտի գազը» տեղադրե՞լ է, թե՞ ոչ, առաջիկայում կուսումնասիրենք, եւ ավելի ստույգ կպատասխանեմ: Բայց որ անխտիր բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության՝ դա անկասկած է: Եթե դիտարկենք անցյալ տարվա մեր աշխատանքը, երբ 303-ից 5-ում էին տեղադրված աշտարակներ, եւ  մենք տուգանքներ ենք կիրառել ինչպես պատգամավորների, այնպես էլ այլ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ, հետո մեծ մասը տեղադրել են, սա խոսում է այն մասին, որ մենք պարտադրել ենք նրանց աշխատել բարեխղճորեն, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար»:

Նշենք, որ մեկ բաշխիչ աշտարակն արժե 6000-7000 դոլար, եւ մեկ գազալցակայանում, ինչպես ասաց պարոն Խալիկյանը, յուրաքանչյուր գազի  խողովակի վրա պետք է տեղադրվի աշտարակ, իսկ մեկ լցակայանում 3-4 խողովակներ են լինում: Աշտարակների տեղադրումն էլ տեւում է 15-30 օր:

Ինչ վերաբերում է «լեւի» 500 դրամներին, որոնք վարորդները վճարում են, որպեսզի ավելի գազ լցվի, այդ 500 դրամը վճարվում է, բայց իրականում  ոչ էլ ավելի գազ է լցվում: Մեզ հետ զրույցում գազալցակայաններից մեկի աշխատակցի ներկայացմամբ՝ այդ 500 դրամները վճարում են, որպեսզի պարզապես լավ լցվի բալոնը. «Սենց ա՝ ասենք, թույլատրելին, որ անվտանգ պիտի լինի,  2 ատմասվեր լցնելն ա, 500 դրամ են տալիս, որ 2,3 կամ 2,5 լցնենք, մենք էլ լցնում ենք, բայց ջերմաստիճանի պատճառով մի որոշ ժամանակ հետո գալիս ա կանգնում 2 ատմասֆերի վրա: Այսինքն՝ մենք էլի նորմայի սահմանում ենք լցնում: Ստացվում ա, էդ 500 դրամները հենց ընենց տալիս են, էլի: Լիքը վարորդներ գալիս են ասում՝ մի քիչ քշեցի, ահագին պակասեց, բա փող եմ տվել, ավելի չե՞ք լցրել»:

Այս առնչությամբ էլ պարոն Խալիկյանն ասաց. «Բաշխիչ աշտարակն ավելի ձեռնտու է, այդ սարքը միշտ նույն ջերմաստիճանն է պահում, եւ բացառվում է ավելի գազ լցնելը: Այսինքն՝ սպառողը երբեք պակասորդ չի կարող ունենալ: Ինչպես որ բենզին են լցնում, եւ հաշվիչը ցույց է տալիս, թե որքան լիցքավորվեց, նույն կերպ բաշխիչ աշտարակների դեպքում է՝ սպառողը կարող է վստահ լինել, որ իր օրինական վճարածի դիմաց ստանալու է համապատասխան ծավալի գազ, եւ բալոնների պայթելու վտանգ էլ չի լինի: Ուստի հատկապես սպառողների անվտանգության համար մենք ավելի լուրջ քայլերի ենք գնալու, եւ շատ  մոտ ապագայում բոլոր գազալցակայաններում անպայման կտեղադրվեն բաշխիչ աշտարակներ: Մոտ օրերս դիտարկում ենք կատարելու,  գրավոր զեկուցելու ենք նախարարին, հետո նախարարի հանձնարարականով օրինախախտների գործունեությունը կկասեցվեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031