Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը չի հերքում, որ փաստաթղթային ձեւակերպումների մեջ խախտումներ կան:
«Առավոտին» Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի որոշ աշխատակիցներ (ոչ դերասաններ) հայտնեցին, որ իրենց թատրոնի շուրջ կրքեր են եռում: Ասվածն էլ մանրամասնեցին, թե որքան էլ տարօրինակ է, այդ կրքերը բացահայտվում են ոչ թե թատրոնի ներսում, այլ կողքից: Ըստ մեր զրուցակիցների (անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում)՝ սկանդալի առիթ է դարձել այն, որ մշակույթի նախարարություն ուղարկված դիմում-նամակից պարզվել է՝ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը իբր մեծ յուրացումներ է արել: Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նամակի հեղինակները ճանաչված մարդիկ են, որոնք արդեն մի քանի տարի շարունակ «հետազոտում» են տնօրենի գործունեությունը, «արձանագրելով յուրաքանչյուր խախտում»:
Մեզ հետաքրքրեց, թե այդ ի՞նչ խախտումներ են, մանավանդ որ, այս թատրոնի նկատմամբ միշտ լավ վերաբերմունք ունեցող մշակույթի նախարարն էլ խիստ զայրացել է եւ հանձնարարել հետեւողական լինել դրանց բացահայտմանը:
Զրուցեցինք թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի հետ, որը չհերքեց վերը շարադրվածը, ասելով, որ դա ոչ թե յուրացում է, այլ տեղի է ունեցել ընդամենը փաստաթղթային ձեւակերպումների խախտում: Նշեց նաեւ, որ երիտասարդ բեմադրիչ Տիգրան Սուքիասյանի դիպլոմային աշխատանքը իրականացնելու նպատակով ծախսվել է շուրջ 160.000 դրամ, իսկ դրանից առաջ, այսօր արդեն Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի տնօրեն նշանակված՝ մասնագիտությամբ ռեժիսոր Արմեն Ներսիսյանի դիպլոմային աշխատանքը թատրոնում կյանքի կոչելու համար ծախսվել է եւս որոշակի գումար՝ շուրջ 10 հազար դրամ: «Թատրոնի տնօրինությունը բոլոր ծախսերը մեկտեղել է, մինչդեռ, եթե Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի համար ծախսեր է կատարել թատրոնն՝ իր խնայած միջոցների հաշվին, դրանք համարվում են թատրոնի նվիրատվությունը ինստիտուտին»,- նշեց պարոն Չախմախչյանը:
Տնօրենը չի հերքում, որ փաստաթղթային ձեւակերպումների մեջ խախտումներ կան, բայց առնվազն ծիծաղելի է համարում, որ ոմանք աղմուկ են բարձրացրել, իր խոսքերով՝ «հասե՜ք, կերա՜ն, թալանեցի՜ն…»:
«Առավոտին» դիմած թատրոնի աշխատակիցները նշեցին նաեւ, որ այս ողջ պատմության մեջ հայտնվել է նաեւ անհայտ զբաղմունքի տեր՝ Ադրինե անունով մի կին, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է թատրոնում ու նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ անում, թե եթե Չախմախչյանին աշխատանքից չազատեն, ապա դա կանի ինքը:
«Վանաձորի թատրոնը,- նշեց Չախմախչյանը,- հատկապես վերջին տարիներին համարվում է բարձր ցուցանիշներ ապահովող մարզային մշակութային օջախ, իսկ թատրոնի գեղարվեստական որակն էլ՝ շնորհիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի, օրավուր բարձրանում է: Հետեւաբար շան գլուխն ուրիշ տեղ է թաղված…»: Իսկ թե որտեղ, ըստ մեր լրագրողական հետաքննության՝ լրացել է Չախմախչյանի 65 տարին եւ ՊՈԱԿ-ի մասին օրենքն արգելում է 65-ը լրացած անձը ղեկավարի մշակութային օջախը:
Մեզ հետ զրուցած թատրոնի աշխատակիցներն էլ հայտնեցին, որ տնօրենի պաշտոնի համար կռիվ է սկսվել ու դարձել սկզբունքային, նշելով, որ օրերս աշխատանքից ազատվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Հակոբ Ազիզյանը եւ նրա տեղը նշանակվել է դերասանուհի, ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանի համակուրսեցի Սոֆա Սողոմոնյանը, որի ամուսինը՝ թատրոնի ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանն է Չախմախչյանի դեմ գրված նամակի հեղինակներից մեկը:
Մենք ճշտեցինք, որ նամակի հեղինակներից են նաեւ թատրոնի նկարիչ Մեսրոպ Հովսեփյանը, վերը հիշատակված Արմեն Ներսիսյանը:
Եթե արդեն «Հորովել» անսամբլի տնօրենն է Արմեն Ներսիսյանը, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրենը Սոֆա Սողոմոնյանը, գուցե բավարարվի նաեւ թատրոնի նկարիչ Հովսեփ Մեսրոպյանի (ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշեցին մեր զրուցակիցները)՝ Աբելյանի անվան թատրոնի տնօրեն դառնալու փափագը, ու հավանաբար Վանաձորից այլեւս բողոքներ չեն հայտնվի:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ