Օրեր առաջ համացանցում տարածվեց «Ռեինկարնացիա» խմբի նոր «Երևան» տեսահոլովակը: Հոլովակի հետ տարածվեցին նաև լուրեր խմբի մեներգչին ուղղված սպառնալիքների մասին: Այդ լուրերի հավաստիությունը և նման բնապահպանական խնդիրների անդրադարձի մասին փորձեցի ճշտել հայ ռոք երաժիշտներից.
«Ռահվիրա» խմբի երգիչ Սիմոն Շահմուրադյանը ողջունեց «Ռեինկարնացիա» խմբի տղաներին և անդրադարձավ իր խմբի կողմից նման խնդիրներին անդրադառնալուն. «Ինչպես միշտ «Ռենիկարնացիան» իր ոճի մեջ լավն էր: Չեմ կարծում, որ սպառնալու խնդիր է եղել: Թեև մենք նվագում ենք ծանր երաժշտություն և համարվում ենք ոչ եթերային, կարող եմ ասել, որ բարձրացրել ենք նման խնդիրներ, բայց ավելի սուր կողմով»:
«Հայարդ» խմբի հարվածահար Արթուր Մկրտումյանը, ճիշտ է, դեռ չի դիտել տեսահոլովակը, բայց կարծում է, որ սպառնալիքները ուղղակի խոսակցություններ են և բոլորի հետ էլ կարող է պատահել, իսկ համանման խնդիրներ բարձրացնելու ապագա պլանների մասին Արթուրը նշեց. «Չեմ ուզում գաղտնիքները բացել, միայն կարող եմ ասել, որ մենք ավելի լուրջ խնդիր ենք պատրաստվում բարձրացնել մեր նոր տեսահոլովակում»:
«Որդան Կարմիր» խմբի մեներգիչ Վահան Պողոսյանը նույնպես թերահավատորեն է վերաբերվում սպառնալիքի մասին խոսակցություններին. «Չեմ պատկերացնում ինչո՞ւ պիտի նման սպառնալիքի կարիք առաջանար: Բայց, երևի, մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է դարձել»:
Կարդացեք նաև
Իսկ խմբի համանման խնդիրներին անդրադառնալու մասին երաժիշտը ավելացրեց. «Երգ գրելուց առաջ երբևէ նախապես չենք պլանավորել ի՞նչի մասին գրենք: Եթե ստեղծագործելու պահին որևէ խնդիր կամ երևույթ այնքան է հասունացած լինում, որ հարկ է լինում դրա մասին խոսել, կամա, թե ակամա դա արտացոլվում է տեքստի ու նաև երաժշտության տրամադրության մեջ:»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ