Նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած արձակագրի որոշ երկերում առկա է ընդգծված քաղաքական ենթատեքստ
Արձակագիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած (2011թ.) Լիլիթ Կարապետյանի ստեղծագործությունների մասին նրա տարեկիցների ու ճանաչված գրչակիցների կարծիքը մեկն է՝ երիտասարդ ստեղծագործողի հերոսները կարծես ապրել են մարդկության ամբողջ պատմությունը՝ սկզբից էլ առաջ ու վերջից հետո: Գրողական եւ հասուն վարպետությամբ հեղինակը վկայագրում է իր հերոսներին պատճառած տառապանքն ու ցավը, ուրախությունն ու հրճվանքը: Գրողի մեկ-երկու պատմվածքներում էլ առկա է քաղաքական ենթատեքստ:
«Առավոտի» հանդիպման առիթը Լիլիթ Կարապետյանի հետ նրա երկրորդ գրքի՝ «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների ժողովածուն է, որը լույս է տեսել օրերս:
Դիտարկմանը, թե մեր իրականությունում այն կարծիքն է տարածված, որ այսօր գումարի առկայության դեպքում գիրք հրատարակելը խնդիր չէ, արձակագիրը պատասխանեց. «Իհարկե, կան հեղինակներ, որոնք հրատարակում են գրքեր ընկերական, բարեկամական շրջապատի համար, ինչն իմ կարծիքով՝ անձի ինքնահաստատման ձեւ է, որն, ինչպես նոր գնված հագուստը, շատ շուտ մոռացվում է»: Հարցին, թե գրքերի հրատարակումից առաջ «հետազոտո՞ւմ» է ընթերցողական դաշտը, հենց թեկուզ իմանալու համար՝ գրքերը կսպառվե՞ն, Լիլիթն օրինակ բերելով նոր հրատարակված գիրքը, ասաց. «Մինչ գիրքը կհանձնվեր տպագրման, ես պատմվածքներս տեղադրեցի գրական տարբեր կայքերում, «Գրանիշ», «Գրե» մասնագիտական պարբերականներում, որից հետո, արձագանքներից ելնելով, համոզվեցի, որ ապագա գիրքս արդեն սպասված է՝ գոնե երիտասարդների կողմից»: Ինչ վերաբերում է սեփական «արտադրանքի» սպառմանը, մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին՝ «Ասֆալտի եւ երկնքի միջեւ» գիրքը, որ տպագրվել է 400 օրինակով, 200-ը նվիրել է, մնացածն էլ, իր խոսքերով՝ բաժանվել է գրչակիցներին: Մի խոսքով՝ գիրքը գրախանութ չի հասել: Համակարծիք լինելով մեր այն մտքին, թե գրքի սպառման այդ ձեւը ողջունելի չէ, Լիլիթը նշեց, որ դա մեզանում գրող-գիրք-ընթերցող կապի բացակայությունից է, հավելելով, որ գիրքն էլ պետք է ունենա պրոդյուսեր: Հիշեցրինք, թե շուրջ 2 տարի առաջ հիմնված Առաջին գրքի գործակալությունը, որի տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ ժամանակին «Առավոտը» զրուցել է, հենց այդ դերն է ստանձնել: Արձակագիրը հակիրճ պատասխանեց. «Ես գիտեմ այդ գործակալության մասին, չեմ դիմել, գուցե հետագայում համագործակցեմ»: Հետաքրքրվեցինք՝ երիտասարդ ստեղծագործողին գոհացնո՞ւմ է գրողական միջավայրը: «Մեր միջավայրում կյանք կա. նոր կայքեր են ստեղծվում, գրքեր են «հրատարակվում» էլեկտրոնային տարբերակով, մրցույթներ են անցկացվում: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ «Անտարես» հոլդինգը հայտարարեց «Էսսե գրքի մասին» մրցույթը: Նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում: Տրված է հայ դասական ու ժամանակակից, համաշխարհային գրականությունից հայերեն թարգմանված մոտ 40 գրքի անուն եւ ցանկացողները՝ պարտադիր չէ միայն գրողներ, կարող են մասնակցել մրցույթին: Իսկ դրա նպատակը ընթերցանության խթանումն է»,- տեղեկացրեց Լիլիթը:
Ինչ վերաբերում է իր որոշ գրվածքներում քաղաքական ենթատեքստին, արձակագիրը չժխտելով դա, մեջբերեց մի հատված «Ֆոտոսինթեզ» պատմվածքից. «- Ձի, մի՛ բռնաբարիր իմ հոգին, ես անչափահաս եմ:
– Ես ձին չեմ, ես նա եմ, ով սահմաններին առնչվող պայմանագիրը կնքելուց հետո վերադառնալու էր տուն՝ խմելու սիրելի կնոջ պատրաստած կանաչ թեյը:
Հեռուստացույցը լուսաբանելու էր հարցազրույցի խնդրանք-պահանջը՝ փոխել զգայական մոտեցումը պետության հանդեպ, չհարցնել՝ ինչ է արել երկիրը ձեզ համար նման հոգսաշատ ու քաղաքական լարված իրավիճակում՝ մինչդեռ իրական ճգնաժամերը դեռ առջեւում են: Հակառակը պետք է մտածել՝ ինչ եք անելու ապագայում. գաղթելու եք ու դեռ էլի եք գնալու…»:
Անդրադարձ եղավ հրատարակված «Մենախոսություն երկու ձայնով» գրքին: Այդ առիթով Լիլիթ Կարապետյանը հայտնեց հետեւյալը. «Գրքում ընդգրկված պատմվածքներիս հերոսները հիմնականում երկուսն են՝ մարդիկ, ովքեր այդպես էլ չեն կարողանում հարաբերվել հասարակության եւ դիմացինի հետ, հետեւաբար չեն գնում երկխոսության, սեփական աշխարհի մեջ ներփակված պատմում են իրենց կենսագրությունը»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ