Հայաստանի ուսանողական հավաքականը երեկ Կազանում ավարտեց մրցելույթները 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում
Չնայած երեկոյան մեր վերջին մասնակիցը՝ հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ եզրափակիչ գոտեմարտում վիճարկելու էր ունիվերսիադայի չեմպիոնական տիտղոսը 96 կգ քաշային կարգում, այդուհանդերձ, անկախ այդ պայքարի արդյունքից, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Հայաստանում ուսանողական սպորտն ընդհանուր առաջընթաց է արձանագրել՝ ընդհանուր առմամբ իր հաշվարկում գրանցելով ինը մեդալ (հաշվի չի առնվել Արթուր Ալեքսանյանի ոսկե կամ արծաթե մեդալը):
Կազանում իրենց հիանալի դրսեւորեցին մեր սամբիստները, որոնք Կազանում տվեցին մեկ չեմպիոն. -52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյան, եւ երկու բրոնզե մեդալակիր. -82 կգ՝ Մհեր Կարապետյան եւ +100 կգ՝ Հակոբ Առաքելյան:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեցին գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ազատ ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, 66 կգ քաշային Դեյվիդ Սաֆարյանը, բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը, հունահռոմեական ըմբիշ, 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Մեր ուսանողական պատվիրակության հաշվարկում, բացի սամբիստներից, բրոնզե մեդալ գրանցեց նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Սակայն հանուն արդարության նշենք, որ վիճակահանությունը նրա հանդեպ անբարեհաճ էր գտնվել: Որակավորման առաջին փուլն անցնելուց հետո Արսենը հաջորդ գոտեմարտն անցկացրեց Ռուսաստանի ազգային հավաքականի առաջատար, օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովի հետ: Այն նույն ըմբիշի, որն անցած տարի Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում առավելության էր հասել Ջուլֆալակյանի նկատմամբ՝ վերջինին թողնելով արծաթե մեդալը: Եվ Կազանում Արսենը, գուցե, անպայման «վրեժխնդիր» լինելու մեծ ցանկությունից առաջացած լարվածության պատճառով Վլասովի հետ գոտեմարտում հոգեբանորեն չկարողացավ հաղթել ինքն՝ իրեն ու պարտվեց: Թեեւ, եթե նրանք միմյանց դեմ ելնեին եզրափակչում, դժվար է ենթադրել, թե հաղթանակն ումը կլիներ: Այդուհանդերձ, Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտում պայքարից դուրս թողնելով բելառուսցի մրցակցին՝ 3-րդ տեղի համար պայքարում միավորների 4:0 տարբերությամբ «չոր» հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ:
Երեկ, մինչեւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը, Հայաստանն ընդհանուր առմամբ ուներ ինը մեդալ եւ թիմային հաշվարկով 162 երկրների մեջ ընթանում էր 33-րդ տեղում: Եվ եթե Արթուր Ալեքսանյանը չեմպիոն դառնար, կարող էր բարձրանալ մինչեւ 25-րդ հորիզոնական:
Վերջին ժամին
Արթուր Ալեքսանյանը պարտվեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին եւ բավարարվեց 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալով: Այսպիսով, Հայաստանի ուսանողական հավաքականը Կազանում նվաճեց 1 ոսկի, 5 արծաթ եւ 4 բրոնզ:
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ