Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անիրավ պետությունների պատկերը

Հուլիս 17,2013 13:30

Մենք սովորություն ունենք ամեն ինչից ազգային ողբերգություն սարքելու՝ վախ, ազգը ինչ օրի է հասել, ախ, հայի բախտը, վայ, էդ թուրքերը, էդ ռուսները… Մեզ, կարծես թե, պատրվակ է պետք՝ մեզ դժբախտ զգալու եւ աշխարհի անարդարությունից բողոքելու: Այդ ամենի համար լավ առիթ է վերջերս Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարը, որը 18 մարդու կյանք խլեց, եւ այն, որ այդ գործով կասկածյալ՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ ռուսաստանյան իրավապահները կարծես թե վարվել են՝  շրջանցելով օրենքը: Երեկ ինձ մի տարեց կին մոտեցավ եւ ասաց, որ Հրաչին կանացի խալաթով դատարան բերելու պատճառով նա ողջ  գիշերը չի քնել: Փողոցում բանավիճելու սովորություն չունեմ, բայց նույն պահին մտածեցի, թե քանի գիշեր չեն քնելու 18 զոհերի հարազատները:

Իսկ խնդիրը ոչ հայերի, ոչ ռուսների, ոչ էլ մեր դառը ճակատագրի մեջ է՝ միանգամայն այլ տեղ է: Եթե Հրաչի տեղը ռուս լիներ, նրան չէի՞ն ստորացնի, դուք չե՞ք կարդացել կամ չե՞ք լսել, թե ինչպես են վարվում ՌԴ ոստիկանները ձերբակալվածների հետ՝ անկախ իրենց ազգությունից: Իսկ  եթե պատահարը Հայաստանում տեղի ունենար, մեր իրավապահները կասկածյալ վարորդի հետ պատշաճ ձեւո՞վ կվարվեին: Խնդիրը, հետեւաբար, այն է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը իրավական պետություններ չեն, բայց՝ ոչ այն պատճառով, որ այդ երկրներում ռուսներ կամ հայեր են ապրում: Հակառակը՝ իմ տպավորությամբ, մեր երկու ժողովուրդները ավելի են հակված հոգեւոր արժեքների, քան այլ՝ «ավելի զարգացած» ազգեր:  Պարզապես վերջիններս դարերի ընթացքում կարողացել են նորմալ պետություններ ստեղծել, իսկ մենք  20 տարվա ընթացքում՝ առայժմ ոչ: Շարունակում ենք ապրել ցարական Ռուսաստանի եւ Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին: Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է «մենթանոց»՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել եւ այլն:

Ինձ, ճիշտն ասած, այստեղ ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, որքան այն, ինչ արդեն նկատել է գործընկերներիցս մեկը. ակնհայտորեն շոկի մեջ գտնվող, վնասվածքներ ստացած կասկածյալին ինչ-որ դեղեր են ներարկում եւ քարշ են տալիս դատարան:  Արդյոք նա կարո՞ղ է նման վիճակում դատարանում ադեկվատ վարք դրսեւորել: Ապահովվե՞լ է արդյոք նրա պաշտպանվելու իրավունքը: Այս վերաբերմունքը չի՞ վկայում արդյոք, որ նախաքննությունը փնտրում է միայն մեկ մեղավորի, որի վրա կբարդի ողջ մեղքը: Ահա թե ինչի համար է պետք մեր դեսպանատան եւ հայ համայնքի ակտիվ միջամտությունը, որը առայժմ չի նկատվում:

Ես միտումնավոր չեմ անդրադառնում բուն գործի էությանը՝ մեղավոր է, մեղավոր չէ, որքան է մեղավոր Հրաչը: Ուղղակի զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ հերիք չի՝ իրենց ճանապարհատրանսպորտային փորձագետների տեղ են դրել, դեռ Երեւանից Մոսկվա  մեղադրական կամ արդարացման դատավճիռներ են կայացնում: Դա էլ ոչ իրավական պետության հոգեբանական հետեւանքն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Hakob says:

    իսկ ո՞ր պետությունն է Աշխարհի երեսին իրավական, որտեղ պահպանվում է այսպես ասած անմեղության կանխավարկածը ու բանտում չեն ստորացնում: ԱՄՆ՞

  2. LAVAMARD says:

    «Պարզապես վերջիններս դարերի ընթացքում կարողացել են նորմալ պետություններ ստեղծել, իսկ մենք 20 տարվա ընթացքում՝ առայժմ ոչ: »

    Ավելի ճիշտ ասած կառավարությունը եվ արդարադատական համակարգը չի ցանկանում նորմալ պետություններ ստեղծել.

    Բելգիան անկախացավ 1830 թվականին եվ այդ թվերի օրենքները գործում են մինչեվ այսօր արդար եվ անխափան.

    Իսկ այնտեղ իրավազանց տարրերին այնքան լավ են վերաբերվում , որ որոշ մարդիք ձմռան շեմին թեթեվ իրավազանցություն են անում որպեզի ձմեռը անց կացնեն անվճար եվ որակով տաքուկ բանտերում.

    Այնպես որ ցանկություն լինի , տարիների վրա հույս մի դրեք..

  3. Ruben says:

    Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում՝ ոչ իրավական պետությունում, նույնն էլ կրկնվում (ծլում) է «ռուսական Կիլիկիայում»:
    «Հայկական» ԱԱԾ-ն հավանաբար կզբաղվի Հրաչի «քրեական» գործով:

  4. Ruben says:

    Կամ էլ ծակված շլանգի նման տռավիտ կանի:

  5. Galust says:

    Հայկական կողմը որքան քիչ միջմտի, այնքան լավ էդ մարդու համար:
    Դրսում գտնվող հայի համար բոլոր այդ “հայկական” չինովնիկները մի նպատակ ունեն` ոնց թալանեն “հայրենակցին”:
    Ավելի լավ է ռուսների ձեռքում խալաթով, քան ընչաքաղց հայերի ձեռքում` փողկապով:
    Մի խոսքով, առավելագույն լավը, որ “հայկական մարմինները” կարող են անել, չխառնվելն է: Թող բավարարվեն, ոնց ասում են, “հավայի” հոխորտալով, նվնվալով ու օչոկ հավաքելով:

  6. David says:

    Ցավոք սրտի, Գալուստը իրավացի է, հայ չինո նիկներից մարդ ինչքան հեռու այնքան լավ է ամեն առումով: Իմ կարծիքով ռուս չինովնիկների մեջ ավելի շատ բարեխիղճ մարդ կա, ովքեր հայերին լավ գիտեն ու նաև լավ են վերաբերվում:

  7. Bobo says:

    Հայ ու ռուս չինովնիկները իրենց գործելաոճով իրար բավականին նման են: Մերոնք գուցե մի քիչ ավելի վատն են կլանային դրսևորումների պատճառով:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԽՈՐՔԱՅԻՆ պատճառն այն է,որ հայ տղամարդուն ԽԱԲԵԼ են. Վահագնի ՍՈՒՐԸ ձեռքից վերցրել են ու տեղը քրիստոնեական մշուշոտ «ռազմավարությունը» տվել: Հայ տղամարդուն խաբել են. իբր «փրկությունը» քարի մեջ խաչ-մաչ փորփրելն է:

    Հայաստանին 3.5 կողմից շրջապատած մուսուլմանը դրախտ է գնում իր թշնամուն ՍՊԱՆԵԼՈՒ համար,իսկ հայը՝ իր թշնամուն սիրելու ու հնազանդվելու (“քրիստոսի պատգամի”) համար:

    03.07.2013-ին «Հետքում» տպագրած իմ («Սագի պես քայլող բադը նույն սագն է, կամ՝ ֆեոդալ ռուսը երկար մնաց հայի շալակին» ) հոդվածում հիմնավորված գրել եմ,թե ինչու է Ռուսաստանը ՄԻՇՏ եղել ու մնալու ֆեոդալական դիկտատուրա,որից հայը պիտի զգուշանա:

    • David says:

      Վարազի հետ համամիտ եմ եկեղեցու առումով: Իմ կարծիքով քրիստոնեությունը ավելի շատ վնաս է տվել , օգուտը մենակ կարող ենք դատարկ պարզենալ , որ առաջինն են որպես պետություն այն ընդունել:
      Ինչու եմ այդպես կարծում, ասեմ

  9. Maxim says:

    Ինձ ընդունելի են բալոր մեկնաբանությունները: Նախ ասեմ, որ ես Ռուսաստանի երկրպագողը չեմ:
    Ռուսաստանը այսօր այնքան է ռուսների համար, որքան որ Հայաստանը,՝ Հայաստանցիների, բացի
    այն 40-50 կլանային ընտանիքներից, որոնք կեղեքում, լափում, փչացնում են երկիրը, հանուն իրենց
    անասնական վայելքների: Ինչ վերաբերվում է մեր հայրենակիցին խալաթով դատարան բերելով
    ստորացմանը, ապա եթե այդ փաստը համեմատենք այս տարվա մայիսի 5-ին տեղի ունեցածին, ապա
    ավելի ստորացում քան 5-10 հազատ դրամով գնել սեփական ժողովրդի մեծմասնությանը, առանց
    քաշին նայելու, որևհետև նրանց ուղեղները հազիվ թե իրարից տարբերվեին: Ինձ համար ավելի
    հարգալից կլիներ թաղի խուժանը՝, եթե կանաց ներքնազգեստը հագած կատարեր ճիշտ հակառակը,
    այսինքն պաշտպաներ մարդկային արժանապատվությունը: Այնպես որ մեր հայրենակիցին ավելի
    ստորացուցիչ է մեզ հետ միասին վերցրած հայի վիճակը,՝ թե՛ հայրենիքում և թե՛ հայրենիքից դուրս, քան խալաթով ստորացնելը: Չպետք է շեղվել դառը իրականությունից, որի շնորհիվ մեր
    հայրենակիցներից շատերն են հայտնվում նման իրավիճակում:

  10. Ալբերտ says:

    Բոլորի հետ էլ համամիտ եմ: Սա նորություն չի ինձ և երևի մեծամասնության համար: Այս տիպի դեպքեր շատ հաճախակի են լինում և մեզ մոտ և Ռուսաստանում: Երևի մեր մոտ ավելի շատ և ավելի խայտառակ: Մեզ մոտ եթե խալաթ չեն հագցնում, ապա չոքացնում են: Ես համամիտ եմ, նաև որ Ռուսաստանում շատ դեպքերում ավելի մարդկային են, քանց Հայաստանում: Մենք մեզ կամավոր ստրուկի տեղ ենք դրել և ուզում ենք, որ ստրկատերը մեզ նուրբ ճիպոտահարի: Ելքը մեկն է, ամեն մարդ կամ պետություն պետք հույսը դնի իր վրա, գործի ինքնուրույն, ոչ թե ապրելու և անվտանգության հույսը կապի ինչ որ մեկի կամ հարևանի հետ: Դե որ մենք լավն ենք, բա ինչի՞ ենք ցամաք հացի կամ գերեզմանոցի հուշաքարի գումարը փորձում աշխատել այլ երկրներում: Դասեր է պետք քաղել նեկայից և անցյալից ու խելքի գալ…..

  11. Արմեն says:

    Բոլորը մեղավոր են բացի մեզանից: Եթե ճիշտ է, որ ընտանիքը ծանր վիճակում է, ապա այն

    մարդիկ, որ այդքան մտահոգ են մեծ դժբախտության մեջ գնվող վարորդի կյանքով,

    ավելի լավ կլիներ ցույցի փոխարեն կամ ցույցից առաջ ֆինանսապես օգնեյին ասենք կնոջը

    հասներ Մոսկվա և խալաթի փոխարեն….

    Ես բացարձակ չեմ հասկանում ինչու ենք ցույց անում դեսպանատաների մոտ: Տվեցինք շորը

    չհագցրեցին կամ չփոխանցեցին, թե հեռուստացույցով որ տեսանք ամաչաեցինք: Իսկ ինչ էինք

    ասելու մենք, եթե մի այլազգի նման բան ասենք Աբովյան քաղաքում աներ թեկուզ և ոչ

    միտումնավոր:

    Մենք անտարբեր ենք ու ամենակարևորը պահանջելու մեծ ՄՈԼՈՒՑՔ ունենք բոլորից, միայն թե

    մենք չանենք: Մարդիկ գոնե խալաթ են տվել, իսկ մենք կամ մեզանից մեկը, որ արդեն գիտեր այդ

    մասին ինչու մի ոչ ծաղկավոր խալաթ չհասցրեց…..: Հաստատ N թվով հայրենակիցներ ունեյինք

    որ գիտեյին այդ դժբախտության մասին: Սկսում եմ մտածել, որ ամբողջ աշխարհը մեզ

    պարտակն է, բացի մեզանից:

    Ինձ համար Երևանի երթևեկությունը դարձել է լակմուսի թուղթ: Ինչքան շատ են անօրեն, լկտի,

    մեր նկատմամբ անհարգալից վարորդները ( ես էլ եմ վարում ): Մինչև մենք մեզ չհարգենք,

    ուրիշներից անազնիվ է պահանջելը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031