«Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ անձին հիվանդանոցից նման տեսքով դատարան բերման ենթարկելը անհրաժեշտ և համաչափ չէր այդ պահի համար, մանավանդ, որ Հրաչյա Հարությունյանը փորձ չէր արել խուսափել նախաքննական մարմիններից, կամ խաթարել նախաքննության ընթացքը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով հայ վարորդի հետ կապված ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարին:
Նա տեղեկացրեց, որ Կարեն Անդրեասյանը դիմել է իր ՌԴ գործընկերոջը այն հարցադրմամբ և խնդրանքով, թե ՌԴ օմբուդսմենը ինչ քայլերի է դիմելու Հ. Հարությունյանի արժանապատվության իրավունքի խախտման վերաբերյալ: Մասնավորապես կանացի խալաթով, ոչ անհետաձգելի պայմաններում նրան հիվանդանոցից դատարան բերման ենթարկելը ՀՀ ՄԻՊ-ը որակել է անձի արժանապատվության խախտում:
Այն քննարկվող հարցին, թե Հ. Հարությունյանին հատուկ են խալաթ հագցրել, որպեսզի նրան չճանաչեն, Ա. Վարդևանյանը նշեց. «Խոսքը տղամարդու մասին է և այնպիսի մի համազգեստի, որը կանացի է: Այս դեպքում պետությունն ինքն է կրում պատասխանատվությունը՝ բացառելու անձին նման տեսքով դատարան ներկայանալը»:
Հ. Հարությունյանի քրոջ դուստր Անահիտ Մայիլյանը նշեց. «Մեկ տարի առաջ նրա որդին մահացել է: Այստեղ նա չէր կարողացել գումար վաստակել և տղայի գերեզմանաքարի համար գումար վաստակելու նպատակով գնացել էր Մոսկվա: Գրում են, թե նա փրկել է իր կաշին՝ դուրս գալով մեքենայից: Բայց նա այդ մարդը չէ: Տեսնում ենք, որ մեքենան տանելով դեպի ձախ ինքն իր մասին չի մտածել, այլ վտանգել, երևի արագությունն է իրեն դուրս գցել: Կամ ինչո՞ւ են դեղերով նրան արթնացրել, մի՞թե չէին կարող սպասել որ նա արթնանար»:
Կարդացեք նաև
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանն էլ իր կասկածը հայտնեց. «Մեքենան թեքվել է ձախ, արագությունն անեզր է, երթևեկել է հանդիպակաց գոտիով, սակայն ոչ մի տեղ չի գրվում, թե այդ խաչմերուկում որն է եղել գլխավոր, որը երկրորդական ճանապարհ: Այսինքն՝ այդ խաչմերուկում թերություններ եղել են, նորմալ իրավիճակում այդ մարդը այդպես չպետք է դուրս գար խաչմերուկ»:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց. «Մեր ներկայացուցչությունները սովոր են գործել փակ ռեժիմով, ներքին կարգով: Այդ վարվելաոճն ինչ-որ առումով խոցելի է,քանի որ այս դեպքը ՌԴ-ում օգտագործվում է ներքին և արտաքին տեղեկատվական գործողությունների համար»:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ»-ի իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ասաց. «Հայտնի է, որ ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ծանր է: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է իրենց իսկ դատարանի նկատմամբ»:
«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն էլ կարծում է, որ այս միջադեպը օգտագործվեց հակահայ քարոզչության համար. «Դա հստակ քաղաքական որոշում է և չեմ համարում, որ դա իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումն էր՝ Հ. Հարությունյանին խալաթով դատարան բերելը: Սա ոչ միայն ազգության նկատմամբ նվաստացում էր, այլև արհամարհանք ՌԴ-ի կողմից՝ ՀՀ պետության նկատմամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ