Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
Զեկույցի համաձայն` այս տարվա երկրորդ եռամսյակը ներառում է Երեւանի ավագանու ընտրությունները, ուստի ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով`ուշադրության կենտրոնում էին քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք առնչվում էին լրատվամիջոցներին եւ լրագրողներին:
Մելիքյանի տեղեկացմամբ` «Զեկույցում առանձնացվել են ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ ճնշումները, խախտումները: Ֆիզիկական բռնությունների առումով՝ այս եռամսյակում բռնություններն ավելի շատ են եղել, քան նախորդ տարի էր: Նույնը կարելի է ասել ճնշումների մասին. 21 նմանատիպ դեպք է արձանագրվել, որոնցից 8-ը` ընտրությունների ժամանակ է եղել, իսկ քարոզարշավի ընթացքում 1 ֆիզիկական բռնության փաստ է արձանագրվել: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ ճնշումների աճ է գրանցվել»:
Ավելացնենք, որ ըստ զեկույցի՝ արձանագրվել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների երեք դեպք:
Կարդացեք նաև
Խոսելով գրագողության, առցանց լրատվամիջոցներից նյութերն առանց հղման վերցնելու մասին, որոնք շատերը համարում են խոսքի ազատություն, Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրագրությունը գնալով իր մակարդակն իջեցնում է, ու սիրողական մակարդակի դառնում, մանավանդ` սոցիալական ցանցերի առկայության պարագայում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ