Անցած տարի, օգոստոս ամսին հիմնադրվել է «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հիմնադրամի ղեկավար մարմինն ամփոփեց մեկտարյա գործունեությունը:
Հիշեցնենք, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Զոհված Վահե Ավետյանի հոր`Գառնիկ Ավետյանի խոսքերով, իր որդու երազանքը խաղաղությունն էր, աշխատանքային կրեդոն`փրկել որքան հնարավոր է շատ կյանքեր:
Գառնիկ Ավետյանը պատմում է, որ իր որդին բավականին շատ նվիրատվություններ էր անում, բարեգործությամբ էր զբաղվում: Այդ է եղել պատճառը, որ որդու մահից հետո հայրը հիմնադրել է «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի միջոցներով անցած տարվա ընթացքում հիմնանորոգվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի բիոքիմիական լաբորատորիան եւ մասամբ կահավորվել:
Կարդացեք նաև
Հիմնադրամն աջակցել է նաեւ զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքներին: 1,5 միլիոնի ֆինանսական օգնություն է տրամադրվել մասնավոր անձանց, չորս ընտանիքների: «Յուրաքանչյուր շահառու ստացել է այնքան գումար, որքան անհրաժեշտ է եղել: Մի դեպքում զոհված ազատամարտիկների համար հուշաքար է կանգնեցվել, մյուս դեպքում մարդիկ այդ գումարն օգտագործել են իրենց սեփական կարիքների համար»,- ասաց Գառնիկ Ավետյանը`վստահեցնելով, որ առաջիկայում ֆինանսական հոսքերին զուգահեռ, իրենց գործունեությունն էլ կմեծանա:
Բանախոսները նաեւ նշեցին, որ հիմնադրամն ակտիվ աշխատել է ընդամենը երեք-չորս ամիս: Իսկ այսօրվա ասուլիսի հիմնական նպատակն այն էր, որ Հայաստանում մարդիկ տեղեկանան հիմնադրամի գոյության մասին:
Հիմնադրամի բյուջեի հիմնական մասը գոյանում է ռուսաստանաբնակ հայերի հատկացումներից, այդ թվում նաեւ Ռուսաստանի հայերի միության: Հիմնադրամը համագործակցում է նաեւ ՀՀ ՊՆ-ի եւ Երեւանի վարչական շրջանների հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ