Տեւական մի ժամանակ է, որ մամուլում չեն պակասում Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Կճոյանի ունեցվածքին ու պահվածքին վերաբերող հրապարակումները: Նույնիսկ մի կազմակերպություն, որին այդպես էլ չգտան, ցանկանում էր ստորագրահավաք սկսել արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով:
Լրագրողի այն հարցին, թե «Նրանց չի՞ հաջողվի ձեզ կարգալույծ անել», Նավասարդ Կճոյանը պատասխանել էր. «Դուք եկեղեցական օրենքները գիտե՞ք. եկեղեցին աշխարհիկ հաստատություն չէ: Ես կարծում եմ, որ դա անպտղաբեր գործ է»:
Մենք էլ գիտենք, որ եկեղեցին աշխարհիկ հաստատություն չէ, բայց որ որոշ եկեղեցականներ աշխարհիկ գործերի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, անհերքելի է: «Ժուժկալ» հոգեւորականի վիթխարի կարողություն եւ աշխարհիկ բարձր պաշտոնյաների հետ շատ աշխարհիկ ախպերություն: Ընդունելի՞ են սրանք եկեղեցական օրենքներով: Մանավանդ հիմա, երբ եկեղեցին ինքը հոգեւոր աջակցության կարիք ունի եւ ոչ թե այդ քողի տակ այլեւայլ «ներդրումների»:
Ինչո՞ւ է տնտեսական բնույթի տարատեսակ սկանդալների մեջ հիշատակվում թեմի առաջնորդի անունը: Հերքելը հերքում են, բայց եթե հիշատակվում է, թեկուզ անուղղակի, բայց ինչ-որ կապ կա, չէ՞:
Ազգային ժողովում էլ հարց տրվեց, թե ի՞նչ կապ ունի արքեպիսկոպոսը Հայաստանում ադամանդագործության զարգացման կառավարական ծրագրի հետ: Իսկապես, քանի որ հայոց եկեղեցին ադամանդակուռ ճոխություն չի սիրում: Մամուլում հիշատակված փաստերին անդրադառնալ չենք ուզում այն պարզ պատճառով, որ դրանց իսկությունն ապացուցել չենք կարող: Ճիշտ են թե սխալ, թող դատի Աստված: Եվ հիմա, եւ այնտեղ, եւ ում որ հարկն է:
Արքեպիսկոպոսն օրերս ասել էր, որ ինքը գրեթե չի էլ օգտվում իր թանկարժեք «բենթլիից», հիմնականում օգտվում է ծառայողական մեքենայից: Ավելի վաղ արված հայտարարության համաձայն, տեղյակ ենք նաեւ, որ «բենթլին» նվեր է, իսկ նվերը չընդունելը անկրթություն է: Իսկ հիմա հեծանիվ է գնել եւ օրական 5-10 կմ վարում է այն:
Նվեր չընդունելը գուցե անկրթություն է, բայց նվերը նվիրելը, կարծում ենք, ոչ միայն բարեկրթության կանոններին չի հակասում, այլեւ հոգեւոր ոլորտում խրախուսվում է: Մանավանդ որ նվերը գրեթե չի օգտագործվում: Ուրեմն ինչո՞ւ պահել, եթե կարելի է այդ չարաբաստիկ «բենթլին» վաճառել եւ հասույթը բաժանել թեմի հավատացյալներին: Կլինի իսկական հոգեւորականի արարք:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»
Ինչու այնքան հեշտ է եկեղեցականի մը վրայ յարձակուիլը ?։ Որպէս մարդ կրնայ ունենալ տկարութիւններ ճոխութեան` պատիւի` սնապարծութեան հանդէպ` ի հարկէ իր կոչումը կը պահանջէ Քրիստոսի օրինակին հետեւիլ` աւելի հոգեւոր սնունդ հասցնել հաւատացեալներուն`
շատ անգամ ան ներքուստ վստահաբար կը կրկնէ ՀՈԳԻՍ ՅՕԺԱՐ Է ԲԱՅՑ ՄԱՐՄԻՆՍ ՏԿԱՐ
(Յիսուսի խօսքերն են Գեթսեմանիի պարտէզին մէջ) ։ Իսկական հաւատացեալը պէտք չէ? աւելի
ներողամիտ ըլլայ իր Առաջնորդին հանդէպ փոխանակ անդադար հարուածելու ՙ (դարձեալ կը յիշեցնեմ Յիսուսի խօսքերը – ՁԵԶՄԷ ԱՄԷՆԷՆ ԱՆՄԵՂԸ ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԷ ։
Եկեղեցին մեր միակ փրկութեան լաստը եղած է մինչեւ այսօր, նման մեր Այբուբենին՜անոր որեւէ պաշտօնեան հարուածելը մեր ինքնութենէն մեծ բեկոր մը կը փլէ։ Թողունք որ Եկեղեցին իր յարմար նկատած ձեւով իր դժուարութիւնները լուծէ։ եւ մենք հայ-քրիստոնեայի մեր պարտականութիւնը կատարենք աղօթելով մեր մոլորած եղբայրներուն համար։