Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանի դուստր. «Խնդրում եմ՝ օգնել, որ եթե հայրս պիտի պատիժ կրի, կրի իր երկրում» (Տեսանյութ)

Հուլիս 17,2013 12:05

«Այն, որ նկատելի է նվաստացնող վերաբերմունք անձի նկատմամբ, ակնհայտ է»,-այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մոսկվայի մերձակայքում հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ՝մարդատար ավտոբուսին բախվելու և 18 մարդկանց մահվան պատճառ դառնալու միջադեպին, նրան նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկելու, նրան կանացի խալաթով դատարան բերելու եւ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու փաստին:

Նա նշեց, որ խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթներ: Նաև հավելեց. « Եթե անձը եղել է կոմայի վիճակում ու նրան համապատասխան դեղամիջոցներով են արթնացրել, ապա դա նույնպես համարվում է անմարդկային վերաբերմունք: Սա պատժելի է ներպետական օրենսդրությամբ և միջազգային նորմերով»:

Դառնալով Հրաչյա Հարությունյանին ՀՀ վերադարձնելու հարցին, պարոն Սիմոնյանն ասաց. «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական մեխանիզմները առկա են և ՀՀ-ն նույնպես կարող է անձի նկատմամբ արդարադատություն իրականացնել, եթե ՌԴ-ն տրամադրում է անձին ՀՀ-ին»:

Իր հայրիկի աշխատանքային գործունեության մասին մանրամասներ ներկայացրեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Նա նշեց, որ իր հայրը քսան տարուց ավելի վարում է նման մեքենաներ և նման դեպքեր չեն պատահել նրա հետ: Նա այս տարի ընդամենը երեք ամիս էր, ինչ ՌԴ-ում է: Նա երբևէ չի բողոքել աշխատանքից:

Լիլիթը հայ պաշտոնյաներին խնդրում է.«Այն ժամանակ, երբ հորս աջակցությունն էր պետք, նա գնաց հայրենիքը պաշտպանելու՝ թողնելով ընտանիքը: Հիմա նրան է օգնություն պետք ու խնդրում եմ՝ ինչով հնարավոր է օգնել, որ եթե նա պիտի պատիժ կրի, կրի իր երկրում»:

Հ. Հարությունյանի քրոջ դուստր Անահիտ Մայիլյանն էլ վրդովված էր այն փաստից, որ իր քեռու հետ կատարվածը քաղաքականացվում է, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Նա մանրամասնեց. «Չեմ ընդունում այն փաստը, որ իմ քեռուն խալաթով ներկայացնելը նախօրոք մտածված է եղել: Բայց մեր այնտեղի բարեկամները նրան հագուստ տարել են, սակայն թույլ չեն տվել փոխանցել: Նույնիսկ թույլ չեն տալիս նրան այցելել»:

Իսկ Հ. Հարությունյանի եղբոր որդին այս միջադեպում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին ուղղված մեսիջ տեսնելու հարցը այսպես մեկնաբանեց. «Եթե չլիներ մեսիջ, ապա չեչենների հետ էլ նման կերպ կվարվեին»:

Հ. Հարությունյանի հարազատները տեղեկացրին, որ իրենք շարժվելու են Ազատության հրապարակ՝ միանալու ազատամարտիկների ցույցին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031