Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Առուշանյանը քաղաքում չէր, HSBC բանկի տվյալները ո՞նց կհայտներ

Հուլիս 17,2013 12:01

Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են և որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրենի կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: Նշյալ թերթիկում իբր նշվել էր ամենաքիչ գումարի՝ 10 միլիոնի, իսկ ամենաշատը՝ 200 միլիոնի մասին:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ երկու օր առաջ ավարտվեց այս գործով դատական վիճաբանությունների փուլը: Մինչ օրս տեղի էր ունեցել 12 դատական նիստ, եւ բողոքաբեր, օժանդակության համար դատապարտված Աշոտ Աբրահամյանը մի քանի օր հետո հանդես կգա իր վերջին խոսքով:
Նախաքննական մարմնի կողմից Աշոտ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել և ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ:
Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը, ըստ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանի, անհիմն է և շինծու , այն հիմնված էր միայն Արտաշես Գալուստյանի գործի մյուս ապացույցներով հերքված և շինծու ցուցմունքի վրա:
Լ.Սիմոնյանը հայտնում է, որ գործի փաստական տվյալների ուսումնասիրությունից երեւում է, որ նախաքննության ժամանակ Արտաշես Գալուստյանը հարցաքննվել է՝ գտնվելով կասկածյալի կարգավիճակում:
Նրա ցուցմունքն էլ դրվել է գործի հիմքում, անգամ այն ժամանակ, երբ կասկածյալը մահացել է:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածով` նախաքննության ընթացքում մեղադրյալի ցուցմունքների հրապարակման դեպքերը թվարկված են սպառիչ, իսկ դատարանը նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակում լիազորված չէր հրապարակելու հանգուցյալ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները::
Արտաշես Գալուստյանի կողմից Աշոտ Առուշանյանի դեմ տված ցուցմունքները չեն հաստատվում գործով ձեռք բերված մյուս ապացույցներով, դրանք հերքված են»,-ասում է Լ.Սիմոնյանը:

Պաշտպանական կողմը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից վարույթն իրականացնող մարմնին 16.07.2012թ-ին տրամադրվել է տեղեկանք, որի համաձայն ՍՊԸ կողմից HSBC բանկի հաշվարկային հաշվին 2011թ. մայիս ամսից մինչև հունիսի 5-ը` 200 միլիոն կամ դրանից ավելի գումար մուտք չի արվել, հետևաբար, բանկի համակարգչային բազայում նման տվյալ չէր կարող լինել և Աշոտ Առուշանյանն էլ այդպիսի տվյալ չէր կարողանա ունենալ և այլ անձանց փոխանցել:

«Նշված փաստաթղթի համաձայն մայիս ամսվա և մինչև հունիսի 5-ը տեղափոխված գումարը, ամենաքիչ քանակությունը կազմել է 5 միլիոն դրամը` 14.05.2011թ-ին, իսկ ամենախոշոր չափի գումարը կազմել է` 179 միլիոն դրամը` 17.05.2011թ: Ակնհայտ է, որ 5 միլիոնը նման չէ 10 միլիոնի, իսկ 179-ը 200 միլիոնի: Նշված փաստաթղթում առկա է 200 միլիոնից ավելի տեղափոխելու մեկ դեպք, ուղղակի նախաքննական մարմինը, ըստ ինձ թելադրելուց կամ Արտաշես Գալուստյանը իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացնելուց հաշվի չէին առել, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից այդ 200 միլիոնից ավելի գումար տեղափոխելու օրը` 07.06.2011թ Աշոտ Առուշանյանն արդեն մի քանի օր էր Հայաստանում չէր գտնվել և հետևապես նման ենթադրյալ տվյալներ չէր կարող ձեռք բերել համակարգչային բազայից և տրամադրեր»,-ասում է Լ.Սիմոնյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031