1in.am. Սա իսկապես աննախադեպ իրավիճակ է, մինչ այդ հայաստանյան հասարակության արձագանքը դեռ երբեք այս կերպ զգալիորեն միատարր չէր եղել, թեև, իհարկե, այս անգամ էլ կան բացառություններ: Մյուս կողմից, իհարկե, իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ դիմացը կա 18 զոհ, այսինքն` 18 մարդկային կյանք, որ խլված է իրենց հարազատներից, որոնք ունեին երազանքներ, ունեին պլաններ: Եվ սա իսկապես այդպես է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությանը փոթորկած զգացումը ամենևին էլ հայաստանցի վարորդին արդարացնելը չէ: Դա դատարանի գործն է՝ որոշել նրա մեղավորության աստիճանը:
Հայաստանի հասարակությանը փոթորկած զգացումը դա արժանապատվության զգացումն է, որի նպատակը հենց այն է, որ հայաստանցի վարորդի մեղավորությունը որոշի դատարանը, ոչ թե այդ մեղավորությունն ու պատիժը որոշվի այլատյացության այն ներքին ալիքների վրա, որ արդեն տարիներ շարունակ փոթորկում են ռուսաստանյան հասարակության տարբեր շրջանակներում և սնուցվում, այսպես ասած, քաղաքակիրթ քաղաքական և լրատվական շրջանակներից:
Սա է ամբողջ խնդիրը, և սա ի գիտություն այն իմաստունների, որոնք անպայման կարող են գտնվել և հերթական անգամ դատապարտել Հայաստանում հակառուսականության դրսևորումները, ամեն ինչ կրկին շուռ կտան վտանգավոր հակառուսականության ծիրի մեջ, Ռուսաստանին հերթական անգամ տալով հակահայկականության կամ այլատյացության քվոտան՝ առնվազն հայերի հանդեպ դրսևորման առումով: Եվ սա շատ կարևոր է շեշտել, շատ կարևոր է ընդգծել, որ դեպքի կամ վարմունքի առիթով Հայաստանում հակառուսականություն չկա, Հայաստանում կա բողոք Ռուսաստանում դրսևորված հակահայկականության դեմ: Եթե ոմանք կարող են հղում անել ծայրահեղ գնահատականներին, ապա այստեղ էլ ամեն ինչ օրինաչափ է, որովհետև ծայրահեղ գնահատականներ հնչել են նաև ռուսական կողմում, և Հայաստանում ընդամենը բնական արձագանքն է այդ ամենին:
Իսկ ընդհանուր առմամբ, այստեղ հարցը հակահայկականությունն է, ոչ թե հակառուսականությունը, և սա պետք է հստակ արձանագրել: Հայաստանի հասարակության մոտ սա ընդամենը բնական ռեակցիա է ազգային և պետական արժանապատվության կոպիտ ոտնահարման դեմ, և այդ ամենը հակառուսականությամբ փաթեթավորելու փորձերը ոչ այլ ինչ են, քան տվյալ ոտնահարման կամա, թե ակամա շարունակություն: Հետևաբար` պետք է ձեռնպահ մնալ նմանօրինակ գնահատականներից: Հակառուսականությունը ամենևին խրախուսելի չէ, ինչպես որ ցանկացած հակա-բան, և այս մասին ինչ խոսք հարկ է ժամանակ առ ժամանակ ծավալվել, սակայն նման ծավալումները լիովին անտեղի, անհիմն և անհարկի են նման իրավիճակում:
Մուսա Միքայելյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում