Երեկ Սիսիանի տարածաշրջանի Շաքի ջրվեժի տարածքում՝ «Գոշագյոլ» կոչվող հատվածում, ընկերների հետ հանգստանալու գնացած՝ Սիսիան քաղաքի բնակիչ 16-ամյա Ա. Խաչատրյանի դին, խեղդվելուց հետո բավականին երկար ժամանակ չէր հաջողվում գտնել:
Տեղացիների պատմելով՝ ընկերները նկատելով, որ իրենց ընկերը լողալիս խեղդվում է, փորձել են փրկել ու միեւնույն ժամանակ շտապել օգնություն կանչելու՝ տարածքում տվյալ պահին գտնվող բնակիչներից: «Իմ լսելով՝ դասարանի ընկերների հետ է եղել, լողացել է գետի ջրում ու խեղդվել: Ընկերներից մեկը վազել է օգնության հետեւից, իսկ այդ տարածքում հիմա բերքահավաք է… Մինչեւ գյուղի երիտասարդներից վազել-եկել են՝ չեն գտել: Երեւի արդեն խեղդված էր: Փորձել են հանել, բայց ջրվեժի տակ չի եղել: Դա եղել է Որոտան գետում, ուղղակի Շաքիի ջրվեժ կոչվող տարածքում», -ասաց Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը ու հավելեց, որ Որոտան գետը նախկինի պես վարար գետ չէ ու շատ զարմացած էր, որ այդ տարածքում մարդ է խեղդվել ու երկար ժամանակ էլ չէր հաջողվում գտնել: «Որոտանը նախկին վարար գետը չի, ընդամենը սանիտարական ջուր է հոսում եւ ինձ համար շատ անհասկանալի է, թե ոնց է այդ փոքր տեղում մարդ խեղդվել ու երկար ժամանակ չէր էլ հաջողվում գտնել: Անկեղծ ասած մենք էդ ջրերի մեջ ենք մեծացել, էդ ջրերի մեջ էինք լողանում, խորություն էլ չունի: Ինձ համար մի քիչ շատ զարմանալի է: Որ տեսնենք այդ տարածքը՝ կզարմանաք, թե մարդը ոնց ա խեղդվել այդ փոքր տեղը ու չէին կարողանում գտնել: Ովքեր, որ փորձում էին տղային դուրս բերել ջրից, ասում էին՝ 3-5 մ է ջրի խորությունը: Գուցե թռել է ջուրը ու կպել է մի տեղին, չեմ կարող ասել: Մինչեւ երեկոյան ժամը 8-ը տեղում էինք, չէր հաջողվում գտնել փրկարարներին ու գյուղացիներին»,- նշեց գյուղապետը:
Ինչպես Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից տեղեկացանք՝ 18:10-ին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, այնուհետեւ եւս 8 հրշեջ փրկարար տագնապով գնացին դեպքի վայր: Սիսիանի ջրափրկարարներն էլ են մեկնել դեպքի վայր, սակայն չէր հաջողվում գտնել տղային:
Երեւանի ջրափրկարարների հատուկ ջոկատը ժամանեց դեպքի վայր եւ ժամը 23.44-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ