Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ձայնագրիչը հայտնվում է ոչ այն ձեռքերում (Տեսանյութ)

Հուլիս 17,2013 11:27

 Երեկ հայ վարորդի շուրջ տարածված մեծ աղմուկի հիմնական մեղավորներից մեկը՝ ռուսական Россия 1 հեռուստաալիքով նախորդ օրը տարածված լուրն էր, որտեղ բավական չէ, որ Հրաչյա Հարությունյանին ցույց էին տալիս նվաստացուցիչ վիճակով, դեռ երիտասարդ «լրագրողուհին» էլ որակումներ էր տալիս՝ «բառաչում է», «դերասանություն է անում»  եւ այլն:

Սակայն ամենատհաճը հեռուստադիտողի ականջը սղոցող ձայնի մեղադրական երկաթյա տեմբրն էր եւ ակնհայտորեն աչառու կառուցված սյուժեն, որը որեւէ կերպ չէր տեղավորվում լրագրողական էթիկայի որեւէ չափանիշների մեջ, ավելին՝ ակնհայտորեն ազգամիջյան թշնամանք էր քարոզում:

Եթե այդպես չլիներ՝ այդ սյուժեն չէր արգելվի հայաստանյան հասարակության համար: Հայաստանից հնարավոր չէր տեսնել այդ սյուժեի պաշտոնական լինքը: Ավելի ուշ, երբ 18 մարդու մահվան մեջ մեղադրվող հայ վարորդի փաստաբանը նույն ալիքով ցուցադրվող թոք-շոուի   ընթացքում հերքեց որոշ ծանրացուցիչ հանգամանքներ, ակնհայտ դարձավ, որ սյուժեն ոչ միայն հակաէթիկական էր եւ սուբյեկտիվ, այլեւ պարունակում էր սուտ, իրականությանը չհամապատասխանող փաստեր:

Այս ամենը հեղինակած Օլգա Սկաբեեվան, սակայն, պարզվում է, նոր չէ հայտնի: Ռուս ընթերցողների եւ հեռուստադիտողների մոտ նա վաղուց արդեն վատ համբավ ունի:

Բավական է կարդալ միայն նրա մասին իր գործընկերների կարծիքները:

«Պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկը»՝ նրան այս մականունն են տվել դեռ կես տարի առաջ, երբ Սկաբաեվան «լուսաբանում էր» Մոսկվայում կայացած «Քայլերթն ընդդեմ ստորների»: Նրա մասին բլոգեր interviwer-ը այս տարի հունվարին սարկազմով գրել է. «Այսօր Նավալնին թողարկեց «Ռոսիա-1»-ով մի դժոխային ռեպորտաժ, որում «Վեստի նեդելիի» հատուկ թղթակից Օլգա Սկաբաեվան աչքերում՝ մետաղ եւ ձայնում՝ երկաթ, բացահայտում է «Ստորների դեմ քայլերթի» ողջ թշվառությունը եւ դրա կազմակերպիչների ստոր շահամոլությունը»:

Հայտնի հեռուստամեկնաբան, ժամանակին «Իզվեստիայի» լավագույն մեկնաբաններից մեկը՝ Իրինա Պետրովսկայան էլ, «Էխո Մոսկվիի» եթերում այդ «լրագրողուհու» մասին ասել է.«Դա Սպեցնազի թղթակիցն է:  Մամոնտովի եւ այլոց հետնորդը, երբ հարկ է խփել դագաղի կափարիչի վերջին մեխերը, որում, ճիշտ է, դեռեւս կենդանի մարդ է պառկած: Այդ ժամանակ կանչում են այսպես կոչված թղթակից Սկաբաեվային: Ես մտածում եմ, որ հաջորդ ռեպորտաժում նա արդեն կգոչի՝ «Մահ կատաղած շներին» կամ ինչ-որ նման բան: Նրա տոնայնությունը մոտ է դրան»:

Այդ նույն քայլերթի ժամանակ հայտնի հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոնովը ուղղակի մերժել էր հարցազրույց տալ այդ «լրագրողին»: Այդ պահի կադրն էլ կա, թե ինչպես է Պարֆյոնովը արհամարհանքով շրջվում Սկաբաեվայից եւ նրա բռնած «Ռոսիա» լոգոտիպով միկրոֆոնից: Այս կապակցությամբ էլ լրագրող Ռոման Սուպերը գրել էր.«Այս լուսանկարը ես կդնեի լրագրողների համար նախատեսված դասագրքերի առաջին էջերին: Այս նկարում ամեն ինչ կա: Սկաբաեւան եւ Պարֆյոնովը: Երկու տարբեր կողմ: Երկու տարբեր մասնագիտություն: Երկու տարբեր մոլորակ»:

Մեկ այլ լրագրող էլ, «Նովայա գազետայի» մեկնաբան Սլավա Տարոշչինան Սկաբաեւայի մասին գրել է.«Նա թղթակից չէ, նա թագավորի շուրթերն է: Միայն նրա ամբողջովին մետաղական ձայնն է ի վիճակի արտահայտել պատժիչ երանգներով բարդ գամման՝ ձեռնաշղթաների թույլ զրնգոցից մինչեւ ոտնաշղթաների մռայլ ղողանջը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պետք չէ հիստերիա բարձրացնել ռուսական կողմի վրա, որքան էլ հայհոյենք այդ երկրի կարգերը ու
    բարքերը, այդ երկիրը շատ ավելի լավ պետություն է քան այսօրվա Հայաստանը՝, իր անբարոյական
    ղեկավարությամբ, հակառակ դեպքում այսպիսի համատարած արտագաղք չէր լինի այդ երկիր:
    Ինչ վերաբերվում է՝ ավտովթարին, այդ ողբերգության զոհերից մեկն էլ մեր հայրենակից վարորդն է,
    որը միանշանակ ունի մեղավորություն, բայց մեղավորության մեծ մասը պետք է փնտրել մեր երկրի
    թալանչի ղեկավարության, հանցադործների, ազգակործան գործունեության մեջ:
    Եվ վերջապես, իհարկե աստված հեռու պահի, եթե նման վթար տեղի ունենար մեր երկրում ռուս
    միգրանտի կողմից, նույն կարգավիճակով, նույն պայմաններում, երևի մեծ կտորը ականջը թողեինք,
    հատկապես՝ կհայտնվեյին մոլի հայրենասերներ, որոնց համար այսօրվա երկրի կործանումը կոպեկ
    չարժե:

    • gago says:

      Համաձայն կլինեի քո բոլոր արտահայտած մտքերի հետ, եթե բոլոր հայերը լինեին մաքսիմներ, բայց ինքդ էլ գիտես որ դա անհնար է: Համ էլ, շնորհակալություն բազմակարծությունը հարգելու համար:

  2. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Պարոն Maxim, հիստերիայի հարց չկա: Ամեն ինչ սկսվում է մի կաթիլ մեղրից, եւ եթե չլիներ այս վատ առումով «պրոֆեսիոնալ» ռեպորտաժը, շատ բան այլ կերպ կլիներ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի «շատ ավելի լավ երկիր» լինելուն, կարծում եմ, այդ երկրի բազմաթիվ բնակչներ ձեզ հետ ամենեւին համաձայն չէին լինի: Շատ ավելի հարուստ եւ մեծ՝ գուցե, բայց շատ ավելի լավ՝ թույլ տվեք չհամաձայնել:

  3. ani says:

    Հարգելի Maxim, երբ տարիներ առաջ Երևան-Սոչի ինքնաթիռն ընկավ Սոչիի ռուս դիսպետչերների մեղքով, Հայաստանում ոչ ոք հակառուսական վայնասուն չբարձրացրեց

  4. Մարգար Մախսուդյան says:

    Կարծում եմ ՛՛մոլի հայրենասերների գծով՛՛ մենք և ռուսները իրար չենք զիջում, պարզապես ռուսներն այս ՛՛հարմար՛՛ առիթն օգտագործում են ճնշելու հայկական կողմի նույնիսկ ՛՛ամոթխած՛՛ դժգոհությունները ազերիներին մեկ միլիարդի զենքի վաճառքի առիթով մեր ՛՛աչքը մտցնելով՛՛ մեր խղճուկ տնտեսական վիճակը:
    Մասամբ համամիտ լինելով Մաքսիմին, գտնում եմ, որ ազգովի հայտնվել ենք կրկնակի թակարդում. եթե մեր անուղեղ ցեցերից հաջողվում է փախուստ տալ, ապա հայտնվում ենք նրանց ձեռքում, որոնց ժամանակին կոչում էին ՛՛Միրուքը հաչա, աստղը ճակատին՛՛՝ իրենց բարոյական ողջ նկարագրով հանդերձ:

  5. Maxim says:

    Հարգելի Մելանյա: Նախ խորհապես շնորհակալ եմ Ձեր կոլեկտիվին,՝ բազմակարծիքության նկատմամբ բարեհոգի վերաբերմունքին: Կարճ բանավեճս կուզեմ ձևակերպել հետևյալ կերպ,՝
    խնդրում են ցույց տվեք 10 աշխատանքի տեղ բարձրագույնն ավարտած երիտասարդների համար, որը ինչ որ կերպ առնչվի իրենց մասնագիտական կրթության հետ՝, պետության կողմից նշված ամենացածր աշխատավարձով, թեպետ սպասողները տասնյակ հազարներ են:
    Ռուսաստանը բոլորովին իմ երազած երկիրը չէ, ես այնտեղ՝ բացի Սովետական բանակից չեմ ապրել
    և չեմ ապրի: Ես որոշել եմ միայն իմ հայրենիքում ապրել:

  6. voter says:

    Թող կարգի բերեն իրենց երկիրն, եթե կարգին մարդիկ դեռ մնացել են Ռուսաստանում․․․

    Իսկ եթե չեն մնացել կամ չեն կարողանում, թող իրենք բարի լինեն մեղա գան․․․

  7. Մարգար Մախսուդյան says:

    Կարդացի Ռւս մարդու գրած այս հոդվածն ու ցավով նկատեցի, թե որքան կարիք ունի մեր հասարակությունը նման որակի մարդկանց…

    https://www.echo.msk.ru/blog/annenski/1116892-echo/

  8. Armine G says:

    Ես հարց ունեմ բոլոր այն մարդկանց որ Ռուսաստանի (բայց ոչ ռուս ժողովրդի) ատելությունն ու արհամարանքը հայերի նկատմամբ կասկածի տակ են առնում: Ակնհայտորեն ավտոբուսի վարորդ Ջամշիդ Ռաջաբովը նույնպես ռուս չէ: Իսկ թե նա ի՞նչ ազգ է, ոչ մի անգամ ռուսական եթերից չհնչեց: Արդյո՞ք նա իր մեղքի բաժինը չունի: Զգալով անխուսափելի բախումը, մի՞թե նա չէր կարող խույս տալ: Կամ նա քանի՞ վարորդական խախտում ունի: Կամ ընդհանրապես ի՞նչու է անցել ընդհատակ: Ինչո՞ւ ոչ մեկը նրան չի անհանգստացնում: Արդյո՞ք այս հարցերին պատասխանելով, դեռ կարելի է հավատալ Ռուսաստանի անկողմնակալ վերաբերմունքին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031