Հայ տղամարդուն կանացի խալաթ հագցրած եւ նրա մարդկային ողբերգությունը ծաղրուծանակի առարկա դարձրած ռուսական լրատվամիջոցները երեք օր շարունակ սրտների ուզածն ասում էին «հայ վարորդների» մասին՝ համապետական լրատվական դաշտը հեղեղելով հակահայկական շովինիստական քարոզչությամբ, սակայն այդ ընթացքում Հայաստանի պատկան մարմիններից որեւէ մեկը ծպտուն անգամ չհանեց։
Ու եթե Սերժ Սարգսյանի՝ Պուտինին ուղղված ցավակցական հեռագիրն ուղարկելիս դեռ լրատվական դաշտում այդքան էլ մեծ չէր «բառաչող հայ գաստարբայտերի» նկատմամբ նվաստացուցիչ ալիքը, ապա արդեն երեկ, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր իր ցավակցությունը հայտնում ռուս գործընկերոջը, պատկերն այլ էր։ Սակայն միեւնույն է, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը չհանդգնեց բառ անգամ ասել ՀՀ քաղաքացու նկատմամբ դրսեւորած անմարդկային պահվածքի մասին։
Վթարից չորս օր անց միայն, այն էլ՝ հայկական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քնից արթնացավ ու որոշեց զբաղվել վարորդի ճակատագրով՝ հանդիպելով ռուս ոստիկանների հետ։ Իսկ ո՞ւր էին դեսպանատան աշխատակիցները, երբ ՀՀ քաղաքացուն իբր հագուստի բացակայության պատճառով կանացի խալաթ էին հագցնում, երբ նրան հետվնասվածքային շոկից ստիպողաբար դեղերով արթնացնում էին՝ թքած ունենալով, թե դա ինչպես կանդրադառնա վերջինիս առողջության վրա։
Ինչո՞վ էր զբաղված ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը։
Կարդացեք նաև
Եվ առհասարակ, ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիները, այդ թվում եւ՝զոհված որդու տապանաքարի համար գումար վաստակելու նպատակով ՌԴ մեկնած Հրաչյա Հարությունյանը, իրենց հաշվին պահեն նման ձրիակեր մարմինների ձրիակեր ղեկավարների։
Միակ ադեկվատ արձագանքը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ ռուս գործընկերոջն ուղղված նամակն է, որտեղ նա հիշեցնում է ՌԴ օրենսդրությունն ու խնդրում հայ վարորդի իրավունքների պահպանության հարցերին հետամուտ լինել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ես և իմ ընկերները տարբեր առիթներով գործ ենք ունեցել տարբեր երկրներում Հայաստանի դեսպանատների հետ և միանշանակ կարող եմ փաստել, որ հայաստանի դեսպանները իրենց աշխատակազմերով հանդերձ պորտաբույծների հավաքածուներ են, որոնք սնվում են մեր վճարած հարկերից: Եվ առաջինը իրենք են խախտում այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքները, էլ ուր մնաց պաշտպանեն: