Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի պահանջատիրությանն արձագանքել է նաեւ պաշտոնաթող թուրք դեսպանը

Հուլիս 17,2013 10:22
Aghvan Hovsepyan

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի արձագանքից առաջ՝ հուլիսի 9-ին Նյու Յորքի «Թուրքական» կայքէջում գլխավոր դատախազի հայտարարությանը անդրադարձել էր նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Նա նշել է, որ իրավաբանների համահայկական 2-րդ համագումարի բացման խոսքում ՀՀ նախագահը գոհունակությամբ է արտահայտվել նրանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա են գրավում այլ երկրների ուշադրությունը:

Ապա Լյութեմն ավելացրել է. «Թեեւ Հայոց ցեղասպանության հայկական թեզի ճանաչումը այլ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում եղել է Հայաստանի բոլոր նախագահների առաջադրանքը, սակայն վերջիններս ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բացահայտ պահանջ չեն ներկայացրել Թուրքիային: Հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից հետո նախագահ Սարգսյանը սկսեց խստացնել Թուրքիային հասցեագրված քննադատությունների ոճը, իսկ վերջին 2 տարիներին ձեռնամուխ եղավ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջ ներկայացնելուն Թուրքիային: Սակայն նա դրանով չի բավարարվում, այլ համառորեն «ցեղասպանության հետեւանքների վերացման» հարցն է բարձրացնում: Դա ենթադրում է փոխհատուցում վճարել տեղահանության ժառանգներին, վերադարձնել առգրավված հայկական կալվածքներըՙ եկեղեցիները ներառյալ, ինչպես նաեւ Թուրքիայից տարածք զիջել Հայաստանին: Դրանով հանդերձ նախագահ Սարգսյանն ու այլ գործիչներ հողային պահանջի մասին բացահայտ չէին արտահայտվում:

Այդ «բացը», եթե տեղին է ասել, լրացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա ասել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանը իրավաբանորեն հաստատված չէ, կրկնել է սփյուռքի տեսակետները, թե Լոզանի պայմանագիրը չի մերժել Սեւրը, ուժի մեջ է նախագահ Վիլսոնի իրավարար որոշումը, Լոզանը Թուրքիա-Հայաստան սահմանի մասին որոշում չի ընդունել, ինչ վերաբերում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, որոնցով գծվել է սահմանը, ապա կարելի է առարկել դրանց:

Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ Ադրբեջանը, բացի Ղարաբաղից, ադրբեջանական տարածք է համարում նաեւ Երեւանը, ուստի դրան հակադրվելու համար պետք է առաջ քաշել Նախիջեւանի հայկական պատկանելության խնդիրը: Այսպիսով, գլխավոր դատախազը դարձել է Թուրքիային բացահայտ հողային պահանջ ներկայացնող առաջին պաշտոնական գործիչը Հայաստանում: Թեեւ Հովսեփյանի խոսքերը հնարավոր է վերագրել անձնական կարծիքին, սակայն դժվար է ենթադրել, որ նա այսպիսի կարեւոր հարցում, առանց նախագահ Սարգսյանի հավանության, նման հայտարարություն անի:

Ինչ վերաբերում է այլ երկրներում հայկական պահանջների պաշտպանության հավանականությանը, ապա հողային պահանջները, որոնք հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին, նույնիսկ պատերազմի պատճառ են համարվում, որպես կանոն հավանության չեն արժանանում: Հզոր Թուրքիայի իմիջը մեզ թույլ չի տալիս, որ կարեւորենք պահանջները: Այլապես դրանք կարող են դրական արձագանք գտնել: Չի բացառվում, որ Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրող Հայաստանը 2014-ին միության անդամ երկրներում եւ կառույցներում ավելի ուժգին հնչեցնի հայկական այդ պահանջները: Համենայն դեպս, արձանագրությունների ձախողմամբ արդեն լարված Թուրքիա-Հայաստան հարաբերությունները հողային պահանջներով ներքաշվում են արկածախնդրության մեջ»:

Պաշտոնաթող դեսպան Լյութեմը հզոր Թուրքիայի իմիջի մասին արտահայտվելիս ակամա պատասխանում է, թե ինչու է խուսափում թուրքական կողմը ՀՀ գլխավոր դատախազի պահանջներին պաշտոնապես արձագանքելուց:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031