Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որոշեց կարճել գործի վարույթը:
Ր.Հովհաննիսյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, վիճարկում էր ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված էր, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:
Ր.Հովհաննիսյանը ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը վիճարկել էր այնքանով, որքանով Նախագահի թեկնածուներին հնարավորություն է տալիս ընտրական շտաբի համար տարածքների վարձակալման գումարը (շուկայական արժեքը), ինչպես նաև դրանց վրա որպես ցուցանակ օգտագործվող քարոզչական բնույթի պաստառների պատրաստման (տեղադրման) ծախսերը չներառել այն ծախսերի մեջ, որոնց համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Դիմումատուն պահանջում էր հակասահմանադրական ճանաչել վերոհիշյալ հոդվածները:
Կարդացեք նաև
Ի դեպ, ոչ դիմումատուն, ոչ պատասխանող ԱԺ-ն ներկա չէին, ինչպես ՍԴ խորհրդակցական սենյակ մտնելը, այնպես էլ դրանից դուրս գալու պահին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ