Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վկան ծանոթ էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը

Հուլիս 16,2013 19:33

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ՊՆ զորամասի` զինվորական հոսպիտալի բժիշկ Արման Հակոբյանը:
Այս վկան դատակոչվել էր «Հարսնաքարի գործով» անցյալ տարվա հունիսին ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված, դրա հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընկերների`գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությամբ:
Դեռ տուժողների ներկայացուցիչը հարց չէր տվել վկային, երբ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե իր տեղեկություններով նա որպես մասնագետի է պատասխանելու հարցերին, եւ ոչ թե`վկայի: Դատավոր Դավիթ Հարությունյանը դիմեց վկային, որպեսզի նա պատմի, թե ինչ գիտի, կամ ինչ է լսել դեպքի, դեպքի հանգամանքների մասին:
Վկան ճանաչել էր Վահե Ավետյանին եւ ճանաչում էր տուժող Արտակ Բայադյանին: Դեպքից հետո է ճանաչել մյուս տուժողներին: «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ, ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին եւ Խաչատրյանին, Նորայր Հայրապետյաին չի ճանաչել: Նա դեպքի մասին իմացել է իրենց բաժանմունքի բժիշկ Արտակ Բայադյանից, այն էլ երկու-երեք օր հետո. «Զրուցելու ժամանակ չի եղել: Չեմ հետաքրրքրվել, թե քանի հոգով են ծեծել. դրանից իմ բուժօգնությունը չէր փոխվի: Հիշում եմ, որ Արտակն ասաց, խնջույքի են գնացել, ծեծել են քսան-քսանհինգ հոգով»:

IMG_0251
Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին, թե արդյոք, նույն օրը դեպքի մասին իմանալը կարեւոր չէր, բժշկական օգնությունը կազմակերպելու առումով, վկան ասաց, որ ինքը, երբ կանչով գնացել է հոսպիտալ, իր հետագա գործողությունները արել է որպես մասնագետի:
Վահե Ավետյանի շնչառական ապարատը վնասված էր, միացվել էր արհեստական շնչառություն, ըստ բժշկի նկարագրության, Վահեի վիճակը գնում էր դեպի պրոգրեսիվ բացասական. տասներկու օր տարբեր բժիշկներ են մաքառել Վահեի կյանքի համար: Հունիսի 29-ին արձանագրվել է կենսաբանական մահը:
«Կյանքի ցուցումով վիրահատություն արվեց»,-ասաց նա եւ դա նպաստել է, որ Վահեն դեռ տասնմեկ-տասներկու օր ապրի. «Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի պահպանումը նպաստեց, որ նա ապրի»:
Բժիշկ վկային տրվեց հարց, թե ինչ ասել է`«կյանքի ցուցումով»:
Վկան պատասխանեց, որ կա, շտապ վիրահատություն հասկացություն, կա պլանավորված վիրահատություն եւ կյանքի ցուցումով վիրահատություն հասկացություն, այլ տերմին մեզանում գոյություն չունի:
Տրվեց հարցեր, թե եթե գիտեիք, որ Վահեն մահացած է, ինչը ստիպեց, որ երկրորդ վիրահությունը արվեր, արդյոք, ապարատը պե՞տք էր անջատել, թե` ոչ, կարո՞ղ էին Վահեի վնասվածքները, կամ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ սխալ տեղաշարժը, մեքենայի մեջ տեղավորելը դառնալ նրա մահվան պատճառ:

IMG_0252
Վկան պնդեց, որ Վահեն ստացել է հարված, իսկ գլխի կիսագունդն էլ շեղվել էր չորս սանտիմետր: Ինչ վերաբերում է տեղափոխմանը, վկան ասաց, որ կարճ ժամանակում են Վահեին հասցրել բուժհիմնարկ, շտապ օգնությունը հաճախ ավելի ուշ է հասցնում:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի, իսկ այսօրվանից նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանին էլ հետաքրքրում էր, թե կարո՞ղ էր «իր ամբողջ հասակով կոշտ առարկայի վրա  ընկնելուց» տուժողը ստանար հարվածը, կամ Վահեն արդյոք ունեցե՞լ է հիվանդություն, որը պատճառ դառնար նրա մահվան, վկա գործընկերը պատասխանեց բացասաբար, նաեւ ակնարկեց, որ ծանոթ է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ «խեղաթյուրումներ, վրիպակներ» չեն եղել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 23-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031