Մեծանում է մի սերունդ, որի համար ազատամարտիկ բառը ոչինչ չի նշանակում: Կամ նշանակում է երկու բան՝ կերած-խմած օլիգարխներ եւ հակառակը՝ փողոցում խեղճուկրակ կանգնած եւ փող խնդրող անոտ, անատամ, չսափրված տղամարդիկ… Այս սերունդը չի տեսել այն տարիները, երբ ազատամարտիկները հերոսներ էին, երբ նրանք մեր երկիրն էին պահում: Այս սերունդի համար ամեն ինչ պատրաստի է եկել, նրանք չեն հիշում պատերազմը, չեն հիշում սովը, չեն հիշում ամեն օր ռազմաճակատից եկող ցինկե դագաղները…
Սակայն միայն նրանք չեն… Մեր սերունդն էլ, որ տեսել է այդ ամեն ինչը, մեր սերունդն էլ, որ պարտք ունի ազատամարտիկների առաջ, կամաց-կամաց անտարբեր է դառնում նրանց խնդիրներին, կամաց-կամաց նրանց պահանջները՝ արտոնություններ, աշխատանք, օգնություն, հոգնեցնում են մեզ, եւ մենք մտածում ենք, հաճախ էլ բարձրաձայնում՝ «կռվե՞լ ես, լավ ես արել, վերցրու քո մեդալը ու ուրիշ բաներ մի պահանջիր»… Մենք չենք ուզում հոգալ նրանց հոգսերը, մենք կարող ենք անգամ նրանց երեսին նետել՝ «ո՞վ էր խնդրում գնայիր կռվեիր» կամ «բոլորս էլ պատերազմի միջով անցել ենք, հետո՞ ինչ…»: Խոստովանեմ, ես էլ եմ հաճախ «հոգնել» նրանց պահանջներից, ես էլ եմ մտածել՝ անցավ ձեր ժամանակները, տեղ տվեք երիտասարդներին… Բայց ո՞վ եմ ես, որ այդպես մտածեմ…
Երեկ, երբ առավոտից մինչ երեկո աչքերս չէին չորանում՝ Հրաչյա Հարությունյանի ստորացած, նվաստացուցիչ վիճակի մասին պատմող լուսանկարները եւ տեսանյութը դիտելուց հետո, երբ ամեն վայրկյան մտածում էի, որ հիմա ռուսաստաններում այսպես նվաստացնում են ի’մ խաղաղության, ի’մ ապրելու իրավունքի համար կռիվ տված մարդուն, ի’մ հերոսին, որը, ճիշտ է, իր կամքից անկախ, մոտ երկու տասնյակ մարդու մահվան պատճառ է դարձել, սակայն ինքն էլ զոհ է, ես ինձ անպաշտպան էի զգում: Անպաշտպան էի, քանի որ ի’մ հերոսը իր տան մեջ չէր կարողացել փող վաստակել, չէր կարողացել «օլիգարխ-երկրապահ» դառնալ, եւ հիմա այնտեղ է, որտեղ թշնամու գնդակի առաջ հերոսաբար կռված մարդուն կանացի խալաթ են հագցնում եւ ծաղրուծանակի են ենթարկում…
Իսկ վաղը, մյուս օրը ավելանալու է նրանց թիվը, ովքեր չեն կարողանալու իրենց տանը մի կոպեկ աշխատել, որովհետեւ եկել է այն սերունդը, որին չի հուզում ազատամարտիկներին թեկուզ «ստայանչիկի» գործով ապահովելու հարցը, եւ շատ ավելի է կարեւորվում ժամանակակից մեթոդներով եւ ձեւերով ավտոկայանատեղիներ պատրաստելը, գեղեցիկ ու բարեկարգ Երեւան ունենալը: Մինչեւ երեկ ես էլ էի կարծում, որ ճիշտը «կպչուն ստայանչիկներից» ազատվելը եւ դրա փոխարեն կարմիր գծանշումներով ժամանակակից եւ գեղեցիկ վճարովի ավտոկայանատեղիներ ունենալն է: Թե ում գրպանը կգնա այդ գումարը՝ չասեմ, պարզ է: Պարզ է, որ ոչ ազատամարտիկների: Նրանք իրենց բաժին գործն արել են, կարող են հեռանալ…
Կարդացեք նաև
Այսօր մի ասուլիսի էի ներկա, որին մասնակցում էին երկու տարբեր մարդիկ՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Առաջինը երիտասարդ էր, երկրորդը՝ ոչ այնքան: Առաջինը, ինչպես մինչեւ երեկ՝ ես, գտնում էր, որ շատ արագ պետք է ազատվել «ստայանչիկներից», իսկ երկրորդը ասում էր. «Այս ամենը շուտով կհանգեցնի բազմաթիվ գործազուրկների: Իսկ այդ մարդկանց հիմնական մասը ազատամարտիկներ էին, ովքեր այդ կերպ գոնե կարողանում էին գոյատեւել»:
Այսօր ես արդեն երկրորդի կողմից եմ: Ես չեմ ուզում, որ իմ պաշտպաններից թեկուզ մեկը, երկուսը ստիպված լինեն «ստայանչիկությունը» կորցնելու պատճառով գնալ ռուսաստաններ… Ես կայանելու եմ միայն նրանց մոտ՝ քանի դեռ ամբողջ քաղաքը չեն գծանշել…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լավ բա Ադրբեջանի չափ էլ չկանք??? Իրենց մարդասպանին հաջողացրին Ադրբեջան բերել Հունգարիայից ու վնասը փոխհատուցել, իսկ մեր նախագահը լռում է և միշտ այսպիսի դեպքերում որից մեկն էլ Գորիսինն է նրա ոչ ձայնը լսեցինք ոչ էլ կարծիքը իմացանք: Ադրբեջանցին տեր կանգնեց մարդասպանին, իսկ Հայաստանը փրկած զինվորը այսօր ծաղր ու ծանակի է արժանացել ու նախագահ չունենք, որ տիրություն անի իր անպաշտպան զինվորին