«Եկել եմ, որպեսզի իմ բողոքի ձայնն այստեղ միացնեմ շուրջ 60 բողոքավորների ձայնին: Մարդու արժանապատվությունը ստորացրել, նսեմացրել են, եւ այդ մարդը ՀՀ քաղաքացի է: Կարելի է մարդուն դատել՝ դատեք, ձեր օրենքներով պիտի դատեք: Բայց ռուսաստանյան որեւէ օրենքով չի նախատեսված մարդուն ստորացնել, արժանապատվությունը նսեմացնել, սեփական ես-ը կշտացնել ու իրենց ժողովրդին ցույց տալ, որ տեսեք, ոջիլ ենք բռնել, հիմա սատկացնելու ենք էդ ոջիլը: Կներեք համեմատության համար»,- այսօր ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիային Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Բողոքի ակցիան կազմակերպվել էր ի պաշտպանություն հայ վարորդի, որը ՌԴ-ում 18 անձանց մահվան պատճառ էր դարձել:
Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ «Մարդուն անմեղսունակության էին հասցրել, գումարած հոգեբանական շոկը: 5 օր հետո բերեիք դատարան, լավ, 10 օր հետո բերեիք: Սրանք հասարակ հարցեր էին: Եթե փորձի հասարակության մեջ որեւէ մեկն իրեն հարց տալ, թե ՌԴ քաղաքացի լիներ վարորդը, այդպե՞ս կվարվեին: Հազար ու մի դատ ենք տեսել մենք, այդպիսի բան չենք տեսել: Թշնամի համարվող Թուրքիայում եթե լիներ, չէր լինի նման վերաբերմունք՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, վստահ եմ ուղղակի: Թուրքիայի դատարանում նման բան չէիք կարողանա տեսնել՝ դիտմամբ կանեին, թե ինչպես կանեին, բայց կանեին օրենքով: Հիմա սրանց՝ ռազմավարական կոչված դաշնակցի օրենքներով փաստորեն կարելի է սեփական եսը կշտացնել՝ այդ եղանակով: Դրեք-վառեք, հասկանանք, էլի: Անընդհատ այդ մարդուն ամիսներով, տարիներով ծամոն են շինելու: Ես վախենամ ավելի ծանր բաներ էլ լինեն: Մարդը կարող է հոգեբանական սրացումների մեջ ինքն իրեն փորձի վնաս տալ, այդպես էլ կարող է լինել»:
Լեւոն Բարսեղյանը գտնում է, որ դատավորը չպետք է նիստը կայացներ, պետք է ասեր՝ նախ մարդուն պատշաճ տեսքի բերեք, հետո նոր նիստը կանենք. «Ես չեմ կարծում, որ հատուկ դիտավորություն կա հայ ազգին այդ ստորությամբ ինչ-որ բան ցույց տալու, բայց սա ուղղակի իրենց հավաքական վերաբերմունքի կենցաղային դրսեւորումներից մեկն է. «Հատուկ ինչ-որ մի ծրագիր չունեն գծած, որ հենց մի հատ հայ վարորդ ընկնի ձեռքերը, դնեն այդպես ստորացնեն»:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանը վստահ է, որ եթե վարորդը ռուս լիներ, այդպես հաստատ չէին վարվի:
Դիտարկմանը, որ քննիչների պնդմամբ՝ Հրաչյա Հարությունյանին դատարանում ինչ-որ հագուստ անհրաժեշտ չէր՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Ուրեմն դատավորներին էլ հագուստ պետք չէր, քննիչին էլ պետք չէր: Մենք տրամաբանությունից թռնում ենք դուրս, իսկ այդպես դատավարությունն էլ դառնում է անիմաստ»:
Ֆեյսբուքում քննարկվում է նաեւ, որ թող Հրաչյա Հարությունյանը դատարանում խալաթը հաներ, մորեմերկ ներկայանար՝ ի նշան անհամաձայնության եւ բողոքի: Այս առնչությամբ Լեւոն Բարսեղյանն ասաց. «Վթարի կադրերը եթե տեսել եք, վթարից անմիջապես հետո մարդը կանգնում է, ապշած նայում է այդ ամեն ինչին: Ես կարծում եմ, որ մարդը շոկի մեջ է: Նախևառաջ, հարկավոր է, որ օրեր շարունակ իր հետ հոգեբան աշխատեր, խելքի բերեր: Աֆեկտի մեջ է մարդը, ես վստահ եմ ուղղակի: Նման բան տեսնել, մարդուն 2 օր հետո բերում են դատարան: Ինչ էլ հագցնեին, մերկ էլ բերեին, ես չեմ կարծում, որ ինքը գլխի կընկներ, որ մերկ է: Չեմ կարծում, որ իր վարքը գիտակցված էր եւ մեղսունակ: Ինքն ի վիճակի չէր ուղղակի դատարանում ներկա լինելու: Մի քանի օր գոնե սպասեին, չէր փախնի, այ մարդ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ