Այսօր ՌԴ դեսպանատան մոտ 18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ՌԴ-ում ստորացնելու համար մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Ակցիայի ժամանակ կազմակերպվեց նաեւ ստորագրահավաք, որն արտահայտում էր քաղաքացիների դժգոհությունը՝ հատկապես «բառաչել» ձեւակերպման համար:
Կազմակերպիչներից մեկի՝ Բորիս Թամոյանի խոսքերով. «Եթե նայենք ՌԴ-ի գործելաոճին, կարելի է ասել ստորագրահավաքը շատ մեծ բան չի տա: Ռուսաստանը չի փայլում ժողովրդավարությամբ եւ դժվար թե այլ երկրի քաղաքացիների խոսքը այդպես շատ բուռն կերպով ընդունվի, ուղղակի սա բողոքի արտահայտման ձեւ է: Մենք չենք գնում ինչ-որ քայլերի, որոնք կլինեն ի վնաս մեր շահերի: Արտահայտում ենք մեր քաղաքացիական դիրքորոշումը, իսկ թե մյուս կողմն ինչպես կվարվի դրա հետ, որքան ժողովրդավար կգտնվի եւ ինչպես կլուծի խնդիրը, դա արդեն իրենց գործն է»:
Երիտասարդները ՌԴ-ի դեսպանատան մոտ ցուցապաստառներ էին ցուցադրում՝ պահանջելով արժանապատիվ վերաբերմունք դրսեւորել եւ վերջ տալ «խալաթային դատավարությանը»:
Կարդացեք նաև
«Ոտաբոբիկ, ոչ սթափ վիճակում իրեն բերեցին հարցաքննության: Դա մեր արժանապատվությունը ոտնահարում է: Դեռ դատարանի որոշումը չկա, իրեն կոչում են հանցագործ: Առաջատար լրատվամիջոցներով ասում են՝ նա սկսեց բառաչել: Բառաչում են կենդանիները: Սա արժանապատվությանը կպնող արտահայտություն է: Միայն խալաթը չի»:
Մեր հարցին՝ եթե Հայաստանում նման դեպք լիներ եւ այլ երկրի քաղաքացի բեռնատարով վթարի ենթարկեր հայերի, դիրքորոշումը նո՞ւյնը կլիներ՝ նա պատասխանեց. «Դա կլիներ պատահար, որի մեղավորները պիտի պատժվեն: Այն, ինչ մենք պահանջում ենք այսօր մեր քաղաքացու հանդեպ դրսեւորել, այլ երկրի քաղաքացիների հանդեպ էլ պետք է հարգանքով վերաբերվենք»:
Երիտասարդները ստորագրություններով նամակը գցեցին դեսպանատան փոստարկղ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ