«Ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի նավթի էմբարգոյի հարցը: Այդ ինչո՞ւ աֆրիկյան ադամանդների վրա սահմանափակումներ կան՝ չի կարելի կռվող կողմերից առնել ադամանդ, որովհետեւ դա զենքի աղբյուր է դառնում, իսկ նույն նավթուգազի վրա մենք չենք ուզում էմբարգո դնել: Նույնը, հիշեք, սահմանափակում եղավ Իրաքի վրա, Իրանի վրա: Այսինքն՝ չի կարելի առնել նավթ ու գազ, եթե էդ փողը գնալու է զենքի գնման: Իրանը այսօր դրված է Արեւմուտքի կողմից խիստ էմբարգոյի տակ՝ նավթի ու գազի առումով, որովհետեւ Իրանը «կարող է» այդ փողն օգտագործել զենք ստեղծելու վրա, անվտանգության խնդիր է: Բա ինչի՞ ադրբեջանական նավթը դրված չի կամ գազը, երբ որ այդ փողերը նա ոչ թե «կարող է», այլ հաստատ օգտագործում է զենք ձեռքբերելու վրա: Ինչի՞ մեր արյունքը պակաս կարմիր է, քան թե հրեաների արյունը Իսրայելում, որ Իրանին կարելի է էմբարգոյի տակ դնել, իսկ Ադրբեջանին չի կարելի, թե՞ Իրանը ավելի թույլ կամ պակաս կարեւոր երկիր է, քան Ադրբեջանը: Իհարկե՝ ոչ: Սա, իհարկե, աշխարհի երկակի ստանդարտների խնդիր է, բայց մյուս կողմից էլ՝ մեր մեղավորությունն է, որ երբեք այդ հարցը չենք բարձրացել»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ