Այսօր ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ցույցին ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատներն իրենց դժգոհությունն էին հայտնում ՀՀ քաղաքացուն ստորացնելու համար: Նրանք պատմում էին, որ հիվանդանոցում թույլ չեն տվել, որ որեւէ մեկն այցելի կամ որեւէ սնունդ, հագուստ, ծխախոտ փոխանցի Հրաչյային:
Վարորդի քրոջ՝ Սեդայի խոսքերով՝ «Գոնե թույլ տային, որ հիվանդանոցում նա բուժվեր միառժամանակ, ոչ թե ձեռքերը կանդալեին տանեին: Ռուս ժուռնալիստը լացում էր, էլ ասելու բան չկա»:
Հարազատները վստահեցնում էին, որ ողջ ազգով արտագաղթելու են Հայաստանից, որովհետեւ ուզում են ապրել օրենքի երկրում, որտեղ ապահով կզգաս. «Ինչի՞ համար պատերազմի մասնակից զինվորը պիտի գնա հասնի Ռուսաստան, հարց եմ տալիս: Խոպան՝ այսպես ասեմ: Ինչի՞ համար, մի հատ տապանաքար գցելն ի՞նչ ա, որ չկարողանա աշխատող, չարքաշ մարդը գցի, ամոթ է: Իմ եղբայրը ոչինչ չի պահանջել էս պետությունից: Մի հատ հեռախոսն ի՞նչ ա, ասել է ես կքաշեմ>:
Հուզված էր հատկապես վարորդի հայրը՝ Հովսեփ Հարությունյանը: Նա խոսելիս արցունքները հազիվ էր զսպում, ժամանակ առ ժամանակ թրջում աչքերը: Որպես վարորդ՝ հայրն արդարացնում էր որդուն՝ վստահեցնելով, որ Հրաչյան իր պարտականությունները կատարել է. «Նա տեսավ, որ ավտոբուսը դուրս եկավ, ինքը ձախ քաշեց, որ ավտոբուսին չկպնի: Երկրորդն էլ՝ շուռ է եկել ու իներցիայով ավտոբուսին կպել, ինքը չի խփել: Էդքան մեքենաներից փախցնելով, փախցնելով… Հիմի տարել են, կոխել: Մի հատ քրջ հագցրել, ամբողջ աշխարհը նայում է էդ մարդուն, էդ մարդը հանցագո՞րծ է: Ըտենց հանցագործ կլինի՞: Ղարաբաղ է գնացել, էդքան կռիվներին մասնակցել»:
Կարդացեք նաև
Հայրը պատմում էր, թե ինչ փորձանքներից ու շրջափակումներից է որդին փրկվել, որ մարտական ընկերներին կորցրել է, ինքը ողջ է մնացել. «Աստված իրեն փրկեց: Ես չեմ ասում, որ զոհվածները…ողորմի, բայց մարդ են էլի, նա չի ուզեցել, որ նման բան լինի: Ոչ մեկը չէր ուզի»:
Հարազատները պատմում էին, որ ընդամենը 3 ամիս էր, ինչ Հրաչյան մեկնել է ՌԴ՝ որդու տապանաքարի համար գումար վաստակելու: Հայրը պատմեց, որ դեռ հացի փող էր հասցնում աշխատել:
Ինչ վերաբերում է տուգանքներին, որ 10 տարվա ընթացքում 6 անգամ տուգանվել է՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, հարազատները վստահեցնում էին, որ նա այդքան չի տուգանվել, հավանաբար մեքենայի տուգանքներն են հաշվել, բայց ոչ վարորդի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ