Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սիմիզար Հովսեփյանը պետք է հրապարակեր «Մատաղիսի գործով» արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ հայցվորները Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայցի հիմքում դրվել էր 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը:
Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Կարդացեք նաև
Գագիկ Ջհանգիրյանը ասել էր. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Արդարացվածների կարծիքով, Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ էր ունեցել արատավորելու իրենց պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է իրենց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»,- նշված է հայցադիմումի մեջ:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանի օգնականը հայտնեց, որ դատավորը հիվանդ է, հետեւաբար, դատական ակտի հրապարակումը հետաձգվում է:
Օրվա մասին դատարանը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ