Քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի:
Ակցիայի կեսից երիտասարդներին միացան Հրաչյա Հարությունյանի հարազատները: Նրանք արցունքն աչքերին պատմում էին, թե ինչպես է Հրաչյան կռվել հայրենիքի համար, կամավոր է գրվել, ինչպես է բանակում որդի կորցրել ու հիմա նրան ՌԴ-ում ստորացնում եւ դատում են՝ ամենավերջին հանցագործի նման:
Վարորդի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը վստահեցրեց, որ այդ արարքը ՌԴ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարում է. «Ոչ տեռորիստ է, դեպք է, պատահել է, շատ խորը ցավակցում եմ: Հրաչը մեքենայից չի թռել: Մինչեւ վերջ պայքարել է, որ մեքենան հնարավորինս պահի»:
Քրոջ՝ Սեդայի խոսքերով՝ Հրաչյան մարդու չէր վնասի. «Ինքը մղկտալով, լացելով գնացել է Ռուսաստան: Պատերազմի մասնակից է եղել, կանտուզիայով, այդքանից հետո երեխեն բանակից եկել է, մահացել է: Ինքը գնացել էր, որ երեխու քարի համար գումար աշխատի, որ բերի: Ինքը եթե երեխա է կորցրել, կուզե՞ր, որ ինչ-որ մեկի մազը ծռվի: Թե հիմա մեր ղեկավարությունը ի՞նչ է մտածում, ոչ մարդը խմած է եղել, նորմալ մարդ: Նկարահանումներից չե՞ն տեսնում, որ մարդը պայքարել է, որ ոչ մեկին վնաս չհասցնի: Ինչի՞ մի բանով չի օգնում: Կամ ի՞նչ է նշանակում կանացի խալաթ են հագցրել տարել: Չեմ ուզում շատ խորանամ: Կարելի՞ է չէ ընդառաջել: Մարդու հոգեկանը խանգարվում է, նա կանտուզիա տարած մարդ է: Ցավում եմ, որ տենց է եղել, էդքան զոհ է եղել: Եթե անգամ իմ ախպերը չլիներ մեջը, էլի ցավում ենք, մարդ ենք, բայց եղածն եղել է, առավել եւս, որ ինքը չի ցանկացել ինչ-որ մեկին վնաս հասցնել»:
Կարդացեք նաև
Հարազատները պահանջում էին, որ Հրաչյա Հարությունյանին արդարացնեն: Նրանք պատմում էին, որ Հրաչյայի տղան բանակում գլխին հարված է ստացել, որի պատճառով էլ նրան վիրահատել են: Վիրահատության համար ահռելի գումարներ են անհրաժեշտ եղել: Հրաչյան ստիպված է եղել որդու կյանքը փրկելու համար պարտքեր կուտակել, բայց որդին մահացել է:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Սեդա Հարությունյանից հետաքրքրվեց՝ երբ բանակում որդուն դեպք է պատահել, պետությունը չի՞ աջակցել՝ նա պատասխանեց. «Չխորանանք դրանում: Մենք չենք բողոքել, ոչինչ չենք արել, ոչինչ չենք ուզում: Բայց հիմա խնդրում ենք՝ թող ղեկավարությունը մի քիչ աջակցի: Դեռ երեխա ունի: Եթե նա նստեց դուրս եկավ՝ հոգեկանը խանգարվելու է: Կոնտուզիա տարած մարդ է վերջապես, պատերազմի մասնակից: Նա ամեն մեկիդ վրա դողացել է, հավատացեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ