Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայնա՞կ ես, շփման կարի՞ք ունես»

Հուլիս 16,2013 16:33

Ամեն օր կարելի է ստանալ կարճ հաղորդագրություն՝ զեղչերի, համերգների կամ էլ որոշ ծառայությունների մասին: Հերթական գովազդային կարճ հաղորդագրությունը «Նիկիտա Մոբայլ» ընկերությունից էր.

«Միայնա՞կ ես, շփման կարիք ունե՞ս, ուղարկի՛ր xxx բառը xxx համարին աղջիկների/ տղաների հետ շփվելու համար: 1 հաղորդագրության արժեքը 240 դրամ»:

Որոշեցի օգտվել առաջարկված ծառայությունից: Ուղարկեցի նշված բառը նշված համարին, գումարը պարտաճանաչ գանձվեց, բայց պատասխան կարճ հաղորդագրությունը չստացա: Հասկանալով մարդկային սխալականությունը՝ ևս մեկ փորձ կատարեցի, արդյունքում՝ գումարը գանձվեց, իսկ ես շարունակում էի «միայնակ» մնալ:

Սկսեցի զանգել «Նիկիտա Մոբայլի» «թեժ գիծ»: Աշխատակցուհին սկզբում չէր հասկանում՝ ինչի մասին էի խոսում. ստիպված էի կարդալ ընկերության ուղարկած գովազդ – կարճ հաղորդագրությունը: Նա հավաստիացրեց, որ ես ստացել եմ պատասխան հաղորդագրությունները:

Երկար հարցուփորձից հետո աղջիկը բացատրեց՝ տեխնիկական թերություններ են: Ինչևէ, մի քանի րոպե հետո ընկերության աշխատակիցը նորից կապվեց ինձ հետ՝ պարզվեց՝ ես ստացել եմ հաղորդագրությունը: Այն խնդրում էր ուղարկել տարիքը և անունը, կատարեցի ցուցումները, նույն պատմությունը …

Ընկերության մեկ ուրիշ աշխատակցուհի խնդրեց սպասել «մաքսիմում 20 րոպե»: Մոտ մեկ ժամ հետո «Նիկիտա Մոբայլի» աշխատակցուհին պատասխանեց. «Մեր մոտ երևում է, որ Դուք ստացել եք, սպասեք, գուցե և պատասխան ստանաք»:

Ռուզան Խաչատրյանը նմանատիպ ծառայությունների պատճառով խնդիրներ է  ունեցել .«Դա տեղի է ունեցել մոտավորապես 2002-2003 թթ.: Հեռուստաալիքներից մեկով գովազդում էին ծանոթությունների ծառայություն՝ զանգերի միջոցով: Երևի թե էրոտիկ ծառայություն էր՝ գովազդում ինչ-որ կիսամերկ աղջիկներ, բիլիարդ էին խաղում: Եվ մի ամիս հեռախոսիս վճարը կազմեց 500 դոլար: Պարզվեց՝ այդ ժամանակ դեռ անչափահաս տղաս է օգտվել այդ ծառայությունից: Ես չէի պատրաստվում մուծել այդ գումարը, այդ պատճառով էլ դիմեցի դատարան: Պարզվեց, որ միայն մեր մոտ չի այդ խնդիրը: Շատ ընտանիքներ են այդ ընթացքում զարմացել իրենց հեռախոսային հաշվի պատճառով: Ճիշտ է, ընկերությունը փորձել էր հաշտություն հաստատել, բայց ես շարունակեցի դատական գործը, քանի որ ցանկանում էի հրապարակայնացնել այդ խնդիրը»:

Ի դեպ, «Նիկիտա Մոբայլի» հեռախոսավարուհին հավաստիացրեց, որ իրենց ծառայությունը նախատեսված է չափահաս անձանց համար, և իրենց ծառայությունը պահանջում է նշել տարիքը: Իսկ եթե կեղծում են, ապա՝ ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Առաջին հաղորդագրությունից մոտ 24 ժամ հետո ես ստացա «Նիկիտայից» այդքան սպասված հաղորդագրությունը.

«Բարև, կպատմե՞ս քո մասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031