Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Բեռնում են այն կենդանուն, ով տանում է այդ բեռը»

Հուլիս 16,2013 16:22

 «Մենք համեստ ժողովուրդ ենք: Ներսում համեստ չենք, բայց դրսում շատ համեստ ենք, փափուկ ենք: Մեզ, չգիտես ինչու, թվում է, որ մեր փափուկ լինելը աշխարհը պետք է գնահատի: Բայց հիշեք, որ բեռնում են այն կենդանուն, ով այդ բեռը տանում է, ով չի տանում՝ չեն բեռնում: Մենք մեր համեստությամբ ոչ մի տեղ չենք հասնի: Ադրբեջանցիները իրենց լացուկոծը չեն թողնում, իսկ մենք մեր հայկական գյուղերի, Մարաղայի կոտորածը, Սումգայիթը, Բաքուն մոռացության մատնեցինք… Ամբողջ աշխարհը սարսափած նայում էր Սիրիայի դեպքը, երբ սիրտը հանեցին, բայց մենք մի օր չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանում կենդանի, վիրավոր հայ զինվորի սիրտը հանում էին, բանկայի մեջ էին դնում եւ տարիներով շահիդների գերեզմանին էր դրված: Մեզ թվում է, որ այս պատմությունները ազդեցություն չեն ունենա, բայց ամեն մի նման իրական պատմություն շատ ավելի ազդեցիկ է արեւմուտքի համար, մենք պետք է շատ խոսենք այդ ամենի մասին»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա չի հասկանում, թե ինչու ենք մենք, թողած Ազգերի լիգայի 1920 թվականի որոշումը, որպես հիմք ընդունում ստալինյան հանցավոր կուսակցության որոշումը, որով Ղարաբաղը դրվեց Բաքվի վարչական ենթակայության տակ: «Ինչի՞ հիման վրա է Ադրբեջանի տիտղոսն ամրագրված Ղարաբաղի վրա՝ ստալինյան հանցավոր կուսակցական որոշման, մենք լռելյայն ընդունում ենք, որ դա ավելի բարձր է, քան Ազգերի լիգան»:

Նա նաեւ զարմանում է, թե ինչու ենք դադարել խոսել Նախիջեւանի մասին. «Երկու երկիր հավաքվել են եւ երրորդ երկիրը հանձնել են չորրորդին: Սա մի ապօրինի բան է: Եվ պատմական փաստերն էլ մի կողմ թողնենք, այստեղ նաեւ ռազմական անվտանգության հարց կա: Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները Նախիջեւանում զորավարժություններ են անում, եւ պարզ չէ, եթե հանկարծ պատերազմ սկսվի, Թուրքիան ի՞նչ ձեւով կմասնակցի: Եթե նախորդ պատերազմի ժամանակ Թուրքիան մենակ զենքի մատակարարմամբ եւ մի քանի գեներալներով էր մասնակցում, ապա այժմ այլ կլինի, եւ եթե Նախիջեւանի կողմից ճակատ բացվի, այն էլ՝ ռուսական «Սմերչի» առկայությամբ, ապա Երեւանը կդառնա ռազմաճակատի մաս»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hovhannes says:

    յիովին համաձայն եմ պ. պապյանի մտքերի հետ;կարելի էր շեշտել ավելին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031