Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրի գիտնականները զարմանում են` ինչու պիտի գիտության ֆինանսավորման հարցում խնդիրներ առաջանան (Տեսանյութ)

Հուլիս 16,2013 15:56

«Ճապոնիայի տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, բայց մեր երկրում գումարներ հատկացվում են գիտական այնպիսի հետազոտությունների համար, որոնց արդյունքների կիրառումը կհանգեցնի տնտեսության զարգացմանը»,-Aravot.am-ի հարցին` Ճապոնիայում գիտության ֆինանսավորման բնագավառում կա՞ն խնդիրներ, այսպես պատասխանեց Ճապոնիայի Կյոտոյի համալսարանի ներկայացուցիչ Տակայի Ինամուրոն:

Նա տեղեկացրեց, որ իրենց կառավարությունը գիտական տարբեր խմբերի կոնկրետ պատվերներ է ներկայացնում, որոնք հետագայում պետք է ներդրվեն տնտեսության այս կամ այն ճյուղի զարգացման համար:

Ճապոնացի գիտնականից հետաքրքրվեցինք` գիտության ֆինանսավորման ուրիշ ի՞նչ աղբյուրներ ունեն և որքա՞ն է պետբյուջեից ֆինանսավորման հարաբերակցությունը: Նա պատասխանեց. «Ֆինանսավորման մեծ մասը` 80 տոկոսը, հատկացնում է կառավարությունը, մյուս 20 տոկոսը տրամադրվում է տարբեր շահագրգիռ ընկերությունների կողմից: Ճապոնիայում կառավարությունը տնտեսության զարգացման հարցում հիմնվում է գիտական ներուժի, գործունեության վրա: Ուստի ինչ-որ առումով գիտական տարբեր խմբեր պատվեր են ստանում կառավարությունից»:

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Էլանգեն համալսարանի ներկայացուցիչ Ռեգինա Ամմերն էլ նշեց, որ Գերմանիայում` կախված գիտության բնագավառից, երբեմն ֆինանսավորման հետ կապված խնդիրներ առաջանում են: Այնուհետև նա մանրամասնեց. «Օրինակ` ես աշխատում եմ ԵՄ ծրագրում, որը կապված է համակարգչային գիտության հետ: Այս ոլորտում խնդիրներ չկան, բայց օրինակ` սոցիալական ոլորտին վերաբերող գիտական բնագավառներում երբեմն առաջանում են ֆինանսավորման հետ կապված խնդիրներ: Գիտության ֆինանսավորման հարցում կոնկրետ թվային տվյալներ ներկայացնել դժվարանում եմ, բայց որ գիտության ֆինանսավորման հացում ամենամեծ դերակատարությունն ունի կառավարությունը, դա փաստ է: Այլ հարց է, որ գիտական տարբեր խմբեր ֆինանսավորվում են նաև տարբեր արտադրական ընկերությունների կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031