ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կկազմակերպի երիտասարդական ճամբար` «Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» խորագրով:
Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել և առավել ակտիվ և արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը, ինչպես նաև անգլերեն լեզվի իմացությունը: Այն կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման և ներհանրապետական նշանակության խնդիրներում ակտիվ մասնակցության ապահովման նպատակով:
Ճամբարին կմասնակցեն 16-22 տարեկան ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվում է ճամբարի ձևաչափով Մեծ Թաղեր գյուղի Ա. Խանփերյանցի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն անցնելու ուսուցողական դասընթաց, զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը, այլև անցկացնելու հետաքրքիր ժամանցային միջոցառումներով հագեցած օրեր:
Ուսուցողական դասընթացն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են արժեհամակարգի վրա հիմնված վարքագիծը /ղեկավարում/, մասնագիտական կոդեքսն ու էթիկան, ուժն ու հեղինակությունը, ընդհանուր խմբի ու փոքր խմբերի արդյունավետությունը, Այս ամենը նպատակ է հետապնդում զարգացնելու մասնակիցների հաղորդակցվելու, բանակցելու, կազմակերպելու և առաջնորդելու հմտությունները: Համապատասխան թեմաներով կդասախոսի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հատուկ դասընթացների բաժնի Հայաստանի մարզերում գործառույթների գծով ղեկավար Շանթ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հետ համագործակցությամբ:
«Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» երիտասարդական ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի «Ոչ ֆորմալ կրթության խթանման ծրագրի» շրջանակներում, որը իրականացվում է ԼՂՀ-ում սկսած 2007 թ-ից:
Մամլո հաղորդագրություն
հուլիսի 16, 2013 թ.
Շուշի