Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսարանում կախվածի մայրն իրավահաջորդ չճանաչվեց

Հուլիս 16,2013 15:46

Hayk_MovsisyanԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր մերժեց Հեղինե Պետրոսյանի դիմումը, որով նա խնդրել էր Շուշիի մեկուսարանի խցի պատուհանի «ճաղավանդակից դուրս ցցված մետաղե ձողից» սավանով կախված իր որդու՝ Հայկ Մովսիսյանի գործով իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ:

Հեղինե Պետրոսյանի հետ դատարան ներկայացավ նրա շահերը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա Aravot.am-ին ասաց, որ անպայման բողոքարկելու են դատարանի այս որոշումը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բաբայանը այս տարվա հունիսի 5-ին իր որոշմամբ մերժել էր Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ եւ նա պահանջել էր վերացնել քննիչի այդ որոշումը: Քննիչը դատարան էր բերել այս տարվա մարտի 28-ի ՀՔԾ-ի այն որոշումը, որով Լեռնային Ղարաբաղում Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված քրեական գործի վարույթը կարճելու եւ պաշտոնատար անձանց գործողությունների հետ կապված քրեական գործ հարուցելու գործերը միացվել էր մեկ վարույթում:

Հեղինե Պետրոսյանը չի հավատում, որ իր որդին ինքնասպան է եղել Շուշիի մեկուսարանում: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ խցում եղել են 8 հոգի՝ «քնած», դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 12.50-1.00-ի ընթացքում (դա այն ժամն է, երբ հավանական չէ, որ ազատազրկվածները կարող է խորը քնով քնած լինեն):

Նա հայտնեց, որ որդու ձեռքի մատը, ոտքի բութ մատը ջարդված են եղել, լյարդի շրջանում եղել են կապտուկներ: Մայրը զրկված է եղել ԼՂՀ դատախազության քննչական մասում իրականացված նախաքննության նյութերին ծանոթանալու, հարցեր առաջադրելու հնարավորությունից: Այս պահին էլ նա զրկված է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, քանի որ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:

Հեղինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, երբ դատավոր Աղաբեկյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել որդուն, որդու վերջին խոսքն է եղել՝ «Ես մեղավոր չեմ, ես հիվանդ եմ»: Այդ երեխան փակ տարածության մեջ չէր կարող մնալ եւ ունեցել է հոգեկանի հետ կապված խնդիրներ:

Քրեական գործերով վերաքննիչ դատարանը արդարացրել է Հայկ Մովսիսյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա:

Հ. Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ թե Ղարաբաղում եւ թե այստեղ համոզիչ բացատրություն չեն տալիս որդու մահվան հետ կապված եւ ինչպես հետաքննությունը, այնպես էլ նախաքննությունը, հասանելի չէ իր ընտանիքի համար:

Ի դեպ, երեկ դատական նիստի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դիակի կրկնակի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Հայկ Մովսիսյանի աջ նախաբազկի վրա առկա է եղել քերծվածք մինչ մահը, այսինքն` մինչ մահանալը Հայկ Մովսիսյանը մեկուսարանում ենթարկվել է բռնության:

Իր միակ որդուն կորցրած Հեղինե Պետրոսյանը չի բացառում նաեւ արտաշիրման հնարավորությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031