Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ հարձակողական զենք վաճառելու»

Հուլիս 16,2013 15:35

 «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը միանշանակորեն վստահ է, որ ամբողջությամբ Ռուսաստանի գրպանում գտնվող Հայաստանը, իր այս ծանր իրավիճակից՝ քաղաքական եւ տնտեսական անայլընտրանքությունից դուրս գալու համար առնվազն, որպես առաջին քայլ, պետք է հնարավորինս մերձենա Եվրոպային, չհրաժարվի Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից: «Երկրները տարիներով կերտում են այլընտրանքներ, որովհետեւ քաղաքական այլընտրանքը տնտեսական այլընտրանքի վրա է խարսխված լինում, իսկ մենք մեր ձեռքով մեր բոլոր այլընտրանքները վերացրեցինք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից գազի ներկրմանը որպես այլընտրանք կառուցված Իրան-Հայաստան գազամուղն էլ վաճառեցինք ռուսներին: «Այսօր հայ-ռուսական հարաբերություններում որոշակի սրվածություն կա, եւ մեղավորը ՌԴ-ն է»,-նկատեց Արա Պապյանը եւ նշեց, որ այն փաստը, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը հակամարտող կողմերից մեկին հարձակողական բնույթի զենք է վաճառում, դա զինադադարի դեմ է, հակաօրինական է: Ըստ Պապյանի՝ Ռուսաստանը նաեւ բարոյապես իրավունք չուներ նման բան անելու, քանի որ զինադադարի միջնորդներից մեկն էր: «Եթե Ռուսաստանի միջնորդությունը չլիներ, գուցե թե 1994-ին մենք մինչեւ Բաքու հասնեինք: Ռուսներն են եղել զինադադարի միջնորդը, եւ այդ միջնորդը, որը կանգնեցրեց մեր հաղթարշավը, իրավունք չունի զենք վաճառի մեր հակառակորդին: Մեր իշխանությունները չափից ավելի փափուկ են ռուսների հետ, անվճար ռազմական բազա ենք տալիս, որի դիմաց ինչ-որ բաներ ենք ստանում, որն անընդհատ մեր աչքն են կոխում»:

Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած է այն հուզական մոտեցումը, որ ռուսները մեր դարավոր բարեկամներն են, որ մեզ չեն դավաճանի, բայց իրականում տեսնում ենք, որ հանուն բիզնեսի՝ 1 մլրդ դոլարի հարձակողական զենք են վաճառում մեր թշնամուն: «Եվ ասում են, որ դա բիզնես է, այսինքն՝ իրենց համար փողն ավելի կարեւոր է դաշնակցից: Ինձ համար ավելի ընդունելի կլիներ, եթե ասեին՝ գիտեք, նրանք էլ են մեր դաշնակիցը, դուք էլ եք… դրա համար ենք վաճառում, բայց ասում են՝ բիզնես է: Դա նույնն է, որ նարկոտիկ ծախելուց ինձ բռնեն, ես ասեմ՝ բիզնես է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031