«Վերջին տարիների համար կարկուտն աննախադեպ էր իր ուժգնությամբ: «Կամուրջը», հավատարիմ մնալով իր սոցիալական առաքելությանը, որոշեց իրականացնել մի շարք միջոցառումներ՝ վարկառուների կրած վնասները մեղմացնելու եւ նոր վարկային պայմաններ առաջարկեց վերջիններիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կարկտից տուժած հաճախորդների վարկային պարտավորությունների բազմապրոֆիլ վերակազմավորում՝ հասանելի ագրովարկավորման կազմակերպման և քաղաքականության սոցիալական առաքելության շրջանակներում» թեմայի շուրջ նշեց «Կամուրջ ՈՒՎԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արա Աղայանը:
2013թ. մայիսի 12–ի ուժեղ կարկտահարության արդյունքում բավական լուրջ վնասներ կրեցին ընկերության ավելի քան 1000 հաճախորդներ։ «Կամուրջը» կազմեց աշխատանքային խումբ, որը կարկտահարությունից տուժած հաճախորդների հետ անհատական հանդիպումների և քննարկումների արդյունքում մշակեց վարկային պարտավորությունների վերանայման ճկուն մոդելներ։ Բանախոսի պնդմամբ՝ աշխատանքային խումբը այցելել է բոլոր մարզերը եւ քննարկումներ իրականացրել.
«Գնահատվեց գյուղացիների ֆինանսական ներկա վիճակը եւ ցուցաբերվեց անհատական մոտեցում: Արդյունքում մշակեցինք մի քանի մոդելներ, որոնք եւ առաջարկվեցին մեր հաճախորդներին, համայնքներում մենք ստորագրեցինք վարկային պայմանագրեր՝ հաշվի առնելով բոլոր վարկառուների պահանջները: Ցանկացած հաճախորդի կարծիք հաշվի ենք առել»:
Ընկերության և կարկուտից տուժած վարկառուների միջև հունիս–հուլիս ամիսներին կնքվեցին լրացուցիչ համաձայնագրեր և դրանցով սահմանվեցին վարկային պայմանների հետևյալ էական փոփոխությունները`վարկերի մարման ժամկետների երկարաձգում, վարկերի տոկոսադրույքների նվազեցում, որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգվել են (տեղափոխվել) տոկոսների վճարումները` հաշվի առնելով կոնկրետ վարկառուների մոտ առկա ծանր սոցիալական պայմանները և տվյալ պահին մարումներ կատարելու անհնարինությունը։
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ