Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Այժմ յուրաքանչյուր մարդ, կուսակցական քարտը գրպանը դրած, սողոսկում է ջրի համակարգ»

Հուլիս 16,2013 14:50

«Ջրի շուկայում պետք է մրցակցություն լինի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր «Հենարան» ակումբում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Խոսելով ոռոգման ջրի մասին՝ պարոն Բերբերյանը նշեց, որ այդ համակարգը այժմ ծանր վիճակում է գտնվում: «Արթիկի տարածաշրջանում ոռոգման ջրի համար պայքար եւ անգամ ծեծկռտուքներ են լինում: Կան դեպքեր, երբ գյուղացու հողը պարզապես ճաքճքած է: Ամեն տարի մենք ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներ ենք ունենում: Մի գյուղացու կամ ֆերմերի հողը լավ է ոռոգվում, մյուսինը՝ ոչ»- ասաց պարոն Բերբերյանը:

Նա նշեց, որ այսօրվա տվյալներով Շիրակի ավազանում 1 անգամ ոռոգման համար գյուղացին վճարում է 17 հազար դրամ: Այսինքն` կարտոֆիլի մեկ հեկտարի համար 1500 խորանարդ մետր ջուր են տրամադրում, ինչը սխալ է: Ըստ պարոն Բերբերյանի՝ խնդիրը մրցակցության բացակայությունն է: «ՋՈ-ն ՋՐԱՌ-ից ջուրը ձեռք է բերում 4,5 դրամով, իսկ գյուղացուն վաճառում է 11 դրամով: Այսինքն` գյուղացու վրա կրկնակի թանկ են վաճառում: Դրա լուծումն այն է, որ եթե ինչ-որ համայնք ցանկանում է 4,5 դրամով ձեռք բերել ջուր, ապա այն կարող է պայմանագիր կնքել ՋՐԱՌ-ի հետ՝ շրջանցելով ՋՈ-ի ծառայությունը: Այս դեպքում արդեն գյուղացին կընտրի, թե ում հետ համագործակցի: Ջրի շուկան պետք է ազատ լինի բոլորի համար»- կարծում է Հրաչ Բերբերյանը:

Նրա կարծիքով, սխալ է նաեւ այն, որ ՋՈ-երին են հանձնել համայնքի ներտնտեսային ցանցը. «Ներտնտեսային ցանցը համայնքի սեփականությունն է եւ պետք է վերադարձնել համայնքին»:

Պարոն Բերբերյանը խոսեց նաեւ կադրային փոփոխությունների մասին. «Հարկավոր է կադրային բարեփոխումներ կատարել: Այժմ յուրաքանչյուր մարդ, կուսակցական քարտը գրպանը դրած, սողոսկում է այս համակարգ: Այս իրավիճակը պետք է շտկել: Մեզ մասնագետներ են հարկավոր»:

Անդրադառնալով հակակարկտային կայաններին՝ պարոն Բերբերյանը նշեց, որ այն ստեղծվել է ազգաբնակչության համար, սակայն պարզ չի, թե ում համար է այն աշխատում. «Մինչ օրս հակակարկտային ծառայությունը պայմանագիր չունի ոչ մի գյուղացու հետ: Մենք առաջարկում ենք, որ այդ ծառայությունն աշխատի ինքնաֆինանսավորմամբ: Այսինքն, պայմանագրեր կնքի գյուղացիների հետ»:

Խոսելով մթերման գործընթացից, պարոն Բերբերյանը որպես հիմնական խնդիր կրկին նշեց մրցակցության բացակայությունը. «Այսօր մենք միայն մի «Սպայկա» ունենք, որը մոնոպոլ դիրք է գրավում: Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը ֆինանսավորել այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մթերումով: Այս դեպքում կստեղծվի մրցակցություն, իսկ մթերքի գինը կբարձրանա, ե’ւ գյուղացին գոհ կլինի, ե’ւ արտահանող ընկերությունը շահույթ կունենա, այլ ոչ թե գերշահույթ»:

Ամփոփելով այս տարվա բերքի իրավիճակը՝ Ագրարագյուղացիական միության նախագահը նշեց, որ տարին բարենպաստ էր պտուղի համար, բայց ոչ բանջարեղենի, իսկ շուկան կայուն մնաց արտագաղթի պատճառով. «Արտադրությունը պակասեց, սակայն միեւնույն ժամանակ պակասեցին նաեւ սպառողները»:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031