Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թմրամոլներով առաջատարը Երեւանն ու Արմավիրն են

Հուլիս 16,2013 14:35

Հայաստանի գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի ներկայացմամբ` Հայաստանում նկատվում է թմրանյութերի օգտագործման աճ:

Պարոն Սեմերջյանն այսօր «Ֆորում» մամուլի ակումբում նշեց, որ մարդիկ թմրանյութեր են օգտագործում հիմնականում հաճույք ստանալու նպատակով եւ ընկնում են մեծ կախվածության մեջ. «Հայաստանում այսօրվա դրությամբ կա 4332 պաշտոնապես գրանցված թմրամոլ: Դրանք այն մարդիկ են, որոնց մենք ճանաչում ենք: Այսինքն` մենք ունենք նրանց տվյալները՝ անուն-ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն: Կա նաև երկրորդ վիճակագրությունը՝ դա ուսումնասիրություններն են, որոնք անցկացվում են 2 տարին մեկ անգամ: Այն ամբողջ աշխարհով ընդունված մեթոդիկա է, ըստ որի՝ Հայաստանում կա 12700 թմրամոլ: Նշեմ նաև, որ անցյալ տարի գրանցված է եղել 3893, իսկ նախանցյալ տարի 2751 թմրամոլ»:

Պարոն Սեմերջյանն ասաց, որ թմրանյութեր օգտագործողներն առավել շատ են Երևան քաղաքում, որին հաջորդում է Արմավիրի մարզը: Նա նշեց, որ Հայաստանում թմրանյութեր օգտագործողներ կան բոլոր տարիքային խմբերում, սակայն ամենաշատն օգտագործում են 30-40 տարեկան անձինք:

Ըստ պարոն Սեմերջյանի, եթե մարդն անցնում է լիարժեք բուժման կուրս, ապա լրիվ ազատվում է կախվածությունից. «Կախվածությունն այն անզուսպ պահանջն է, որը դրդում է մարդուն ամեն օր նորից եւ նորից օգտագործել թմրամիջոց: Իսկ բուժումից հետո մարդը վերադառնում է իր սովորական կյանքին: Չնայած սկսելու հավանականությունը միշտ էլ կա: Նախկինում թմրամիջոց օգտագործածի մոտ նորից կախվածություն առաջանալու հավանականությունը ավելի մեծ է, քան նրա մոտ, որը երբեք չի օգտագործել: Սակայն դա կապված է ոչ թե առողջապահական, այլ սոցիալական խնդիրների հետ, որովհետեւ ամեն մարդ ունի իր շրջապատը, իր ապրելու սովորույթները, եւ մարդիկ, որոնք օգտագործել են թմրանյութեր, չեն կարողանում ազատվել եւ հեռու մնալ այդ ամենից»:
Պարոն Սեմերջյանը նաեւ նշեց, որ թմրամիջոցներ օգտագործողները նարկոլոգիական հիվանդներ են համարվում, եւ նրանց ոչ թե հոգեբանական, այլ հոգեբուժական միջամտություն է անհրաժեշտ: Իսկ հատկապես Հայաստանում այն հիվանդները, որոնք ունեն հոգեբուժական եւ նարկոլոգիական խնդիրներ, ամաչելով հիվանդանոցներ հաճախելուց, դիմում եմ հոգեբանների. «Այս պարագայում մենք խոսում ենք հոգեբուժության, ծանր կախվածությունների, հոգեկան եւ վարքային ծանր խանգարումների մասին, որոնք առաջանում են թմրամիջոցների օգտագործումից: Ուրիշ բան է, որ թմրամիջոց օգտագործողները, որոնք բուժումը վերջացնում են եւ ունեն շատ հոգեբանական խնդիրներ, դիմում են հոգեբանների»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031