Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական ամբիցիոզ ձգտումները չե՞ն իրականանում

Հուլիս 16,2013 14:26

Կոժարայի շտապողականությունը կարելի է հասկանալ. ավարտին է մոտենում Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում

Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2013թ. հունվարին: Դեռեւս հունիսի կեսերին սպասվում էր  Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի պաշտոնական այցը տարածաշրջան:

Ուկրաինական ԶԼՄ-ներով Կոժարայի հատուկ ներկայացուցիչ (հակամարտությունների հարցերով) Անդրեյ Դեշիցան հայտարարեց, թե այդ այցի գլխավոր նպատակն է լինելու ԼՂ-ի, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների քննարկումը: «ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է»,- ընդգծել էր Դեշիցան:

Մի քանի օր անց ուկրաինական «Զերկալո նեդելի» շաբաթաթերթի կայքը՝ Zn.ua-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնեց, թե Ուկրաինայի ԱԳ նախարարը հնարավոր է՝ չեղյալ հայտարարի սառեցված հակամարտությունների կարգավորմանը նվիրված հարավկովկասյան շրջայցը: Zn.ua-ն գրեց, թե Կոժարայի այցը տարածաշրջան կարող է չեղյալ հայտարարվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդի պատճառով, եւ Կոժարան հնարավոր է՝ հրաժարվի Հայաստան եւ Ադրբեջան այցից, եթե այդ երկրների ղեկավարների հետ հանդիպում չկազմակերպվի: «ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում ԼՂ հարցի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը «հավասարակշռությունը չխախտելն է»,- գրեց Zn.ua-ն:

Կիեւը առաջարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում կազմակերպել: Ընդ որում՝ ինչպես նշել էին մամուլին Ուկրաինայի ԱԳՆ-ից, ԼՂ-ում իրավիճակի «պայթման» սպառնալիքի մակարդակը բավական բարձր է»: Կոժարան դեռ հունիսի 14-ին հանդիպել էր ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկին:

Հունիսի 18-ին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում Անդրեյ Դեշչիցան հայտնեց, որ Լեոնիդ Կոժարայի այցերը Բաքու եւ Երեւան հետաձգվել են՝ պետությունների ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: «Մեծ ուշադրություն հատկացնելով ԼՂ-ի հակամարտությանը՝ կարծում ենք, որ հարցը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակում»,- ասել էր դիվանագետը՝ վստահեցնելով, որ նոր ամսաթիվը համաձայնեցվում է:

Կոժարայի շտապողականությունը կարելի է հասկանալ. ավարտին է մոտենում Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում, արդյունքներն ամփոփելու ժամանակն է, եւ ԼՂ-ի խնդրում նշանակալի տեղաշարժ արձանագրելը՝ Ուկրաինայի հովանու ներքո, խիստ ցանկալի է այդ երկրի համար: Սակայն Ուկրաինայի ամբիցիոզ ձգտումները, կարծես, չեն իրականանում: Թեեւ դեռ մինչեւ տարեվերջ ժամանակ կա՝ հազիվ թե ուկրաինական նախագահությունը ԼՂ կարգավորման պատմության մեջ նշանավորվի որպես ձեռքբերում արձանագրած փուլ:

Ինչեւէ, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի երկար սպասված եւ հետաձգված այցը Հայաստան երեկ տեղի ունեցավ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած  համատեղ մամլո ասուլիսում Կոժարան իր խոսքում նշեց, որ կես տարվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումն է ՀՀ ԱԳ նախարարի հետ, իսկ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններին, ըստ Կոժարայի՝ հայկական կողմը սատարում է:

Ուկրաինայի նախագահության համար «սառեցված հակամարտությունների» կարգավորումը առաջնահերթություն է՝ շեշտեց Կոժարան: Այնուհետեւ նա հավելեց, որ Ուկրաինան գտնում է, որ բանակցային գործընթացը պետք է ակտիվորեն շարունակվի: Հակամարտության կարգավորման գործընթացում մենք հետաքրքրված ենք, որ շփումները լինեն մշտական եւ հաճախակի՝ ասաց նա՝ հավելելով, որ թեեւ աջակցում են ԵԱՀԿ ՄԽ-ին, սակայն կարծում են, որ այն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի ջանքերը արդյունք տան, հարկավոր է բեղմնավոր աշխատանք տարվի ԼՂ կարգավորման գործընթացում:

ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորեց նաեւ հայ եւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումները. «Կարծում ենք, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամները պետք է հաճախ հանդիպեն, եւ Ուկրաինան կարող է աջակցել՝ տրամադրելով իր տարածքը կլոր սեղանների, խորհրդաժողովների համար»:

Է. Նալբանդյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե՝ Վիեննայում կայացած վերջին բանակցություններում իբր կարեւորվել է այն հանգամանքը, որ ԼՂ կարգավորման գործընթացը կարող է շարունակվել, եթե՝ «Հայաստանը ազատի գրավյալ տարածքները»: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ առաջին անգամ չէ ադրբեջանական կողմը աղավաղված տեղեկություններ տարածում բանակցություններում քննարկվածի վերաբերյալ: Նա նշեց, որ վերջին բանակցություններում քննարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, ինչպես նաեւ առաջիկա ամիսներին հանդիպումների անցկացման գրաֆիկը: Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման շուրջ սկզբունքային փոխըմբռնում կա՝ ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ վերջին ծրագրված հանդիպումը չի կայացել Ադրբեջանի պատճառով:

ՀՀ ԱԳՆ-ում բանակցությունների ավարտին ԵԱՀԿ գործող նախագահը շտապեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման: «Նախագահ Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր եւ պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031