Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս Վազգեն Սարգսյանը ծանոթացավ Գրաչովի հետ»

Հուլիս 16,2013 14:20

Գառնիկ Մարգարյանը «սպառնում» է բացահայտել «ողջ ճշմարտությունը»՝ հանուն Հայաստանի վաղվա գոյության

«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ովքե՞ր են ամերիկյան «Բոինգ»-ներ բերել, ովքե՞ր են պատերազմը կանգնեցրել, ո՞ւմ գումարներով է այդ ամենը կատարվել: Իհարկե՝ ոչ Հայաստան պետության, քանի որ Հայաստանն այն ժամանակ ոչ բանկային հաշիվներ ուներ ՌԴ-ի հետ, ոչ էլ գումարներ: Սումգայիթյան դեպքերի ժամանակ ռուսական զորքերը պաշտպանում էին ադրբեջանական կողմին: Բա ի՞նչ կատարվեց, որ հետո փոխվեց իրավիճակը: Ինչպե՞ս Վազգեն Սարգսյանը ծանոթացավ Գրաչովի հետ: Ոչ ոք այդ հարցերը չի հնչեցրել: Ինչպե՞ս էին Լեւոն Տեր-Պետրոսյանը ու Վահան Շիրխանյանն ասում, որ այդ մարդու «ոսկե կիսանդրին» պետք է կանգնեցնել Ղարաբաղում:  Այդ ի՞նչ ուժեր էին. հաստատ այսօրվա քյաբաբ վաճառողները չէին»,- «Առավոտի» հետ զրույցում այս հարցերը հնչեցրեց «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակիցը դեռ չցանկացավ ավելին ասել ու մի փոքր էլ բացել փակագծերը, միայն նկատեց. «20 տարում կործանվեց Հայաստանը, ու ես կարծում եմ՝ ժամանակն է, որ հայ ժողովուրդն ամբողջ ճշմարտությունն իմանա: Ինչպես նաեւ իմանա, թե ովքեր են թաքցրել այդ ճշմարտությունը ու ինչ պատճառով: Պետք է կանգնեցնել այս մոլուցքը, թե Հայաստանը, որպես տարածք, ո՞ր հզոր երկրին պետք է հանձնվի: Հայերը կամաց-կամաց պետք է ետ գան իրենց հայրենիքում ապրելու: Հայի գենի եւ գենոֆոնդի ջարդը պետք է կանգնեցվի»: Հայաստանի կառավարման համակարգի թիվ մեկ արատը Գառնիկ Մարգարյանը համարում է այն, որ ժամանակին պաշտոնների եկան կիսագրագետ ոչ մասնագետները, ովքեր իբր կամ իսկապես ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ էին: Մինչդեռ այդ քաղաքականությունը փակուղու առջեւ կանգնեցրեց Հայաստանը: Ապացույցը՝ ներկայիս իրավիճակը՝ իրար հաջորդող թանկացումներ, արտագաղթ: Այս իրողության պատճառը նա համարում է այն, որ Հայաստանի իշխանություններն ինքնուրույն չեն գործել եւ այժմ էլ ինքնուրույն չեն գործում, առաջնորդվում են գերտերությունների թելադրանքներով: Գերնպատակը մեր զրուցակիցը համարում է նոր համակարգի ստեղծումը՝ ունակ եւ արժանի մարդկանցով, ովքեր կկարողանան Հայաստանը տանել հայկական՝ ինքնուրույն ճանապարհով: Ասել է թե՝ հայկական ընտանիքը պահպանելը, գիտության ու կրթության զարգացման, Առաքելական եկեղեցու պահպանման խնդիրները լուծել:

Մեր հարցին՝ ի՞նչ ուժերով է հնարավոր լուծել այդ խնդիրները, Գառնիկ Մարգարյանը նկատեց, որ նման մարդկանց այս 20 տարիների ընթացքում տարբեր շինծու մեղադրանքներով  բանտեր են նստեցրել, ապա  «պայմաններ ստեղծել», որ երկրից դուրս հայտնվեն. «Նրանցից մեկն էլ Արբակ Խաչատրյանն է»: Ու հակակոռուպցիոն շարժումը, ինչը Մարգարյանի ղեկավարած հասարակական կառույցը սկսել է, նպատակ ունի նաեւ նման մարդկանց Հայաստան վերադարձնել: Հիշեցնենք, որ Արբակ Խաչատրյանը ժամանակին եղել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Թե ի՞նչ պատճառներով է նա հեռացել Հայաստանից, «Առավոտն» անդրադարձել է հունիսի 6-ի համարում՝ «Ո՞ւմ հրահանգն են «սրբորեն» կատարել Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները» հրապարակման մեջ: 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտը համախմբվեց Արտաշես Գեղամյանի շուրջը, խոսակցություններ կային, որ Արբակ Խաչատրյանը եւս աջակցում է Գեղամյանին: Նրան կալանավորեցին՝ Գեղամյանին ֆինանսավորելու համար. մեղադրանքը հետագայում հերքվեց:

Արդյոք ինքը՝ Արբակ Խաչատրյանը ցանկանո՞ւմ է Հայաստան վերադառնալ եւ այստեղ գործունեություն ծավալել՝ «Առավոտի» հետ հեռախոսազրույցում պարոն Խաչատրյանը ասաց՝ ինքը ցանկանում է, որ Հայաստանը հզորանա եւ պատրաստ է իր համեստ հնարավորությունները ներդնել հանուն այդ գործի: Հետաքրքրվեցինք՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ի՞նչ դերակատարում է ինքն ունեցել: Պարոն Խաչատրյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել: Միայն ասաց. «Այն մարդը, ով դրսից գումարներ էր բերում պատերազմի համար, նա չի կարող առեւտրական դառնալ, միջպետական խաղի դիվանագետը երբեք  առեւտրական չի կարող դառնալ»: Անդրադառնալով Հայաստանի իշխանություններին էլ՝ ասաց. «Մարդը, ով գնահատում է ամեն ինչը վաճառքի համար, նա կարող է հայրենիքն ու ընտանիքն էլ վաճառել: Ու գինը կապ չունի: Այդ կերպ մտածող մարդը չի կարող երկիր ղեկավարել եւ պահանջել: Նման մարդիկ ոչնչով չեն տարբերվում Աթաթուրքից: Երկու միլիոն մարդու արտագաղթը դրա ապացույցն է. որեւէ ուժ չէր կարող այդ չափ վնասել Հայաստանին, որքան մեր երկրի իշխանությունները»:

Ի դեպ, ՌԴ «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի ղեկավար, ՍՍՀՄ հերոս Վլադիմիր Մամաեւը եւ նրա խորհրդական, նույնպես ՍՍՀՄ հերոս Միխայիլ Շեպոռնյովը, ովքեր մեր խոսակցության ժամանակ Արբակ Խաչատրյանի հետ էին, փարատելով Արբակ Խաչատրյանի՝ ռուսական ուղղվածության մասին մեր դիտարկումը՝ նկատեցին, որ իրենք Խաչատրյանի կողքին են միայն նրա համար, որ վերջինս ցանկանում է հզոր Հայաստան տեսնել: Հիշեցնենք, որ Արբակ Խաչատրյանը ներկայումս Վլադիմիր Մամաեւի խորհրդականն է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ.-  Օրերս «Առավոտին» էր զանգահարել նաեւ ամերիկաբնակ Հարություն Քյուրքչյանը, ով «Հակակոռուպցիա» կազմակերպության նպատակներին եւ  գործունեությանը ծանոթացել է մեր հրապարակումներից: Հարությունը Հայաստանից հեռացել է դեռ խորհրդային տարիներին, երբ փոքր է եղել՝ ծնողների որոշման արդյունքում: Ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան: Տարբեր ծանոթներից տարբեր պատմություններ լսելով Հայաստանի ներկայիս իրավիճակի, իշխանությունների կողմից իրականացվող թալանի մասին՝ շատ է մտահոգվել, բայց այժմ ոգեւորված է «Հակակոռուպցիայի» գոյությունից եւ գործունեությունից ու հաստատ է  որոշել՝ վերադառնալու է: Անգամ ընկներներին էլ է ոգեւորել, ու որոշել են առայժմ օվկիանոսի այն ափից իրենց ներդրումն ունենալ Հայաստանում հակակոռուպցիոն գործընթացներին: «Հայն այն ազգն է, որը միշտ արարել է ու ստեղծագործել, բայց այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ հայրենիք ենք կորցնում: Ցավալի իրողություն է: Բայց պետք չէ հուսահատվել, պետք է պայքարել ու շենացնել մեր երկիրը: Իմ երազանքն է վերադառնալ եւ ապրել հայրենիքում: Ու ես ամեն ինչ կանեմ հանուն դրա իրականացման»,- ասաց Հարություն Քյուրքչյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարություն says:

    ծայրից ծայր էշություն։ Արդեն էն Ասեկոսեն ավելի լավ «լրատվամիջոց։ է, քան դուք։

  2. Арютюн says:

    Арутюн правда тебе глаза режет.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031