Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի թանկացումից հետո «բիրիքով» տաքսի կնստենք

Հուլիս 16,2013 14:07

Սպառողների պաշտպան Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ  երթուղայինների թանկացումից հետո մարդիկ կգերադասեն մի քանի հոգով նույն տաքսուց օգտվել:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, իսկ թե որքանով այն կթանկանա՝ առայժմ միայն ենթադրություններ են հնչում: Վերջերս կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցրել էր, որ «ժողովրդի մասին մտածում են եւ ամեն ինչ անելու» են, որպեսզի թանկացումը շատ չլինի: Երեկ, սակայն, «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն էլ, իր հավաստի աղբյուրներին հղում անելով, վստահեցրեց՝ տրանսպորտը կթանկանա 50%-ով:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն էլ իր ուսումնասիրությունն է կատարում, թե իրականում տրանսպորտի թանկացման մեջ գազի, ավտոպահեստամասերի թանկացումները ո՞ր տոկոսն են կազմում, որպեսզի ուղեվարձի սակագնի բարձրացման հայտ ներկայացրած գծատերերն ուռճացված թվեր ներկայացնելու դեպքում սպառողների պաշտպանը հակադարձի: «Առավոտի» հետ զրույցում հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ուսումնասիրությունները դեռ ամբողջովին ավարտված չեն, բայց որոշակի տվյալներ արդեն ունեն:

Նշենք՝ երբ խոսվեց տրանսպորտի թանկացման մասին, ոլորտի պատասխանատուները շեշտը դնում էին ոչ միայն գազի սակագնի բարձրացման վրա, այլեւ ավտոպահեստամասերի, գործարարների ձեռք բերած վարկերի եւ այլնի:  Ըստ պարոն Պիպոյանի՝ ավտոպահեստամասերի իրացմամբ զբաղվող 10-ից ավելի կետերում հարցում են իրականացրել եւ պարզել, որ թանկացումներն այս ոլորտում եղել են մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը, դրանից հետո որեւէ թանկացում չի գրանցվել. «Միջինացված թվերով տարբեր ավտոպահեստամասեր թանկացել են 10-15%-ով, իսկ գազի թանկացումից հետո այս ոլորտում թանկացում չի եղել: Ինչ վերաբերում է գազի թանկացման հետեւանքով տրանսպորտի գնի թանկացման ծավալին, ապա հաշվարկը բարդացել է այն պատճառով, որ գազից հետո նոր թանկացող հանգամանք կարծես չկա, չհաշված նոր ավտոկայանատեղիների հարցը, որը նորից կարծարծվի ու կդառնա առաջնային, այսինքն՝ գործարարները դա  եւս կհամարեն ծախս»:

Պարոն Պիպոյանի դիտարկմամբ՝ օրերս սահմանված ավտոկայանատեղիների համար վճարները, իհարկե, հասարակական տրանսպորտի հետ կապ չունեն, բայց դա շղթայական «էֆեկտ» կարող է ունենալ, որովհետեւ թանկանալու է նաեւ տաքսի-ծառայությունը. «Այսինքն՝ եթե քաղաքային տրանսպորտը դառնա 150 դրամ, իսկ ինչո՞ւ 150, որովհետեւ հաշվարկելու են հարմարավետության տեսանկյունից, քանի որ 120 կամ 130 դառնալու դեպքում մանր վերադարձնելու կամ առհասարակ մանր ունենալու խնդիր է առաջանալու: Շատ հաճախ մեզ մոտ գնագոյացումը հաշվում են հարմարավետությամբ: Հիմա, եթե դիտարկենք, որ 150 դրամ կդառնա, տաքսիները գները չթանկացնելու պարագայում երթեւեկությունը կունենա սպառման ծավալների կտրուկ անկում, որովհետեւ 2-3 հոգով միասին կվճարեն նույն գումարը ու տաքսիով կտեղափոխվեն: Նաեւ մարզային տրանսպորտը պետք է դիտարկել ամբողջ ծավալով, տաքսիներն արդեն բավականին թանկացել են. Սյունիքի մարզում 3000-ից դարձել է 3500, մոտ 200 դրամ էլ ավելացել է Գեղարքունիքի մարզում՝ եթե տաքսիով 1 քաղաքացին կարող է Գավառ գնալ 1500 դրամով, այսինքն՝ մի քանի հոգով միանում գնում են, ապա այդ մարզ տեղափոխող երթուղայինների ուղեւորների ծավալը նվազում է»:

Այսինքն՝ ըստ պարոն Պիպոյանի՝ մայրաքաղաքում էլ այս սկզբունքը կկիրառվի. մի քանի ուղեւորներ կմիանան եւ միասին, ասենք,  քաղաքի կենտրոնից կգնան Նորքի զանգված:

Նկատենք, որ երթուղագծերը սպասարկելու համար բավականին շատ ավտոբուսներ են ներկրվել, իսկ ավտոբուսները դիզվառելքիով են աշխատում, դիզվառելիքն էլ չի թանկացել: Ուստի անտրամաբանական է ավտոբուսների ուղեվարձի բարձրացումը: Իսկ եթե թանկացման համար պատճառաբանում են նաեւ ավտոպահեստամասերն ու իրենց հսկայական վարկերը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ գործարարի այդ վարկերը պետք է ՀՀ քաղաքացին վճարի: Մեր այս դիտարկմանը պարոն Պիպոյանն այսպես արձագանքեց. «Դիզվառելիքով աշխատող մեքենան մինչ օրս 100 դրամով էր աշխատում, պետք է պահպանվի գինը, եթե դիզվառելիքը չի թանկացել, փոփոխության չպիտի ենթարկվի: Այսինքն՝  6 ամիս առաջվա խնդիրն այսօր են բարձրացնում, որովհետեւ գազն այսօր թանկացավ, ու եթե խնդիր ունեիք,  ինչո՞ւ ժամանակին չէիք խոսում, որ ձնագնդի էֆեկտը չլիներ: Կարող է այդ գործարարները փորձեն իրենց դնել առաքյալի տեղ. եթե մենք ունենք բիզնեսմեններ, որոնք առաքյալ են, ես ողջունում եմ եւ պատրաստ եմ իրենց բարի առաքելությունը հանրությանը տեղեկացնել, եթե իրենք կապացուցեն, որ բարի են: Թող ներկայացնեն հիմնավորումներ, որ, ասենք, մեքենան այսքան գնով են ներկրել, իսկ գինը շատ հեշտ է պարզել՝ ասենք, 30 հազար դոլարանոց մեքենան չեն ներկայացրել 300 հազարով, սա կարող ենք պարզել: Այսինքն՝ պարտադիր պետք է ներկայացնեն ու հրապարակեն բոլոր այն հիմնավորումները, ըստ որի՝ ուզում են թանկացնել ուղեվարձը: Իսկ եթե առաքյալներ չեն, այլ բիզնեսմեններ են, ապա իրենց այդ հայտարարությունները ընդամենը պաշտպանվելու միջոց են»:

Պարոն Պիպոյանի խոսքերով՝ տրանսպորտը թանկացնելու գծատերերի վերջերս արած պատճառաբանությունները այլ բանի մասին չեն խոսում, քան այն, որ նրանք երկար տարիներ գերշահույթով են աշխատել ու հիմա չեն ուզում զրկվել դրանից: Իսկ թե իրականում խնդիր կա, մինչ գազի թանկացումը պետք է որեւէ առաջարկով հանդես գային. օրինակ, ըստ Պիպոյանի, գուցե հարկային փաթեթում է պետք փոփոխություն անել, բայց ինչո՞ւ այս մասին մինչ օրս չեն խոսել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարութ says:

    Ըստ տարբեր աղբյուրների՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց՝ տաքսի, երթուղային տասի, ավտոբուս, սեփականատիրոջը վճարվելիք մեկ օրվա գումարով փակում է իր մեկ ամսվա հարկը: Այսինքն՝ մեկ տասքու համար սերվիսի սեփականատերը որպես հարկ պետությանը վճարում է 6 հազար դրամ, այդ գումարը նա ստանում է մեկ մեքենայից օրական, իսկ 29 կամ 30 օր վայելում մնացած եկամուտը: Ավտոբուսի համար նրա տերը ամսական վճարում է 30 հազար դրամ հարկ, մինչդեռ 1 ավտոբուսը նրան օրական է այդքան գումար բերում: Երթուղայինի համար տերը պետությանն ամսական վճարում է 15-20 հազար դրամ հարկ, իսկ մեկ մեքենայի վարորդը նույն տիրոջն օրական է այդքան գումար մուծում: Հիմա ինչ կապ կա գազի գնի թանկացման ու գծատիրոջ գազանային ախորժակի միջեւ, որը որեւէ պետական մարմնի կողմից կարգավորելու փորձ չի արվում:

    • Լևոն Մելքումյան says:

      Մեզանում գազանային ախորժակով օժտված են բոլոր հայերը: Այդ ախորժակը ստիպում է խժռել ամեն ինչ՝ միմյանց, պետությունը, երկրի ըդերքը, ամբողջ երկիրը…
      Եւ չեն տեսնում, որ արդեն խժռում են իրենք իրենց:
      Մնում է միայն ասել՝ ողբամ զձեզ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031