Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը՝ «Զվարթնոցից» արտերկիր տանող ճանապարհին

Հուլիս 16,2013 14:03

Դուք, որ արդեն ձեր տունը վաճառել, իրերը կապել ու եկել եք օդակայան, գոնե գիտե՞ք, որ կես ճանապարհին եք մնալու… Չէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կկատարի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում, բայց դուք միշտ կմնաք Հայաստանի ու արտերկրի արանքում՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ:

Միայն առաջին ամիսն է լինելու մանկության ու ջահելության երազանքների իրականացում. բոհեմական սուրճ Սենայի ձախ ափին՝ Մոնպարնասում, կամ սառույցով վիսկի Քի Ուեսթի հեմինգուեյյան բարում… Իսկ հետո կզգաք, թե ինչպես է հայրենիքը ճանկերով բռնել ձեզ ու բաց չի թողնում, ինչպես Պրահան էր բռնել այդ քաղաքից հեռանալ փորձող Ֆրանց Կաֆկային: Ավելի շուտ, ոչ թե հայրենիքն է ձեզ աքցանով քաշելու, այլ հայրենիքում մնացած ձեր կյանքը:

Իսկ մի կես տարի հետո, երբ արդեն կհարմարվեք ու կհասկանաք, որ Մյունխենում երեկոյան ժամը 7-ից հետո չի կարելի աղբը դատարկել բակում դրված աղբամանի մեջ, կամ որ Պրահայում «պուլ կիլա կլոբասի» նշանակում է պարզապես «կես կիլո երշիկ», հանկարծ կզգաք, որ հիշողություններն արդեն մաղվել են, զտվել, եւ մութ ու ցուրտ տարիներից մնացել են միայն հաճելի հիշողություններն այն մասին, թե ինչպես էիք շենքի հարեւաններով ամեն երեկո հավաքվում տաք վառարանի շուրջ եւ ինչ անմոռանալի երանություն էիք զգում, երբ այդ վառարանի վրա տաքացրած աղյուսը դնում էիք վերմակի տակ ու գրկում հարազատ մարդուց էլ սիրելի այդ աղյուսը… Ու այդպես էլ քնելու եք արեւաշող Կալիֆոռնիայում՝ երեւակայական աղյուսը գրկած…

Ու ապրելով այդ երկփեղկված կյանքով՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ, կհասկանաք նաեւ, որ ձեր էության այն կեսը, որը մնաց Հայաստանում, այն կեսը, որին արդեն գրկախառնվել, համբուրել ու հրաժեշտ էիք տվել «Զվարթնոցում»՝ անձնագրային ստուգումն անցնելուց առաջ, չգիտես ինչու, ավելի աշխույժ, հետաքրքիր ու բազմազան կյանքով է ապրում, քան այն կեսը, որը ճամպրուկների հետ միասին բերել եք օտար ափեր:  Ավելին՝ հանկարծ զարմանքով կհասկանաք, որ ձեր կյանքի այս կեսը կարծես հատուկ ապրում է հանուն հայրենիքում մնացած մյուս կեսի: Ու առօրյա գործերով տարված Ատլանտյան օվկիանոսի այս կամ այն ափին, դուք իրականում միայն մի բան եք անում՝ անընդհատ փայտ եք լցնում հիշողությունների բուխարիկը, որպեսզի կրակը վառ մնա, որովհետեւ եթե հանգչի, ձեր այս կեսը առանց մյուս կեսի չի ապրելու… Թեեւ անկեղծ ասեմ՝ բոլորովին էլ համոզված չեմ, որ այս ամենը վերաբերում է միայն արտագաղթածներին… Միգուցե որոշ տարիքից հետո բոլորս էլ՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, պարզապես շարունակում ենք մեխանիկորեն ապրել հանուն հիշողությունների…

Կանցնի բարեկեցիկ՝ Հայաստանի համեմատ բարեկեցիկ, կյանքի եւս մի կես տարի ու Լոս Անջելեսի Սանսեթ բուլվարում կամ Մյունխենի Մարիենպլացում կսկսեք ծանոթ դեմքեր որոնել, նմանեցնել անցորդներին՝ ձեր հարեւանին կամ բարեկամին կամ նույնիսկ վաղուց մահացած մարդկանց… Լոնդոնի մետրոյում ձեր աչքի առջեւ հանկարծ կհառնեն Ալավերդուց դեպի Հաղպատ տանող ճանապարհի ոլորանները, Երեւանի նախկին Ֆուրմանովի փողոցի 36 շենքի բակում նարդի խաղացողները կամ Հյուսիսային պողոտան… Չէ, այդ վերջինը պետք չէ, որովհետեւ մղձավանջները գալու են գիշերը…

Չեխ գրող Միլան Կունդերան շատ լավ է նկարագրում իր արտագաղթած հերոսի երազները. «Արտագաղթածի երազը՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամենատարօրինակ ֆենոմեններից մեկն է… Հազարավոր արտագաղթածներ նույն գիշերով տեսնում էին նույն երազը՝ անթիվ տարբերակներով… Այդ մղձավանջային երազներն Իրենի համար առավել առեղծվածային էին, քանզի նա՝ տառապելով անհաղթահարելի կարոտաբաղձությամբ, միաժամանակ միանգամայն այլ, հակառակ փորձն էր վերապրում՝ ցերեկը նրա առջեւ անընդհատ հառնում էին հարազատ երկրի տեսարանները: Ողջ օրվա ընթացքում այդ անցողիկ կերպարներն այցելում էին նրան՝ գոնե մասամբ լրացնելու կորսված Չեխիայի բացակայությունը: Բայց նույն ենթագիտակցության ռեժիսորը ցերեկը նրան հարազատ բնապատկերների դրվագներ էր պարգեւում՝ որպես երջանկության կերպարներ, գիշերը հրամցնում էր այդ նույն երկիրը վերադառնալու սահմռկեցուցիչ տեսարաններ: Ցերեկը լուսավորված էր լքված հայրենիքի գեղեցկությամբ, գիշերը ծանրաբեռնված էր վերադարձի սարսափով: Ցերեկն ուրվագծում էր իր կորցրած դրախտը, գիշերը՝ այն դժոխքը, որից փախել էր»…

Ու այսօր այստեղ՝ «Զվարթնոցի» անտրամաբանական թանկ սրճարաններից մեկում նստած, նայելով գնացողների դեմքերին, իհարկե զգում եմ, որ նրանցից ոմանք լավ էլ հարմարվելու են նոր միջավայրին ու ապրելու են անհոգ ու բարեկեցիկ կյանքով, բայց երեւի թե մեծ մասը այդպես էլ մնալու է ոչ միայն հայրենիքի եւ օտարության, այլեւ հայրենիք դրախտի ու հայրենիք դժոխքի արանքում…

Հետո սկսելու եք արդարացնել օտարությունը… 1500 նպաստ եմ ստանում, 450 դոլարով բնակարան եմ վարձում Լոսի համեմատաբար էժան Վեննայսում, 100 դոլար՝ ուտելիքս, 200 դոլար դեղերս, մի 100 դոլար էլ, լավ, մարդ եմ, գնում եմ հարեւան Տեխասում՝ կազինոյում եմ տարվում… Լաս Վեգաս էլ չեն հասցնում անաստվածները՝ հենց երկու նահանգների սահմանին կազինո կա անապատում՝ երկու օր անվճար բրախում են, որ այդ 100 դոլարս լրիվ ծախսեմ… Հետո լույսի, գազի փող… Բայց հո ամսվա վերջում 200 դոլար մնում է, դա էլ ուղարկում եմ Երեւան՝ աղջկաս… Երկու երեխա ունի՝ այդ 200 դոլարի հույսին է…. Հիմա, որ գնացի Երեւան՝ ո՞վ է շահելու… Համ աղջիկս այդ 200 դոլարը չի ստանա, համ էլ ես եմ գնալու՝ նստեմ խեղճ գործազուրկ աղջկաս վզին…

Աղջիկը վաղուց արդեն այդ 200 դոլարի հույսին չի, բանկի աշխատող՝ ապագա հանրապետական լիդերի հետ է ամուսնացել ու ամռանը Իսպանիա են գնում հանգստանալու… Բայց այդ 200 դոլարը հաճույքով ընդունում է, որովհետեւ գիտի՝ դա իր մոր սփոփանքն է, Ամերիկայում մնալու արդարացումը, կիրակի օրը Բրբենքի սրճարանում հավաքվող ընկերուհիների մոտ հպարտանալու առիթ՝ ես եմ պահում խեղճ երեխայիս…

Ու մի օր հասկանալու եք, որ երբեք էլ հետ չեք գնալու ու չեք վերամիավորվելու հայրենիքում մնացած ձեր կյանքի կեսի հետ՝ հենց այդպես էլ ապրելու եք՝ ճամփի կեսին… Չեք վերադառնա, որովհետեւ հայրենիք վերադառնալը չի նշանակում վերադառնալ հին կյանքին… Դա նշանակում է կորցնել այս երկրորդ՝ միջանկյալ   կյանքը ու սկսել նոր՝ երրորդ կյանքը Կունդերայի ասած այն դժոխքում, որից փախել ես… Իսկ կյանքում քանի անգամ կարելի է նոր կյանք սկսել…

«Ուշադրություն,  թիվ 2273 չվերթի  ուղեւորները  պատրաստվեն թռիչքի»…

Բարով գնաս՝ իմ կես… Եվ կներես, որ մնում եմ ու անընդհատ պիտի քեզ տանջեմ… Հա, ճիշտ ես, ապրելու տեղ չի, բայց մի փոքր էլ կփորձեմ ապրել… Եթե գործերդ լավ լինեն, 200 դոլար կուղարկե՞ս…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (45)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Հոդվածի ռուսերեն տարբերակը նախատեսվու՞մ է

  2. Tigran says:

    Արմեն ջան, էս տանջված ժողովրդին տանջելը մեղք է:

  3. Adam says:

    Հարգելիս, մի բանի հետ համամիտ չեմ ընդամենը:
    Պետք չէ դա գրել բոլորի անունից; կտրականապես բոլորի:
    Միգուցե քսանհինգից բարձրերն էդպես են զգում, բայց հաստատ իմացեք` ոչ ցածրերը:
    շատ սխալ բան է բոլորի անունից խոսելն ու սխալ ինֆորմացիա ու ՍՈՒՏ տպավորություն մարդկանց մեջ փորձել սերմանելը:
    Քսանհինգից ցածրերի մոտ պերսպեկտիվան ավելի լայն է, նոր հասարակության մեջ ինտեգրումն ավելի հեշտ ու արդյունավետ:
    Հաստատ իմացեք, որ իրենց մեծամասնությունը էդ ձեր ասած ՀԵՏԸ չեն նայում: Չեն տենչում քաքը, կեղտը, ԻՌՕՆՅԱՆ, կլօր օ ոյով ու ռուսերենով հենց: ԻՌՕՆՅԱՆ.
    Չեմ ասում, որ քսանհինգից բարձրերն իրենց կամքով են տենչում էդ երկիր կոչեցյալը… դա իրանց մեղքը չի…
    ուղղակի տարիների հարցն է էստեղ… քանի տասնամյակ էդ են տեսել, էդ են լսել ու սովորել են ԴՐԱՆ:
    բայց ո’չ ջահելների: Դա հաստատ: Գոնե մեծամասնության: Առո’ղջ մեծամասնության:

    Իսկ ընդհանրապես` վերջ տվեք մարդկանց մեջ սուտի նացիոնալիզմ սերմանելը, սուտի հայրենասիրության քարոզը: Աշխարհը ստեղծված է ապրելու համար: Ապրելու էնտեղ, որտեղ մարդ ցանկանում է:

    Հ.Գ. չեմ մեղադրում: քանզի հասկանում եմ իրադրությունը:
    Ողբերգություն է, երբ մարդն իր քաք վիճակին սովորում է ու էլ չի ուզում փոխի ոչինչ:

    Հ.Գ.Գ. Առողջ երիտասարդներ, Եվրոպան ու Ամերիկան ձեզ են սպասում: Գնացեք, ինտեգրվեք, կայացեք, ապրեք, ծառայեք, վայելեք: Կյանքը կարճ է:

    • Lusin says:

      համաձայն չլինելու իրավունքը Ձերն է, բայց հեռանալու կոչեր մի արեք: Դրսի <> էլ ապահովված չէ բոլորի համար, իսկ ներսի <>-ն էլ միանշանակ անվերջ չէ:

    • Աշոտ says:

      Adam: Քեզ թվում է, թե շատ օրիգինալ ու համարձակ մտքեր ես ասում: Նեխած մտքեր են, հոտ է գալիս: Դուլյանին քննադատելով Դուլյան չես դառնա, կդառնաս փալաս:

    • gago says:

      Ճիշտն ասած երբ կարդում էի, չէի հավատում, որ նա ով չի ապրել ինքնակամ հայրենազուրկի կարգավիճակում, կարող է էսքան ճշգրիտ ներկայացնել վիճակը, բայց… սա ոչ բոլորի համար է: Դրսում լիքը ԱԴԱՄՆԵՐ կան, որ չգիտես ինչու իրենք իրենց խաբում են, աչք են փակում իրանց օրեցօր “դեբիլացող” հայ տղաների (հատկապես) ու աղջիկների ապագայի վրա: Չեմ հասկանում, եթե քո կեսը չի մնացել Հայրենիքում, ինչու ես համառորեն հայերեն կարդում: Եթե արդեն ինտեգրվել ես քո նոր հայրենիքում, կարդա, գրի և մտածի նորովի, մոռացի էս կողմը: Թող, որ մնացողները կարողանան մի բանի հասնեն ու իրենց հաջորդներին մի քիչ ավելի լավ պայմաններ թողեն: Գնա, լափի անանասդ, նկարն էլ մի ղրկի, պահի քեզ ու քո նմաններին ի ցույց…200 դոլար էլ մի ղրկի, դա էլ պահի քեզ ու հեռու մնա հայությունից:
      Իսկ Արմեն Դուլյանին մի բառով, կեցցես:

    • Արմեն says:

      Ադամ, շատ սխալ ես դատում: Հոդվածը մեկ էլ կարդա: Համգիստ կարդա, միգուցե կհասկանաս:

    • Առողջ երիտասարդ says:

      Առողջ երիտասարդ եմ, Հայաստանից մեկնել եմ, երբ 25-ից ցածր էի, բայց մի ամսից ճամպրուկներս կապում եմ ու տուն վերադառնամ, տոմսն արդեն ունեմ: Ու ինձ նման լիքը ուրիշ երիտասարդներ կան: Օդից չեմ ասում, շատերի հետ կապի մեջ եմ, մենք անընդհատ քննարկում ենք վերադարձի հարցը:

    • Հրաչ says:

      Բայց ով ասաց որ այս խոսքեը ձեզ են վերաբերում, կամ ինչ որ շերտի, թեկուզ քո ասած քսանհինգից ցածրերը: Գտնողը գտնում է նման մի անհատնում մորմոք օվիկիանոսի էն ափից ամեն օր մրմնջում է պատրիկ Արտեմին, նա բոլորը չէ, նա Նա է:

  4. Քրիստինե says:

    պրն Դուլյան, պաթետիկ հոդվածների համար ուրիշ թեմա չկա քան հայաստանից լոս գնալու արդեն բոլորին հոգնեցրած թեման?

  5. Ժիրայր says:

    սա ոնցոր իմ կյանքի բնութագիրը լինի:Ես նույնպես օտար ափերում բարի բախտ փնտող հայերից եմ ու կարոտախտը ուղակի ամենա տանջալից հիվանդությունն է:Ես էլ շատերի հետեվից եմ վազել իմանալով թէ Հայաստանցի բարեկամ կամ ընկեր է:Հայեր մի գաղթեք: Տանջալից է:

  6. Hrant Shishmanyan says:

    Հրաշալի էր… Կարծում եմ այս թեմային վերաբերող լավագույն խոհերից է…

  7. Spartak says:

    Իսկական ժուռնալիստի մտորումներ էին:Կարդացի հաճույքով:Նվնվոց չկար:Ասա՝ կարդացողները շատ լինեն, հատկապես՝ ,,ճամպրուկավորվածները,,:Եթե մեր իշխանությունները սրտանց ցանկա նում են արտագաղթի դեմն առնել, լավ կլինի լրատվամիջոցներին, հատկապես հեռուստատեսությ անը հրահանգեն արտագաղթածների մասին հաղորդումներ ու հոդվածներ պատրաստել:Փաստացի կտեսնենք, թե ինչ կյանքով են ապրում մեր հայրենակիցները:Ինչ էին հայրենիքում, ինչ են արտերկրում:Միլիոնից ավելի արտագաղթածները չեմ կարծում, որ դրախտում են:Համոզված եմ՝ իներցիայով են շատերը թողնում Հայաստանը:

    • Հրաչ says:

      Չէ, մերոնք էստեղից լրագրողներ են ուղարկում որ նկարեն թե ինչ թան ավտո են քշում Հ2, ինչեր են ուտում Հ2, ինչ տբերում են ապրում Հ2, առանց էդ կարոտի ցավի

  8. Մեկը says:

    Ադամին:
    Հարգելիս, սա ընդամենը շատ լավ գրված մտորումներ են, շատ հուզական, իսկ դուք բան չեք հասկանում ընդհանրապես: Սա ստատիստիկա չէ, ընդհանրացումներ էլ չկան բոլորովին:
    Լավ կլիներ, որ անպարկեշտ բառեր չօգտագործեիք, ու Հայրենիքի մասին մի քիչ մտածեիք, չնայած, Ձեզ համար ինչ Հայրենիք: Դուք Հայրենիքից վեր եք, համա-համա-համամարդկային եք…

  9. Hrant Shishmanyan says:

    Առաջին տպավորությամբ թվում է, թե քնարերգական է, բայց կարծում եմ բավական մոտ է ճշմարտությանը: Թերևս այն չի տարածվում երեխաների վրա, որոնք հեշտությամբ ինտեգրվում են նոր միջավայրին:

  10. Մեր օրերում հազվադեպ շատ հաջողված էսսե. փաստարկված, տրամաբանական, հուզիչ։ Ցավոք, գնացողներին կանգնացնել չի լինի. մեծ մասը մատն այրելուց հետո են հասկանում, որ ցավոտ էլ հենց պետք ա լիներ։

  11. Սիրուն says:

    Հզոր գործ է։ Ես կասեի՝ ժամանակակից արձակի լավագույն նմուշներից։ Այնքա՜ն ասելիք կա այս հակիրճ, սահուն, զարմանալիորեն մեղմ ու անբռնազբոս շարադրանքի մեջ։ Այստեղ առկա է ոչ թե հայրենասիրության՝ ոմանց կարծիքով՝ «դատարկ քարոզը», այլ՝ հայրենաբաղձության ցավը՝ արտահայտված առանց հառաչանքների։ Իսկ Հայրենիքը չեն սիրում, նրա՝ լավը կամ վատը լինելու համար, և հայրենասիրությունը ոչ թե քարոզով, հարգելի Ադամ, այլ՝ արյան կանչով է պայմանավորված։ Հայրենիքը մեր համընդհանուր ցավն է, որ գնալով՝ ավելի է ուժգնանում ու այս պահին բուժման կարիք ունի։ Իսկ Դուք ՝ ապրեք այնտեղ, որտեղ ուզում եք, բայց նման տողերը քննադատելուց առաջ՝ մի քիչ մտածեք, կամ 8-10 անգամ ընթերցեք՝ չմոռանալու համար, թե ինչի մասին էր խոսքը։

  12. Անդրանիկ says:

    Հարգելի պ.Դուլյան:Շատ հուզիչ հոդված էր:Միայն Ձեր գրածից դուրս է գալիս,որ բոլորը մեր սիրած Հայրենիքճ լքում են շքեղ ապրելու նպատակով:Ես համոզված եմ,որ ամբողջ Հայությունը երազներով է ապրում վերադառնալ իրենց լքած տներն:Կարող էք Զվարթնոցից բացի Ձեր հետազոտություններն անել Բագրատաշենում,որտեղից Հայրենի տունն լքում են նրաք,ով նույնիսկ հաց փող չունի:Եվս մի առաջարկ,ինչու՞ չեք փնտրում պատճառը այս արտագախթի:Այդ հարցով,ինչու՞ չեք դիմում մեր երկրի ղեկավարությանը:Ձեզ այդ հնարավորությունը ունեք…

  13. Zara says:

    “По Родине лучше тосковать у моря, с вином и устрицами…”
    Иван Бунин

  14. ՀԱՅԿ says:

    1500 նպաստ չեմ ստանում, տուն էլ փող չեմ ուղարկում. եթե պետք լինի, տանից կուղարկեն. Բայց եթե Հայաստանում իշխանությունը քո ասած տականքների ձեռին ա, որոնք չեն էլ ուզում, որ մնացած ժուղովուրդը գոնե նորմալ սնվի, ուրեմն ինչքան էլ ծանր չլինի, մարդիկ լքելու են Հայաստանը. ՈՒ գնացողների մեծ մասը ոչ թե կուշտ լինելու համար ա դուրս գալիս, այլ զզված համատարած լկտիության /սկսած նախագահ կոչեցյալից…/ մթնոլորտից. ՈՒ …. я пророчить не берусь, но точно знаю, что вернусь….
    в страну не ДУРАКОВ, а ГЕНИЕВ….. Տալկովի խոսքերն են, բայց մեր էսօրվա համար ա ասված………………… ՈՒրեմն հուզիչ հոդված գրելու փոխարեն Հայաստանի մոլախոտերը մաքրեք .. ավելի էֆեկտիվ կլինի!

    • Armen Dulyan says:

      Ես էլ եմ մտածել՝ հոդված գրելու փոխարեն մոլախոտ մաքրելու մասին… Առայժմ ձեւը չեմ գտել, եթե գիտեք՝ ասեք…

  15. աննա says:

    Սա նաեւ իմ կեանքի պատմութիւնն էր….ճիշտ կամ սխալ,ես ինձ տեսայ տողատակերում…մի քիչ խիստ էր ասուած,մի քիչ սեն տիմենտալ էր,բայց դէ…

  16. Պողոս says:

    Լավ եք գրել, հավաստի: Բայց ես համաձայն չեմ: Երևի դա նրանից է, որ տունս չեմ ծախել, տոմս չեմ գնել, չեմ մեկնում, չի ստացվում, չեմ ուզում , չգիտեմ, բայց համաձայն չեմ:

  17. Gohar says:

    դա չես զգում երբ դեռ հայրենիքից դուրս չես եկել, միայն հետո ես գիտակցում, որ քո կեսը այնտեղ է մնացել:

  18. Ռազմիկ says:

    14 տարեկանից մինչ օրս (արդեն 23 տարեկան եմ) Լոս Անջելեսի հենց Վեն Նայս քաղաքից մի քիչ հեռու անցնում եմ այն փուլերի միջով, որոնք նկարագրել է պարոն Դուլյանը։ Ադամի հետ համաձայն եմ նրանով միայն, որ բազում հնարավորություններն ու լուսավոր ապագա ունենալու հավանկանությունը չափազանց իրական են արտեկրում։ Հիմա իմ կարիերայում ես այնպիսի հաջողություններ եմ գրանցում, որոնց մասին ես չեմ էլ երազել ու չէի էլ կարող երազել Հայաստանում անց կացրած մանկության տարիներիս։ Սակայն նույնիսկ այս ձեռքբերումները չեն կարողանում հանդարտեցնել այն կռիվը երկու կեսերիս մեջ, որը ժամանակին ես դիտարկում էի որպես ամերիկյան և հայկական իրականությունների բախում։ Պատկերը փոխվեց, երբ անցյալ տարի վերջապես եկա Հայաստան ու վերջնականորեն հասկացա, որ այսօրվա Հայաստանն էլ իմը չէ, ու ես միշտ այդտեղ լինելու եմ օտար և ունենալու եմ հյուրի կարգավիճակ, ինչպես այստեղ՝ ԱՄՆ-ում։

    Պրն․ Դուլյանի հոդվածը չէր կարող ավելի լավ պատկերել այն հոգեվիճակը որով անցնում են բոլոր հասուն մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից։ Այս հոգեվիճակը միացնում է բոլոր նրանց, ովքեր փորձում են ժամանակ-առ-ժամնակ մտածել բացի իրենց կարերայի ու փողի հետևից վազելուց։ Բարեխտաբար, 25-ից ցածր տարիքային խմբում դեռ մտածողներ կան ու նրանք շատ են, համենայն դեպս իմ շրջապատում։

  19. Արթուր Ղազարեան says:

    Անխիղճ (լաւ իմաստով) մարդ էք, սիրելի Արմէն Դուլեան: Լացացրիք: Իմ պարագայում, ես շատ լաւ եմ ապրում արտասահմանում: Միջինից բարձր խաւի ներկայացուցից եմ, ԲԱՅՑ այս կարօտն անտանելի է: Փորձում եմ համատեղել Հայաստանն ու արտերկիրը, բայց ապարդիւն: Առայժմ անզօր եմ,,

    Յ.Գ. Հիանալի յօդուած էր: Շնորհակալութիւն,,

  20. Armine G says:

    Ես ուզում եմ մոլախոտ մաքրելու իմ տարբերակը ներկայացնել: Ընդունում ենք որ շատ զարգացած ու խելացի մարդիկ կան մեր շարքերում ու մենք բոլորով կարող ենք մեր լուման ներդնել հայ հասարակության մակարդակի բարձրացման մեջ: Ես առաջարկում եմ մեր իսկ օրինակով, մեր իսկ վարքով պրոպագանդել համատարած բարիություն, ազնվություն, արդարություն: Մենք եթե արմատախիլ անենք մեր հասարակության մեջ տարածված նախանձը, չարությունը, խարդախությունը, այդ մոլախոտերը կվերանան: Նրանք չեն դիմանա հասարակության ճնշումներին: Հասարակությանը պետք է սովորեցնել ինչպես պայքարել վատի, անարդարության և ստի դեմ: Դրա համար նախ պետք է յուրաքանչյուրս պայքարի մեր միջից արմատախիլ անելու վատը, չարը: Եթե մենք յուրաքանչյուրս դառնանք բարի ու ազնիվ, մեր ընտանիքի անդամներն էլ դա կընդօրինակեն, հետո մեր հարևանները, մեր բարեկամները դրանով «կվարակվեն» և այսպես ամբողջ հասարակությունը կդառնա բարի ու ազնիվ:
    Խավարի դեմ միայն լույսով կարելի է պայքարել: Խավարը դա լույսի բացակայությունն է: Չի կարելի հանդուրժել վատը, այն պետք է մեկուսացնել ու վերացնել: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում երբ մենք ինքներս մաքուր ու ազնիվ ենք: Ուրեմն սկսենք տարածել մեր լույսը, մեր ազնվությունն ու բարիությունը: Պրն Դուլյան, հո դեմ չե՞ք: 🙂

  21. Dr. George Parseghian says:

    Աւելին…
    Անշուշտ կայ… նոյնիսկ՝ շա’տ աւելին,

    Աւելի գեղեցի՞կ… ինչքա’ն ուզես,
    Աւելի հանգի՞ստ… որքա’ն ուզես,
    Ճո՞խ աւելի… եւ գունաւո՞ր,
    Նո՞ր աւելի… եւ փառաւո՞ր,
    Արքայական պերճանքով ու շռայլանքով…
    Որ ու’ր նայիս կը շողշողան քարեր անգին,
    Արժա’ն աւելի, առատութեամբ ու յորդանքով…
    Որ ջրի գին ունի նոյնիսկ փայլուն արծաթն ու ոսկին,
    Քաղաքակի’րթ, ու առաւել զարգացած ժողովուրդներով…
    Ուր արժանապատիվ կապրի հասարակ քաղաքացին,
    Անշուշտ կայ. կայ աւելին՝ կայ նաեւ դեռ շա’տ աւելին…

    Բայց հարազա՞տ …
    Աւելի’ հարազատ քան հայրենի հողդ սեփական,
    Բնաւ երբեք… ու’ր ալ երթաս չես գտներ անոր նման:

    Հարազա’տ..
    Այնքա’ն հարազատ, որ մտերիմ կը զրուցեն քեզի հետ
    Ծառ ու այգի, պուրակ, պարտէզ ու արահետ…
    Մտերիմ ես նաեւ տուֆաշէն աննկատ այդ տնակին,
    Որուն տեղը չես գիտեր, չես լսած անոր մասին,
    Հարազատն ես այդ օջախի անծանօթ բնակիչին՝
    Որ կը խօսի հայերեն, եւ կառչած է ամուր հողին.
    Գուցէ պատաահի որ անոր անհամակրելի համարես,
    Կենցաղը՝ ուրիշ, նիստ ու կացը՝ տարբեր գնահատես,
    Սակայն «աղբեր ջան» կամ «հայրենակից» կը կոչես,
    Հացդ հետը կը կիսես, թասէն կը խմես, ցաւը կը տանես…

    Հարազատ երկիր մը ողջ, որ լաւագոյնը չէ գուցէ,
    Բայց հազարամեակներ ի վեր քու սեփական մայրդ է,
    Ծանօթ են հեքիաթները քաղաքներուն ու գիւղերուն,
    Անուշ է անոր ջուրը, ուրիշ է բոյրը մեղրահամ միրգերուն,
    Օդն անգամ որ կը քաշես՝ քու Նահապետիդ շունչն ունի,
    Անցեալդ, ներկադ ու ապագադ՝ այդ սուրբ հողին կը պատկանի.

    Աւելին…
    Անշուշտ կայ… նոյնիսկ՝ շա’տ աւելին,
    Բայց հայրենիքը մէկն է միայն, եւ միակը՝ անփոխարինելին…

    Տոք. Ճօրճ Բարսեղյան
    9.7. 2013

    հ.գ. Սուրիոյ դէպքերու պատճառով տարիէ մը աւել է որ կը գտնուիմ Երեւան, եւ ատամներով ու մագիլներով կը պայքարիմ այստեղ հաստատուելու համար… ըստ երեւոյթի դժուար է այստեղ բժիշկի մը համար (բժշկավայել) կենցաղով ապրիլ, բայց դեռեւս յոյսս կտրած չեմ (մարդավայել)
    կեանք մը ունենալու… անկեղծօրէն՝ յօդուածիդ մէջ յիշած որոշ երկրներու մէջ հաստատուելու հնարաւորութիւնը ունիմ, սակայն վստահ չեմ թէ այնտեղ իմ հիվանդութեան դեղօրայքը կարելի պիտի ըլլայ ճարել, հիվանդութեանս անունն է ( հայրենասիրութիւն)… լաւ յօդուած էր՝ ապրիս Պր. Արմէն

  22. Տիգրան says:

    Հայկ ջան, եթե ամենքս գնանք ու սպասենք, որ լավ լինի, բա այդ մոլախոտն ով պիտի մաքրի? Հետո էլ պիտի բողոքենք, որ ռուսը կամ մեկ ուրիշն է տիրանում մեր հարստությանը, որ ուրիշներն են մեր փոխարեն որոշում կայացնում: Հեշտ է գնալ ու կարգադրել – մոլախոտերը մաքրեք, նոր կգամ: Ներողություն, բայց կարող եք այլևս չգալ: Թե միասին չենք շենացնելու այս երկիրը, ապա էլ ոնց եղավ, որ բոլորիս հայրենիքն է: Նման է նրան, որ եղբայրներից մեկն հայրական ավերակ տունն ու հիվանդ ծնողներին թողնի մյուսի հույսին ու կարգադրի, թե մինչև տունը չվերանորոգես ու ծնողներիս չբուժես չեմ գա….
    Կներես, իսկ իմ երեխան ինչու պետք է տանջվի ու շեն երկիր կառուցի, որ հետո քո զավակները գան ու պատրաստի վայելեն: Եթե մոլախոտ չես քաղելու, ուրեմն մի բողոքիր, թե այգին բերք չի տալիս, այն այլևս քոնը չէ: Ես ոչ դատապարտում եմ, ոչ էլ գովում գնացողներին կամ մնացողներին: Դա ամեն մեկի անձնական ընտրությունն է: Ես ինքս վերադարձացածներից եմ: Պարզապես, եթե անմշակ այգում գործ չանելու համար գնացել ես ուրիշ պարտեզի բարիքներն ես վայելում, ուրեմն մի բողոքիր մոլախոտերից: Դու դրա իրավունքը չունես: Համենայն դեպս հեռվից:

  23. Փիրուզ says:

    Շողակաթի հայրենադարձների վերաբերյալ հաղորդումնրեից մեկում հյուրը մի պարսկահայ երիտասարդ էր, ով իր նորաստեղծ ընտանիքով վերադարձել էր Հայաստան: Եվ պապը և հայրը ծնվել էին Պարսկաստանում: Իր` Հայասան տեղափոխվելու շարժառիթը այդ երիտասարդը ներկայացրեց այսպես: Պապը Պարսկաստանում կառուցել էր գեղեցիկ տուն, որը ստիպված էին եղել ինչ-ինչ պատճառներով վաճառել մի պարսիկի ու տեղափոխվել պարսկական մեկ այլ քաղաք: Հետո այս քաղաքում հայրն էր տուն կառուցել, զավակներ ունեցել: Այդ երիտասարդը դասեր քաղելով անցյալից, որոշել էր տեղափոխվել հայրենիք, ասաց, որ չէր ուզենա, որ ապագայում իր զավակը օտար հողում չարչարանք թափեր, տուն կառուցեր, հետո թողներ մի օտարի ու նորից բռներ պանդխտության ուղին: Դրանից ձերբազատվելու միակ ճանապարհը սեփական հայրենիքը շենացնելն է ու քո հողում կայանալն է: Փախուստը ելք չէ, դա սպառող հասարակության վարվելակերպ է, երբ ի վիճակի չես կերտելու, փոխելու, նորն ու լավը ստեղծելու, փոխարենը գնում ես վայելելու, այսինքն սպառելու գերմացանու, ամերիկացու, իտալացու, լեհի …ստեղծածը: Դասախոսներիցս մեկը մի ճիշտ բնորոշում արեց, որ հայերս աշխարհի համար վերածվել ենք դոնոր ազգի: Ուզում գեղեցիկ ու արտահայտիչ աչքերով խելացի երեխաներ ունենալ, համեցեք Հայաստանից “աղջիկ տարեք”: Բաքուն, Լվովը, Թիֆլիսը, Կոստնադնուպոլիսը ….. ով շենացրեց, իսկ հիմա ով է վայելում ????

  24. Համլետ Աբրահամյան says:

    Ահա այս գրառումը ես կատարեկ եմ Ֆեյբուկում հոկտեմբերի 18-ին, այսինքն մինչև պարոն Դուլյանի այս հրապարակումը:
    Hamlet Abrahamyan
    October 18 · Edited
    Հազար անգամ գրել եմ ու չեմ ծուլանա, կգրեմ հազարմեկերորդ անգամ:
    Հայաստանաբնակ հարգելի հայեր, մենք՝ հայերս, ունենք միայն մեկ հայրենիք ողջ տիեզեքում: Դա Հայաստան երկիրն է: Այն երկրները որտեղ բնակվում են աշխարհասփյուռ հայերը դա նրանց երկրորդ հայրենիքն է ու բաժին է ընկել նրանց հայրենիքում իրենց գույությունը պահել չկարողնալու պարզ պատճառով: Դրանք կլինեն Արևմտյան Հայաստանի եղեռնից մազապուրծ հայության ժառանգները թե Հայաստանից վերջին 20-25 տարում հեռացածները, կարևոր չէ: Բոլոր այդ հայերը եթե հնարավորություն ունենային ապրելու իրենց մայր հայրենիքում նրանք չէին հեռանա իրենց հայրենիքից: Եթե գնացել են ուրեմն չեն տեսել հնարավորություն իրենց գոյության համար: Այս պարզ ճշմարտությունը ինչու՞ եք մոռանում ու սկսում ամեն պատեհ ու անպատեհ առիթներով փնովել ձեր եղբայրակիցներին ովքեր հայրենազրկվել են այս կամ այն զորեղ կամ քիչ զորեղ պատճառներով: Եղեք մի քիչ հանդուրժող ու ընդունեք որ ամեն հայ նույնքան իրավատեր է իր հայրենիքին ինչքան դուք եք և նրա սիրտը գուցե թե առավել է ցավում իր հայրենիքի համար քան ձեզնից շատ շատերինը ովքեր անխնա ընկել են հայրենքի մարմնին ու քամում են նրա վերջին կենարար հյութերը:

    Իսկ այստեղ կավելացնեմ հետևյալը՝
    Մարդկությունը հազարավոր տարիներ պայքարել է ազատ տեղաշարժման իրավունքի համար: Միայն 20-րդ դարի կեսերից հաջողվեց հասնել այդ նպատակի մասնակի իրականացմանը որովհետև դեռևս կան երկրներ որտեղից հնարավոր չէ որևէ այլ տեղ տեղաշարժվել: Ազատ տեղաշարժման իրավունքը շատ առաջադեմ սկզբունք է : Այն բացառում է երկրներում զանազան տեսակի ճնշումների և այլանդակությունների կատարմանը: Մարդիկ այլևս ճորտեր չեն և գամված չեն իրենց ծննդավայրերին որ տարբեր տեսակի տականքներ ինչ խաղ ասես դնեն գլխներին: Լավ երկրից չեն հեռանում: Մարդիկ հեռանում են վատ երկրից երբ այևս ելք չեն ունենում իրենց կյանքը դասավորելու համար: Տիրողները թող տեսնեն ու հասկանան թե ինչ օրի են հասցրել մարդկանց որ մասսայաբար լքում են երկիրը ու հեռանում են սեփական հայրենիքից:
    Ցավոք սրտի բարոյախոսությամբ երեկոյան չես կերակրի կիսասոված երեխաներիդ որ դնես անկողին ու առավոտյան էլ չես ճանապարհի դպրոց կոշիկի փոխարեն բարոյախոսությունը նրանց հագցնելով:

  25. Գեղեցիկ, քաղցրանուշ, մեղմ, քնքուշ ու սենտիմենտալ Միջին Տարիքի Ճգնաժամին հասած տղամարդու խոհեր: Որն իր երիտասարդ տարիներն է փնտրում արդեն անծանոթ դարձած Հայրենիքում, ու չգտնելով այն խղճի խայթ է զգում բացակայած տարինեի համար: Բոլորս էլ ինչ-որ ժամանակ տառապում ենք դրանով: Հավանելով այս գեղեցիկ շարադրությունը, ցավոք իրականության մեջ ավելի համամիտ եմ Համլետ Աբրահամյանի վերը արված գրառման հետ: 🙂

  26. Ֆլորա says:

    Հրաշալի գործ է:
    Մութ ու ցուրտ տարիներին մայրս տեղափոխվեց՝ ինձ մոտ հիմնական ապրելու համար: Ինն ամիս աղջիկս ու մայրս մնում էին ինձ հետ՝ զբաղված Հայաստան գնալու սպասումով: Այդ ինն ամիսը իրենց երկարատև արձակուրդն էր, հետո Հայաստանում երեք ամիս ապրելու համար:

  27. Զարուհի says:

    Շատ ճիշտ մտքեր … ես ինքս էլ ապրում եմ Եվրոպայում, ինչ էլ լինի մենք օտար ենք այստեղ …ու շատ տեղին էր նկարագրած կարոտը:

  28. Գալուստ Ենոքյան says:

    Ես էլ ինչպես միշտ շնորհակալ եմ Արմենին «արտագաղթողի» ու արտագաղթածի հոգեբանական հիրավիճակի համեմատաբար յուրատիպ նկարագրության համար, սակայն կարծում եմ մի կարեվոր հանգամանքի Արմենը չի անդարադարձել …մենք բոլորս տարիքն առնելով «արտագաղթում» ենք մեր կյանքի ոսկե տարիներից, մանկությունից, պատանեկությունից, որը անպայմանորեն մեր Հայրենիք հասկացության շատ կարեվոր մաս է: Ես մեծացել եմ հիսնականներին, Արաբկիրի բարքների հարեվանությամբ, այն Երեվանի ծայրամաս էր, մեծ մայրս մի փոքր այգի ուներ էդ բարաքներին կից ուր հավ էր պահում, մրգի ծառեր կային….այս ամենը մի փոքր կարելի է կապել բերգմանի «Ելակի դաշտերը»ֆիլմի ծերունի պրոֆեսորի հիշողություններին…մեր շատերի հիշողությունները բյուրեղացել են, ոչ միայն Հայրենիքից ու միքանի տասնյակ հոգեպես մոտ մեզ մարդկանց լքելուց, այլ նայեվ մեղավորության զգացումից, մեր երկրի հանդեպ, մեր մոտիկ ընկերների հանդեպ…իհարկե բարեկեցիկ կյանքի համար չէինք լքել…ես նույնիս չգիտեի էլ ինչ է բարեկեցիկ կյանքը, մանկությանստարիներին մի սենյակում հորս, մորս, եղբորս հետ էինք ապրում, ոչ կոյուղի կար , ոչ հոսող ջուր, բայց երջանիկ էինք…բարաքներում մեծ մորս տունը շատ բան չկար, հաճախ գալիս էի նրա տումն, մի ռադիո ուներ ու մի օր էդ ռադիոյից հատնաբերեցի «բիթլզներին»…արդեն Ամերիկայում եմ երեսուն տարի է, հիմա էլ չգիտեմ թե ինչ է բարեկեցիկ կյանքը…թեեվ միջին դասին եմ կարծես պատկանում, իրեեր ունենք, ուտելիք, …բայց ինչպես մանկության տարիներին չես նկատում, արդեն երեսուն տարի է երազներումս եվ Ամերիկայում եմ եվ Հայրենիքում, ու մարդիկ էլ եվ Ամերիկայից են եվ իմ անցած կյանքից…համոզված եմ որ եթե հեռացած չլինեի, էսօր կենդանի չէի լինի, ինչպես միքանի մոտիկ ընկերներս…էստղ գոհ եմ որ իմ ազգակիցների լկտիության ու հիմար ապրելակերպի հետ չեմ շփվում, սակայն , ինչպես Արմենն է ճշմարիտ ասում ճամփի կեսին էմ…շատ չի մնացել էս էրազի ավարտվելուն ինձ համար… ցավում եմ , որ կյանքս չապրեցի ինձ մոտիկ ընկերներիս հետ, իմ երկրում…

  29. Սեւակ says:

    Աղյուս որտեղի՞ց ճարենք.

  30. Նորայր says:

    Պարոն Դուլյան, շնորահվորում եմ, անչափ բարձր արվեստ ներկայացնող (իմ պատկերացմամբ իհարկե) գործ եք գրել, էսսե-նովել-պատմվածք ժանրային բնույթի։
    Կեցցեք։

    Այսօր համար 1 կարևորության թեման է ձեր շոշափածը, այդ թվում՝ գրական գեղարվեստական անդրադարձների տեսքով։ Մնացածը նեյնիմներ են։

    Ինչ լավ կլինի, ձեր այդ խորը գրիչը հաճախ գեղարվեստական ժանրերի համար գործածեք։

  31. Հրաչ says:

    Շատ տպավորիչ ու հուզիչ էր,կարծես սրտիցս էր գրված ! Հիմնարար էր ու տպավորիչ !!! Շնորհակալություն !!!!!

  32. Արման says:

    Շնորհակալ եմ Արմեն ջան, շատ լավն է,
    շատ հուզիչ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031