Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատույց օգտագործման վկայականով են (Տեսանյութ)

Հուլիս 16,2013 13:57

Երեւանի Սեբաստիա 3 հասցեի 5 հարկանի շենքում բնակվում է 28 ընտանիք, ովքեր այդտեղ բնակություն են հաստատել դեռեւս 1988 թվականից: Սկզբնական շրջանում այդտեղ բնակվել են տեղացիներ եւ փախստականներ, սակայն շենքում ներկա պահին միայն փախստականներ են:

2003 թվականին շենքը  վաճառվել է Հայաստանի կառավարության կողմից` «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին` 19.500.000 դրամ արժողությամբ: 2008 թվականին այդ շենքը դուրս է եկել համալսարանի կազմից եւ անցել ՍՊԸ տնօրեն Գայանե Սիմոնյանին:

Շենքի բնակիչներից Ռիմա Աբրահամյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմեց, որ 1988 թվականից  ապրում է այդ շենքում, իսկ այժմ վախենում է, որ կարող է իրեն եւ մյուս բնակիչներին շենքից դուրս հանեն ու  թողնեն առանց տանիքի: Նա այդ եզրահանգման է եկել, քանի որ շենքի առանձին սենյակներ արդեն իսկ վաճառվել են եւ որոշ մասն էլ դրված է վաճառքի: «1988 թվականից ապրում եմ այս շենքում: Վճարել եմ բոլոր կոմունալ վարձերը` ջուր, հոսանք, աղբ: Մենք ամսական վարձավճարներ չենք տալիս սենյակներին, քանի որ փախստականներ ենք: Խնդիրը կայանում է նրանում, որ 25 տարի շարունակ ապրելով այս գորշ պայմաններում, ոչ ՀՀ կառավարությունը, ոչ այս շենքի սեփականատերը չեն անհանգստանում, թե ինչքան կարող են մարդիկ այսպիսի պայմաններում ապրեն: Այս շենքը, որ վաճառվել է` պայմանագրում նշված է, որ վերավաճռելու դեպքում շենքի սեփականատերը պարտավորվում է բնակիչներին տրամադրել բնակարան, սակայն անուշադրության հետեւանքով մենք խուսափում ենք, որ դրսում էլ կարող ենք հայտնվել»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Ռիմա Աբրահամյանը:

Շենքն ամենեւին բարվոք վիճակում չէ: Այն այնքան է խարխլվել, որ շենք մտնելիս թվում է, թե ուր որ է կքանդվի: Առաստղ գոյություն չունի, իսկ անձրեւային եղանակների ժամանակ այն իր գործն է կատարում` ամբողջությամբ «խժռում» է  տանիքը:

Նույն  շենքի բնակիչ Ստելա Դադամյանն այդ շենքում է բնակվում 1989 թվականից: Նա նույնպես փախստական է: Ապրում է միայնակ: Նա խոսեց իր երազանքների մասին, իսկ այդ երազանքն այնքան էլ անլուծելի խնդիր չէ: Ստելան պարզապես ցանկանում է ապրել բարվոք բնակարանում եւ անհանգստանում է, որ այդպես էլ այդ բարվոք բնակարանի սեփականատերը չի դառնա եւ ինչպես ասաց. «Ես շատ մեծ չեմ տարիքով, բայց  միգուցե մեկ տարուց կամ երկու տարուց մահանամ` նյարդային խիստ հիվանդ եմ: Նյարդային հիվանդ եմ դարձել այս շենքի պայմաններում ապրելով: Միգուցե իրենց ուզածն էլ հենց դա է, որ բոլորս քիչ-քիչ մահանանք ու պրծնեն մեզանից: Չի կարելի, չէ: Եթե գումար ունեն ու համարվում են պետական մարմիններ, ծախսում են մեծ թվով գումարներ, ապա թող նաեւ մտածեն իրենց փախստականի, քաղաքացու մասին: Ինչ է, մենք պիտի փտե՞նք այսպես»:

Սեբաստիա 3 հասցեի շենքի բնակիչները տեղեկացրեցին նաեւ, որ երբ նամակ են գրել ՀՀ վարչապետին բնակարանի խնդրի հարցով, վերջինն էլ իր հերթին գրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը եւ այդպես էլ խնդիրն անլուծելի է մնում: «Ոչ մի երկրում չկա այդպիսի երեւույթ, որ պետությունը 25 տարի շարունակ փախստական ունենա, իսկ հիմա էլ օրենք է դուրս եկել, որ նրանք, ովքեր ընդունում են ՀՀ քաղաքացիություն, ապա այլեւս չեն համարվում փախստականներ, իսկ այդ պարագայում, ընդհանրապես, մեր խնդրին ուշադրություն դարձնող չի լինի: Կասեն՝ Հայաստանի քաղաքացիներ եք, իսկ մի՞թե քաղաքացի դառնալով հայտնվում  են դրսում»,- հուզված ասաց Ռիման:

Խնդիրը պարզաբանելու համար «Առավոտը» հանդիպեց «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման խորհրդի նախագահ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Դերձյանի (Գրիգորյան) հետ: Նա ներկայացավ որպես խարխլված շենքի սեփականատիրոջ վստահված անձ: Շենքում բնակվելու եւ շենքից տեղափոխվելու խնդրի հետ կապված Հայկ Դերձյանն ասաց. «Շենքը գնելու ժամանակ որեւիցե պարտավորություն չի եղել  իրենց ապահովելու: Իրենց պես այդ շենքում եղել են նաեւ տեղաբնակներ, որոնք Սահմանադրության ոչ մի կետով որեւիցե իրավունք չեն ունեցել, սակայն ելնելով բարոյականությունից, որ իրենք փախստականներ են, իրենց առաջարկություն ենք արել, որպեսզի տեղափոխվեն աջից ձախ, որ մենք կարողանանք տարածքը վերանորոգել: Դրանից հետո թող էլի իրենք գան ու իրենց տեղում բնակվեն, մինչեւ,  2004 թվականի կառավարության որոշման համաձայն, պետությունն իրենց բնակարաններով կապահովի: Շենքի հողի համար բնակիչներից հարկեր չեն գանձվում, այլ դա վճարում է գնորդը, ինչպես նաեւ վարձավճարներ իրենցից չեն գանձվում, իսկ տանիք փոխելու ու նորոգումներ անելու դեպքում՝ նույնպես գնորդն է անում եւ իրենցից դրա համար գումար չենք պահանջում»:

Հայկը տեղեկացրեց նաեւ, որ բնակիչներին վտարելու հայտ իրենք չեն ներկայացրել, իսկ վտարելու դեպքում` բնակիչներին պետք է ապահովել համարժեք տարածքով: «Բնակիչներին նաեւ առաջարկվել է, որ գոնե կնքենք սենյակների անհատույց օգտագործման պայմանագիր, ենթադրենք` 5 տարով, որ գոնե իրենք իրավական հիմք ունենան, որ ասեն՝ այս շենքում մենք մնում ենք անհատույց օգտագործման վկայականով: Դա էլ չեն ուզում անեն: Նեղացած ապրում են», -«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Հայկ Դերձյանը:

Նա չհերքեց այն փաստը, որ շենքում մի քանի սենյակ արդեն իսկ վաճառվել է, սակայն ավելացրեց, որ դա սեփականատիրոջ իրավունքն է եւ  չի կարող խանգարել շենքի փախստական բնակիչներին: Զրուցակիցս առաջացած խնդիրը կարգավորելու համար առաջարկում է, որպեսզի բնակիչները զրուցեն շենքի տնօրինության հետ եւ գան փոխհամաձայնության, իսկ փոխհամաձայնությունը հետեւյալն է` բնակիչները պետք է իրենց սենյակներից տեղափոխվեն նույն շենքի հարակից սենյակներ, որպեսզի այն վերանորոգեն՝ տանիքից սկսած, որից հետո սենյակներն անհատույց օգտագործման պայմանագրով հանձնեն փախստականներին` սենյակի դիմաց գնահատելով համապատասխան ամսավարձ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031