Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմանվագախմբային ծառայության պետն ու դիրիժորն իրեն փորձում է նաեւ երգարվեստում

Հուլիս 16,2013 13:53

Փողային նվագախմբերը ի սկզբանե ձեւավորվել են ոչ թե երաժշտական, այլ պալատական միջավայրում: Այն պետությունները, որոնք կուռ զինվորական եւ իշխանական համակարգ են ունեցել, անխուսափելի է եղել նման նվագախմբերի առկայությունը: Խորհրդային տարիներին կոմպոզիտորները ստեղծագործում էին հատուկ այդ նվագախմբերի համար: Ինչպես «Առավոտին» փոխանցեց դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյանը, առհասարակ փողային նվագախմբերի երկացանկը չափազանց սակավ է: Նրա խոսքերով՝ «հայ եւ համաշխարհային երաժշտական գրականությունից արվում են փոխադրումներ՝ այդ բացը լրացնելու նպատակով»: Պրոֆեսորը համակարծիք եղավ մեր այն դիտարկմանը, որ փողային, այդ թվում՝ զինվորական նվագախմբերի ելույթներն ավելի հաճախ են, ասենք՝ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում, քան մեզանում:   Հայաստանում գործում են Երեւանի քաղաքապետարանի փողային եւ կրթության ու գիտության նախարարության «Արարատ» նվագախմբերը, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի նվագախմբերը, որոնց հանդիպում ենք հատկապես մասնագիտական տոներին: Ողջունելի է, որ փողային նվագախմբեր են գործում նաեւ հայաստանյան զորամասերից շատերում: Ուրախալի է նաեւ, որ դրանց առօրյան ավելի բովանդակալից դարձնելու  համար հաճախ զորամաս են հրավիրվում անվանի երաժիշտներ: Օրինակ, վերջերս «Զինուժի» թողարկումներից մեկում ակնդիրը դարձանք, թե ինչպես անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իր հետաքրքիր պատմություններով ու մասնագիտական խորհուրդներով է օգտակար լինում զորամասերից մեկի երաժիշտներին:

Ժամանակին այս թեմային անդրադարձել էր «Առավոտը»՝ նշելով փողային նվագախմբերի հանդեպ մեր կոմպոզիտորների ունեցած պասիվությունը: Սակայն վերջերս ներկայացրինք կոմպոզիտոր Յուրի Գալստյանին, ում ուշադրության  կենտրոնում են հայտնվել փողային գործիքները, ինչն էլ արտահայտվում է փողային- գործիքային անսամբլների (ոչ նվագախմբերի) համար նրա կողմից գրված մի շարք ստեղծագործություններով:

Մեր այս անդրադարձը փողային նվագախմբերին, մասնավորաբար՝ զինվորական, հուշեց օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած երգիչ Հարություն Պապիկյանի առաջին մենահամերգը, որին ողջունելու էին եկել հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ մեր ուշադրությունը գրավեց հանդիսատեսի շարքերում սպաների առատությունը:

Շուրջ երկուսուկես ժամ տեւած մենահամերգի ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի եւ երգչի հեղինակային ստեղծագործություններից:

Մեզ հետ զրույցում Հարությունն ասաց, որ ինքը դասեր է առնում ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանից, իսկ սպաների առատության «մասով» էլ նշեց, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռազմական դիրիժորության բաժնի՝ Յուրի Դավթյանի դասարանն ավարտելուց հետո, 5 տարվա պայմանագրով   նշանակված է Տավուշի սահմանային զորամասերից մեկում՝ որպես ռազմանվագախմբային ծառայության պետ ու դիրիժոր: Մեր զրուցակցի խոսքերով՝ ինքը դեռ փնտրտուքի մեջ է եւ ժամանակը ցույց կտա՝ կնվիրվի՞ զինվորական գործին, թե՞ կընտրի երգչի մասնագիտությունը:

Զորամասերից տրվող հաղորդումներում, կարելի է ասել, մշտապես հնչում են Թաթայի «Քայլ առ առաջ» եւ Արմեն Մարտիրոսյանի «Հայկական բանակ» երգերը կամ դրանց երաժշտությունը, այն դեպքում, երբ գիտենք, որ թե քաղաքապետարանը եւ թե պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում անցկացրել են քայլերգերի մրցույթներ: Լեյտենանտ դիրիժորն ասաց. «Կոնկրետ՝ զինվորական նվագախմբերի համար արվում են  դասական եւ այլ ստեղծագործությունների փոխադրումներ, ունենք հիանալի ստեղծագործություններ, որոնց հեղինակներն են Արմեն Պողոսյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ մյուսները: Ուզում եմ հավաստիացնել, որ զորամասերի նվագախմբերում առօրյան անցնում է հագեցած եւ, որ ամենակարեւորն է՝ ոչ ձանձրալի»:

Հետաքրքրությանը, թե իբրեւ երգիչ ի՞նչ ծրագրեր ունի, Հարությունը նախ նշեց, որ 2011թ. Իսպանիայի Լորեդ դե Մար քաղաքում մասնակցել է ավանդաբար անցկացվող երիտասարդների «Grand Fiesta» մրցույթին, ստանալով հատուկ մրցանակ, ինչը ոգեւորել է իրեն, ապա առանց մանրամասնելու հայտնեց, որ խորհրդակցելով Գայանե Հովհաննիսյանի հետ, պատրաստվում է առաջիկայում մասնակցել մեկ այլ մրցույթի եւս:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հարություն Պապիկյանը (կենտրոնում)՝ Գայանե Հովհաննիսյանի

եւ երգիչ Նարեկ Մակարյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031