Հուլիսի 5-ին ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական մրցույթի մարզային փուլը: Եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճած 144 ընտանիքները այժմ նախապատրաստվում են օգոստոսի 19-25-ը Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզահամալիրում կայանալիք գլխավոր մրցապայքարին:
«Առավոտը», արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանին խնդրեց ամփոփել նաեւ մարզային փուլի արդյունքները, որն սկսվել էր հունիսի 17-ին: Նրա խոսքերով, համայնքային փուլում հաջողության հասած 768 ընտանիքներ Երեւանում, Հայաստանի 10 մարզկենտրոններում եւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում պայքարը շարունակեցին եզրափակիչ փուլի մասնակցության իրավունքի համար եւ չորս տարիքային խմբերի առանձին մարզաձեւերում 1-3-րդ տեղերն զբաղեցրած 144 ընտանիքները օգոստոսի 19-25-ը պայքարելու են այս իսկապես արդեն սիրված եւ մեծ մասսայականություն ձեռք բերած մրցույթի հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար:
«Լավագույն մարզական ընտանիք 2013»-ը մի շարք ռեկորդներ արդեն գրանցել է: Նկատի ունեմ, թե մասնակցող ընտանիքների թվաքանակը` 2041, թե պարգեւատրման գումարները, թե մասնակից ընտանիքների ցույց տված արդյունքների աճը: Մեր նախորդ զրույցներում արդեն նշել եմ, որ մասնակցության հայտ ներկայացնող ընտանիքները մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ սկսում են կանոնավոր զբաղվել սպորտով, մարզվել, ինչը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր առաքելությունն է: Եվ այդ մարզումների արդյունքում աճում են նաեւ մարզական ցուցանիշները: Հարյուրավոր, եթե ոչ ավելի, ընտանիքներ կան, որ արդեն ութ-ինը տարի մասնակցում են մրցույթին: Ասել է թե` առողջ ապրելակերպն արդեն իսկ նրանց կյանքի պարտադիր բաղկացուցիչ է դարձել: Իսկ այն ընտանիքները, որոնք համեմատաբար ուշ են սկսել մասնակցել, ավելի փորձառուներին հաղթելու համար պետք է իրենց պատրաստվածության աստիճանով առնվազն չզիջեն նրանց: Եվ այն, որ ամեն տարի եզրափակիչ փուլ անցնողների մեջ մեծամասնություն կազմում են «նորեկները», սկսած համայնքային փուլից, ծավալվող լուրջ մրցակցության վկայություն է: Այնպես որ, առաջին հերթին հայկական ընտանիքների առողջության պահպանմանն ու ամրապնդմանը նպատակաուղղված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը աստիճանաբար ձեռք է բերում մարզական պայքարի տարրեր, ինչը չի կարող չուրախացնել», – ասում է Խաչիկ Ասրյանը:
Հարցին, թե հոբելյանական այս տարում կազմակերպիչներն անակնկալներ պատրաստե՞լ են, պատասխանը հետեւյալն էր. «Անակնկալներն սկսվել են դեռ համայնքային փուլից ու շարունակվել մարզային փուլում` պարգեւատրումների տեսքով: Անակնկալներ կլինեն նաեւ եզրափակիչ փուլում, որոնք թե մասնակիցները, թե հյուրերը կստանան անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից: Իսկ թե ի՞նչ անակնկալներ են դրանք, հետաքրքրվողները կարող են օգոստոսի 25-ին ներկա լինել Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչ փուլի մրցումներին եւ անձամբ տեսնել»:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ