Օրերս լույս է տեսել «Զորավարը» երկրորդ գիրքը:
Սա հեղինակի՝ Հակոբ Հակոբյանի երկրորդ գիրքն է, որով նա ներկայացնում է Արցախի հերոս, հայոց բանակի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մարտական ուղին եւ հետպատերազմյան գործունեությունը:
«Զորավարը» առաջին գիրքը ներկայացնում էր Մանվել Գրիգորյանի անցած մարտական ուղին` կամավորականից սկսած մինչեւ պաշտպանության փոխնախարար:
Առաջին գիրքը հարուստ էր Զորավարին ճանաչող հայ զորականների եւ մտավորականության գնահատական վերաբերմունքով:
Երկրորդ գիրքը հարստացել է նաեւ ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերից արված մեջբերումներով, ուր իրենք` ադրբեջանական վերլուծաբանները հիմնավորում են, թե ինչու իրենց իսկ սկսած պատերազմում իրենք պարտվեցին:
Գիրքը մանրամասնորեն ներկայացնում է Մանվել Գրիգորյանի հետպատերազմյան տարիների եւ առ այսօր նոր սերնդի հայեցի դաստիարակությանն ուղղված ծավալուն գործունեությունը:
Եվ առաջին, եւ երկրորդ գրքերում ընդգրկված են Զորավարի տարբեր տարիների մամուլում եղած հարցազրույցներն ու ճեպազրույցները:
2000 թվաքանակով հրատարակված գիրքը նվիրատվությամբ բաժանվելու է զորամասերին, դպրոցներին եւ ուսումնական բազմաբնույթ հաստատություններին:
«Զորավարը» երկրորդ գիրքը` Հակոբ Հակոբյանի թվով 5-րդ գիրքն է:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ